Ախալքալաքի շրջանում ստեղծված լարված իրավիճակից ելքը գտնվել է. ինչ է պատմում Վիրահայոց թեմի առաջնորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո մշտապես կապի մեջ է Վրաստանի իշխանությունների եւ վրացական ուղղափառ եկեղեցու հետ, որպեսզի օրեր առաջ միջադեպի պատճառ դարձած խնդիրը լուծում ստանա:

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 30-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում: Ամեն ինչ սկսվել էր այն բանից, որ գյուղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել գյուղի եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին:

Սակայն ոստիկանությունը արգելել էր խաչքարի տեղադրումը՝ շրջափակելով եկեղեցու տարածքը: Ավելի ուշ դեպքի վայր էին ժամանել նաեւ հատուկ ջոկատայիններ, որից հետո ստեղծված լարվածությունը վերածվել էր ծեծկռտուքի:

Այժմ իրավիճակը հանդարտ է, եւ խաչքարի տեղադրման հետագա ճակատագիրն արդեն որոշելու են հայկական եւ վրացական եկեղեցիները: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

-Սրբազա՛ն, հայտնի է, որ վրացական ուղղափառ եկեղեցու հետ բանակցություններ են ընթանում Գումբուրդո գյուղում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպից հետո: Կասեք՝ բանակցություններն ի՞նչ փուլում են, ի վերջո, հարցն ինչպե՞ս է կարգավորվելու:

-Քիչ առաջ (խմբ. երեկ) վերադարձա Վրաստանի պատրիարքարանից, որտեղ արդեն երկրորդ անգամ աշխատանքային հանդիպում ենք ունենում պատրիարքարանի բարձրաստիճան հոգեւորականների եւ կառավարության ներկայացուցիչների հետ: Բոլորիս նպատակն է գտնել ընդունելի լուծում մեր ժողովրդի բարձրացրած հարցի հետ կապված: Այս առումով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի մեջ մտնում են ե՛ւ հայ եկեղեցու, ե՛ւ վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ եւ պետական համապատասխան մարմինների ներկայացուցիչներ:

Այսօրվա հանդիպմանը ընդունվեց հայտարարություն, եւ դրանից բացի՝ մենք նախատեսում ենք առաջիկայում գնալ նաեւ Ախալքալաք, հանդիպել տեղի իշխանության եւ Գումբուրդոյի ժողովրդի հետ եւ գտնել ընդհանուր լուծումներ, որոնք կբավարարեն թե՛ ժողովրդին եւ թե՛, բնականաբար, կպահպանեն օրինականությունը Վրաստանում:

Շատ կարեւոր է, որ նկատելի է թե՛ վրաց պատրիարքարանի, թե՛ վրաց իշխանավորների անկեղծ անհանգստությունը եւ նաեւ ձգտումը հարցին լուծում տալու, որպեսզի հնարավորինս բոլորն էլ բավարարված մնան սույն հարցի հետ կապված: Սա շատ կարեւոր եմ համարում, որովհետեւ վրացական կողմը շատ ուշադիր եւ շատ զգույշ է մեր հայ-վրացական հարաբերությունների հետ կապված, եւ շատ կարեւորում են այդ հարցերը:

-Նշեցիք՝ այսօր հայտարարություն է ընդունվել: Ի՞նչ հայտարարության մասին է խոսքը:

-Հայտարարության մեջ նշվում է, որ այդ միջադեպը տեղի ունեցավ որոշ թյուրիմացությունների կամ թյուրըմբռնման պատճառով, եւ մենք կոչ ենք անում մեր ժողովրդին խաղաղության եւ ասում ենք, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գործելու է եւ հետագայում իր անելիքների մասին կտեղեկացնի ազգաբնակչությանը:

-Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե Վրաստանն առաջարկում է, որ խաչը լինի ե՛ւ հայկական, ե՛ւ վրացական: Հնարավո՞ր է՝ նման լուծում տրվի:

-Տարբեր խոսակցություններ եւ առաջարկություններ կան, բայց լուծումները կլինեն առաջիկայում: Մենք հարցերը բարձրացրել ենք, սպասում ենք պատրիարքարանի կողմից պատասխանի: Թե ինչպիսին կլինի՝ հայ-վրացական հուշարձան, հայկական կամ վրացական խաչքարեր, դրանք ապագայի որոշելիք հարցեր են:

Այս պահին դժվարանում եմ ասել՝ ինչպիսին կլինի, չեմ ցանկանում առաջ ընկնել, հարցերն այսօր բարձրացվել են, մենք սպասում ենք, որ պատրիարքարանում կքննարկվի, եւ մեզ պատասխան կտրվի, մենք էլ կտեղեկացնենք հանրությանը: Հստակ է, որ հարցը գնում է լուծման. մնացած մանրամասները պարզ կլինեն մոտ ապագայում:

-Հրապարակումներ եղան, թե նշված խնդիրը հին պատմություն ունի:

-2015 թվականից սկսվել են վերանորոգման աշխատանքները, եւ պետք է նշեմ, որ հանդիպման ընթացքում վրաց պատրիարքարանի բարձրաստիճան հոգեւորականները նույնպես դժգոհությունը հայտնեցին Վրաստանի հուշարձանների պաշտպանության եւ վերանորոգման գործակալության նկատմամբ, որ ոչ միայն այս դեպքում, այլ նաեւ ուրիշ տեղեր նման անփույթ գործողություններ են կատարել՝ ոսկորների, մնացորդների նկատմամբ նման անփույթ վերաբերմունք ունենալով: Չենք կարող ասել, որ սա բացառությամբ հայերի նկատմամբ էր: Այդպիսի անփույթ վերաբերմունք նախկինում էլ եղել է:

-Իսկ, ի վերջո, սեպտեմբերի 30-ին գյուղում տեղի ունեցած միջադեպն ինչի՞ հետեւանք եք համարում:

-Ես կասեի՝ ժողովրդի որոշ հատվածի միամտության եւ ինչ-որ մարդկանց սադրանքներին լսելու հետեւանք էր: Մենք ակտիվիստների հետ սեպտեմբերի 16-ին հանդիպում ենք ունեցել Դադեշ գյուղում եւ խնդրել ենք համբերություն, որ այս հարցերը մեկ օրվա չեն, մենք խոսում ենք, բանակցում ենք, բայց հանկարծակի ինչ-որ մարդիկ շփոթության մատնելով ժողովրդին՝ տարան այդպես վիճակի:

Կարող եմ բացեիբաց ասել, որ մեր կողմից ընդունելի չեն նման մոտեցումները: Ընդունելի չէ նաեւ այդպես անհամաչափ ուժ կիրառելն ուժային կառույցների կողմից:

-Ի՞նչ մարդկանց մասին է խոսքը:

-Ես չեմ կարող ասել այդ մարդկանց անունները, ես չգիտեմ կոնկրետ, բայց գործողությունները նման են սադրանքի: Ժողովրդին իրավունք չունեին տանելու այդպիսի ընթացքի, չի կարելի:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս