Տավուշում վանքերը կիսաքանդ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 20 տարում մասնավոր անձինք Տավուշի մարզում բազում եկեղեցիներ, մատուռներ են կառուցել: Իսկ հնամենի Կիրանցի, Սուրբ Աստվածածնի, Սամսոնի, Դեղձնուտի, Առաքելոց վանքերը եւ բազում հինավուրց եկեղեցիներ անմխիթար վիճակում են: Տավուշի մարզում գտնվող նշանավոր վանքերի՝ Գոշավանքի եւ Նոր Վարագավանքի նորոգումը կիսատ է: Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 26-ին այցելեց Գոշավանք եւ այնտեղ մոմ վառեց: Նրան ներկայացվեց 12-13-րդ դարերի նշանավոր կառույցի նորոգման խնդիրը: 2013թ. հոկտեմբերի 24-ին սկսվեց Գոշավանք համալիրի մաս կազմող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու նորոգումը:

Գոշի վարչական ղեկավար Գեւորգ Ամիրխանյանն ասաց, որ 2016թ. գարնանը վերսկսվել են վանական համալիրի նորոգման աշխատանքները, որոնք տեւել են մինչեւ ուշ աշուն: «Սուրբ Աստվածածին» եկեղեցու գմբեթից զատ՝ փոխվել են այդ եկեղեցու գմբեթից ներքեւ գտնվող 2 ծածկերը: Նա հայտնեց, որ 2017թ. ամռանը, երեւի օգոստոս ամսից, Մխիթար Գոշի մատուռի շրջակայքը սալիկապատվում, բարեկարգվում է, վանական համալիրի տարածքում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, այդտեղ քարեր են բերվել: Գ. Ամիրխանյանի խոսքերով՝ վանական համալիրի նորոգումը նուրբ գործ է, որը ժամանակ է պահանջում:

Հավելեմ, որ արդեն 4 տարի ընթանում է Գոշավանքի նորոգումը, սակայն գործի մեծ մասը մնում է: Հիշեցնենք, որ 2013թ. «Գոշավանք» պատմարգելանոցային թանգարանի շուրջ 300 ցուցանմուշները հանվեցին թանգարանի փայտաշեն շենքից եւ տեղափոխվեցին Դիլիջան քաղաք: Դրանք գցված են մասնավոր մի կառույցի նկուղում, իսկ Գոշում թանգարանի նոր շենքի խոստացված շինարարությունն այդպես էլ չի սկսվել:

Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղի վարչական տարածքում գտնվող Նոր Վարագավանքը հայտնի հոգեւոր օջախ է: Մոնղոլների կողմից Վարագավանքն ավերելուց հետո Վարագավանքի հոգեւոր առաջնորդ Ղուկասը 1213թ. այստեղ է տեղափոխել Վարագավանքի մասունքները, այդ թվում Սուրբ Խաչափայտի կտորը, որը բերել էին Հռիփսիմյան կույսերը: Ամեն տարի սեպտեմբերի վերջին Նոր Վարագավանքում Վարագա Սուրբ Խաչի տոնն է, Սուրբ Էջմիածնից այստեղ է տեղափոխվում Քրիստոսի Խաչափայտի մասունքը հավատացյալների երկրպագության համար, մատուցվում է տոնական պատարագ:

Վանական համալիրը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության ընկերության հաշվեկշռում: 2012թ. ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Նոր Վարագավանքում, քննարկել դրա վերանորոգման հարցը: 2012թ. սկսվեց վանական համալիրի նորոգումը:

Այն կատարվեց «Իդեալ համակարգ»-ի սեփականատեր Նորայր Խաչատրյանի եւ Ռաֆիկ Մանուչարյանի միջոցներով: 2014թ. աշնանը նորոգման աշխատանքները դադարեցվել են, վերանորոգվել է վանական համալիրի շուրջ 70 տոկոսը: Վարագավան համայնքի ղեկավար Արմեն Աբրահամյանը հայտնեց, որ համայնքապետ ընտրվելու օրից՝ 2015թ. հունիսի 7-ից հետո ինքը վանական համալիրում վերանորոգման աշխատանքներ չի տեսել: Վանական համալիրի մնացած հատվածը ե՞րբ, ո՞ւմ միջոցներով կնորոգվի, գյուղապետը չգիտի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս