ԱՐՏՈՆՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունն արդեն մի քանի անգամ է, ինչ մի շարք արտոնություններ է տալիս ե՛ւ «Սեւանի իշխան», ե՛ւ «Սեւան Ակվա» ընկերություններին: Վերջերս էլ կառավարությունը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման հողատարածքներ տրամադրեց ընկերություններին: Բայց չնայած սրան` ընկերությունները իրենց խոստումները` աշխատատեղեր ստեղծելու եւ ներդրումներ անելու մասին, դեռեւս իրականություն չեն դարձրել:

Դեռեւս 2013 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, կառավարությունը ստեղծեց «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամը»: Իսկ ահա մեկ տարի անց` 2014 թվականին ստեղծվեց «Սեւանի իշխան» ընկերությունը: 2015 թվականի նոյեմբերին, երբ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, հիմնվեց «Սեւան ակվա» ընկերությունը: Եւ կառավարությունը սկսեց եւ մինչ օրս շարունակում է ընկերություններին տրամադրել հարկային արտոնություններ, ազատեց ներմուծվող սարքավորումների մաքսատուրքերից: Բացի այս՝ առանց մրցույթի մի քանի տարի ժամկետով կառուցապատման իրավունքով ընկերություններին հողատարածքներ է տրամադրել: Թե ինչու է կառավարությունը այսպես «լավ աչքով նայում» ընկերություններին, ամենեւեին էլ գաղտնիք չէ: Բանն այն է, որ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհուրդի նախագահը ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է, նախագահի տեղակալը` Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանը: Ահա թե ինչն է պատճառը, որ արդեն 3-րդ տարին է, որ ընկերությունը տարվա մեջ մի քանի անգամ կառավորության կողմից արտոնություններ է ստանում:
Հավելենք, որ հենց այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ 2014 թվականին ստեղծվեց «Սեւանի իշխան» ընկերությունը, իսկ 2015-ին` «Սեւան ակվա»-ն։ Ուշագրավն այն է, որ հիմնադրամի կողմից ստեղծված երկու ընկերություններն էլ ունեն նույն գործառույթները:
Օրինակ՝ այս տարվա հուլիսի 13-ին «Սեւանի իշխան»-ը հողամաս ստացավ Կարճաղբյուր գյուղում, պետական սեփականություն հանդիսացող «Սեւան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում։ Ընկերությունը առանց մրցույթի 3 տարի ժամկետով 21,8 հեկտար հողամասը ստացավ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման համար։ Իսկ մյուս ընկերությունը` «Սեւան ակվա»-ն, 25 տարի ժամկետով 1.9466 հեկտար հողամաս ստացավ Լճափ գյուղում։ Ընկերությանը հողամասը տրամադրվեց կրկին նույն նպատակով։ Ըստ հիմնադրամի` ե՛ւ «Սեւանի իշխան», ե՛ւ «Սեւան ակվա» ընկերությունների գործունեության արդյունքում 2019-ին կունենանք տարեկան մոտ 685 տոննա ձկնամթերք, հասույթը` մոտ 2,4 միլիարդ դրամ: Բացի այս՝ ընկերությունները խոստանում էին, որ ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ եւ համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Ի դեպ, ներդրումային ծրագրի շրջանակներում մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 1,75 մլրդ դրամի չափով: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում իբր պետք է ստեղծվեր մոտ 85 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ. 230 հազար դրամ, 2018թ.՝ 220 դրամ եւ 2019թ.՝ 220 հազար դրամ: Իսկ ահա Սեւանի իշխանի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում կատարել: Ծրագրի իրականացմամբ իբր պետք է ստեղծվեր մոտ 150 աշխատատեղ:
Սակայն ըկերության այս խոստումները, որոնցով սնել են հանրությանը, ամենեւին էլ իրականություն չեն դարձել: Նախ` աշխատատեղերի ստեղծման մասով տված խոստումը չի իրականացրել ընկերությունը: Օրինակ՝ Լճափի գյուղապետ Հայկ Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այդ ընկերությունն ունի ընդամենը 12-14 աշխատող:
«Արդեն ինչքան ժամանակ է՝ ընկերությունը կա, արտոնություններ է ստանում, հողատարածքներ է ստանում, բայց ունի ընդամենը 12-14 աշխատող, որոնք, ի դեպ հարակից համայնքներից չեն: Նեղ մասնագետներ են: Մեր գյուղում նման մասնագետներ էլ չունենք: Ընկերությունը գյուղապետարանին ոչնչով չի օգնում. ո՛չ հարկ է վճարում եւ ո՛չ էլ տուրք, ոչ մի բան: Ես այս մասին խոսել եմ անգամ տնօրենի հետ, ինքն էլ խոստացավ, որ հունվարից հետո շինարարություն կանեն ու աշխատողների կարիք կունենան: Բայց բոլորիս է հայտնի, որ շինարարությունը ժամանակավոր է: Այսինքն՝ եթե անգամ աշխատատեղ էլ լինի շինարարության մասով, ամեն դեպքում այն մի քանի ամիս կտեւի: Իսկ գյուղացիները տեւական աշխատանք են ուզում»,- ներկայացրեց Լճափի գյուղապետը:
Էլ չենք խոսում լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման վերաբերյալ ընկերության տված խոստումների մասին: Այս մասով եւս դրական տեղաշարժ չկա:
Բնապահպանների համոզմամբ՝ լուրջ խնդիր է ձկների հիվանդությունների եւ մակաբույծների ինկուբացումը եւ փոխանցումը տնտեսություններում աճեցված ձկներից` ձկների վայրի հանրույթին, ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական աղտոտում, ցանցավանդակային տնտեսություններից առաջացած քիմիական աղտոտում, գենետիկորեն տարբերվող ձկների փախուստ ցանցավանդակային տնտեսություններից եւ նրանց խաչասերում վայրի ձեւերի հետ եւ այլն: Ըստ բնապահպանների` սա բիզնես է, որը լուրջ վտանգ է հասցնում Սեւանա լճի էկոհամակարգին: Բայց դա որեւէ մեկին չի հետաքրքրում: Գլխավորը Սերժ Սարգսյանի խորհրդականի բիզնեսը զարգանում է: Մնացածը «մանրուք են»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԴԱՍԱԴՈՒԼ ԴՊՐՈՑՈՒՄ
Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում հայտարարվել էր անժամկետ դասադուլ, որը երեկ արդեն դադարեցվել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է դպրոցի ուսմասվար Անահիտ Աղունյանը: Նրա խոսքով՝ խնդրի լուծման նպատակով դպրոց են այցելել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, աշխատակազմի ղեկավարը, կրթության վարչության պետն ու Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը: «Այս պահին քննարկումներ են գնում դպրոցի մասնաշենքի վերանորոգման հետ կապված, որը մեր կարիքները մասնակիորեն կլուծի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 200 աշակերտի համար նախատեսված դպրոցում այժմ սովորում են 601 աշակերտ: Դպրոցի տնօրինությունը տարիներ շարունակ դիմել է պատկան մարմիններին` այն վերանորոգելու համար, սակայն մինչ օրս ոչ մի աշխատանք չի ձեռնարկվել այդ ուղղությամբ: Դպրոցը գործում է 1962 թվականից մինչ այսօր:

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱԺ-Ի ՄՈՏ
Երեկ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Ազգային ժողովի դիմաց: Նրանք պահանջել են, որ իրենց ընդունեն այն պատգամավորները, ում օգտին խորհրդարանական ընտրություններին քվեարկել են: Նրանց պահանջն է, որ իրենց կողմից բարձրացված հարցերը ուղղվեն նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին: «Մենք ուզում ենք, որ ԱԺ-ում պատգամավորների միջոցով հարց բարձրացվի «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար: Մենք ուզում ենք, որ չօտարեն «Նաիրիտ» գործարանի գույքը: Քննչական մարմիններում դիմում ենք գրել, բայց գործից տեղեկություն չկա, ուզում ենք նաեւ դրա պատասխանը իմանալ»,- ասել են աշխատակիցները:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Արայիկ Աղաբաբյանը, որը գործարանի աշխատակիցներին առաջարկել է առաջիկայում հանդիպել իրենց խմբակցության պատգամավորների հետ եւ քննարկել բոլոր հարցերը:

 

 

ՀՐԴԵՀ ԼՈՒՍԱԿՈՒՆՔՈՒՄ
Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի` «Չաիր» կոչվող տարածքում գոմաղբ է այրվել, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբ: Պարզվել է, որ Լուսակունք գյուղից դեպի Տորֆավանի դաշտեր ծխում է մոտ 8 հա տորֆի դաշտ (80 սմ խորությամբ): Սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել է Լուսակունք գյուղի բնակիչներից մեկի կողմից տրամադրված 1 միավոր տեխնիկա: Սահմանվել է հերթապահություն` մեկ մարտական հաշվարկ (3 փրկարար ծառայող):




Լրահոս