ԽՂՃՈՒԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԲՅՈՒՋԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. պետական բյուջեի նախագիծը խիստ հիասթափեցնող էր. հակառակ իշխանությունների շռնդալից խոստումներին՝ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում խղճուկ ցուցանիշներ են նախանշված: Ավելին՝ այս տարի եւս չեն բարձրանա ո՛չ աշխատավարձերը, ո՛չ կենսաթոշակները:

Բյուջեի նախագծով կառավարությունը խոստացել է հաջորդ տարի ապահովել 4,5 տոկոս տնտեսական աճ: Մինչդեռ Սերժ Սարգսյանն իր ԱԺ ուղերձում հայտարարել էր առաջիկա տարիներին տարեկան միջինը 5 տոկոս ՀՆԱ-ի աճ ապահովելու մասին: Թե ինչու է խմբագրվել Ս. Սարգսյանի նախանշած ցուցանիշը, դժվար չէ կռահել. կառավարությունում հասկանում են, որ Հայաստանի տնտեսությունը պարզապես ի վիճակի չէ ապահովելու ավելի բարձր աճ, ուստի գերադասել են զգուշավորություն ցուցաբերել:
Բայց շատ ավելի հետաքրքրական են 2018թ. պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը. դրանք զիջում են այս տարվա բյուջեի ցուցանիշներին:
Կառավարության ներկայացրած նախագծի համաձայն՝ 2018թ. բյուջեի եկամուտները կազմելու են 1 տրլն 307,3 մլրդ, ծախսերը՝ 1 տրլն 464,2 մլրդ դրամ: Եթե այս թվերը համեմատենք 2017թ. պետական բյուջեով հաստատված ցուցանիշների հետ, ըստ որի՝ եկամուտները կազմելու էին 1 տրլն 210 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 360 մլրդ դրամ, ապա որոշակի աճ կա: Բայց 2016թ. տարեվերջին կառավարությունը որոշեց վերանայել բյուջեով խոստացված ցուցանիշները՝ կտրուկ բարձրացնելով նշաձողը: Հիշում եք, թե նորանշանակ կառավարությունն ինչ էյֆորիայի մեջ էր, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանն այնքան էր հավատում «դմփոց-ռեֆորմներին», որ «հուպ տալով» առաջ կգնա, 2017թ. բյուջեում ավելացրեց ե՛ւ եկամուտները, ե՛ւ ծախսերը: 2016թ. դեկտեմբերի 29-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշումը, եւ ըստ տարեկան ճշտված պլանի՝ 2017թ. բյուջեի եկամուտները հաստատվեցին 1 տրլն 321,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 475,4 մլրդ դրամ: Հիմա երբ 2018թ. բյուջեի ցուցանիշները համեմատում ենք այս տարվա բյուջեի ճշգրտված ցուցանիշների հետ, անհարմար պատկեր է ստացվում. եկամուտները 14,1 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ 115,4 մլրդ դրամով պակաս են նախատեսված:
Ինչ վերաբերում է հաջորդ տարվա բյուջեով նախատեսված ծախսերին, ապա պատկերը, մեղմ ասած, ողբերգական է: 2018թ. եւս չեն բարձրանա ո՛չ կենսաթոշակները, ո՛չ նպաստները, ո՛չ աշխատավարձերը: Ընդհակառակը, կառավարությունը կրճատելու է սոցիալական ոլորտի ծախսերը. եթե այս տարի սոցիալական ոլորտի համար նախատեսել էին հատկացնել 409 մլրդ դրամ, ապա հաջորդ տարի ցանկանում են հատկացնել 408,6 մլրդ: Կրճատվելու են նաեւ առողջապահության ոլորտին հատկացվող գումարները. այս տարի առողջապահական նպատակներով հատկացվելու է 85,9 մլրդ դոլար, մինչդեռ հաջորդ տարվա բյուջեում այս ոլորտին 80 մլրդ դրամ է նախատեսված: Պակասեցվելու են նաեւ կրթության բնագավառի բյուջետային հատկացումները. այս տարվա 127,4 մլրդ դրամի փոխարեն 2018թ. նախատեսված է հատկացնել 126,7 մլրդ: Եւ սա այն դեպքում, եբր այս կառավարությունը խոստանում էր կյանքի որակը փոխել, խոստանում էր անել այնպես, որ ՀՀ քաղաքացին բավարարված լինի իր սոցիալական ու կենցաղային վիճակով:
Եւ վերջապես, մինչեւ 2018թ. տարեվերջ իշխանությունները նախատեսել են ՀՀ պետական պարտքը հասցնել 7 մլրդ դոլարի. երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պնդում էր, թե սա անխուսափելի է, քանի որ կա երկիր, որ դեֆիցիտ ունենա եւ պարտքի շուկա չմտնի: Ավելին՝ նա հավաստիացնում էր, թե Հայաստանին պարտքի ավելացման արդյունքում դեֆոլտ չի սպառնում: Միայն թե, նկատենք, որ հաջորդ տարի պետական պարտքի սպասարկմանն ուղղվելու է ՀՀ պետական բյուջեի 9.6 տոկոսը՝ 163,2 մլրդ դրամ: Իսկ առաջիկա տարիներին գնալով ավելանալու են պետական պարտքը մարելու համար բյուջետային հատկացումները. 2019թ. այդ նպատակով հատկացվելու է 166,6 մլրդ դրամ, 2020թ.՝ 173,7 մլրդ դրամ:
Այնպես որ, հակառակ իշխանությունների խոստումներին՝ հաջորդ տարի եւս ՀՀ բնակիչների կյանքում էական փոփոխություն հազիվ թե տեղի ունենա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԿՈՄԻՏԵԻ ՊԱՀԱՆՋԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Իրավապահ համակարգում միջգերատեսչական կռիվ է հասունանում: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մ. Հերացի փ. թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի` «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան, ընդհարվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով Արմեն Արշակյանը տեղում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ: Դեպքից հետո քաղաքացիները դեպքի վայրից սկսել են տանել մեքենայից թափված մակարոնի պարկերը, իսկ դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցները որեւէ գործողություն չեն ձեռնարկել՝ նրանց գործողությունները կանխելու, դեպքի վայրի պահպանությունը պատշաճ ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեն միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նկարագրված դեպքով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառները պարզելու եւ թույլ տված խախտումների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

 

ՀԱՆՔԱԳՈՐԾԸ` ՔԱՂԱՔԱՊԵՏ
Ինչպես հայտնի է` նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: ՏԻՄ ընտրություն անցկացվելու է նաեւ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Արդեն լուրեր են շրջանառվում, որ առաջադրվող թեկնածուների շարքում է լինելու նաեւ Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրեն Վալերի Մեջլումյանի՝ 37-ամյա զարմուհի Լուսինե Մեջլումյանը: Նշենք, որ նա «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրենն է: Ի դեպ, վերջինս Լոռիում ՀՀԿ վարկանիշային թեկնածու է եղել եւ հավաքելով 4 հազար 722 ձայն՝ պատգամավոր չի ընտրվել: Իսկ ինչպես հայտնի է` Վալերի Մեջլումյանը Սերժ Սարգսյանի մտերիմն է: Փաստորեն ստացվում է, որ հանքագործ զարմուհուն հիմա էլ ավագ Մեջլումյանը փորձում է քաղաքապետ դարձնել:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՑ՝ ՂԵԿԱՎԱՐ
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Արցախի ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Իվան Ավանեսյանը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Համաձայն Արցախի «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունները դադարեցվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա՝ մանդատից հրաժարվելու մասին որոշումը կապված է նոր պաշտոնի անցնելու հետ: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Իվան Ավանեսյանը նշանակվելու է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար: Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն ձեւավորել է նոր կառավարություն, որի կազմում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Սակայն ինչպես երեւում է՝ փոփոխությունները չեն շրջանցում նաեւ Արցախի շրջաններին:

 

 

 

ՏՈՒՆ ՉՈՒՆԻ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ ղեկավարությանը, որպեսզի ԱԺ-ն փոխհատուցի Երեւանում վարձակալած իր բնակարանի գումարը: Այս մասին Վ. Ղուկասյանը հայտնել է, որ օրենքը դա թույլ է տալիս: «Ես ուզում եմ օգտվել օրենքի՝ ինձ ընձեռած հնարավորություններից»: Դիտարկմանը, թե ամեն օր Գյումրիից Երեւան գնալ-գալը բա՞րդ է, Ղուկասյանը պատասխանել է. «Դա ո՞ւմ գործն է, ինչո՞ւ եք իմ անձնականից հարցնում: Եթե ասեմ, որ դժվար է, ո՞վ է օգնելու, դու կարո՞ղ ես մի բանով օգնել»: Իսկ այն հարցին, թե մայրաքաղաքում տուն չունե՞ք, պատգամավորն արձագանքել է. «Չէ՛, ցավոք սրտի: Ես օլիգարխ չեմ»: Ի դեպ, օրենքը թույլ է տալիս, որ ԱԺ բյուջեից փոխհատուցեն պատգամավորի վարձակալած բնակարանի համար. գումարը չպետք է գերազանցի 100.000 դրամը:

 

 

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Երեկ՝ կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու, դրամական վճարները անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերը պարզեցնելու վերաբերյալ: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ կենսաթոշակների եւ նպաստների անկանխիկ վճարման գործընթացում: Սա պայմանավորված է բանկերի եւ համապատասխան պետական մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով եւ վարչարարության ձեւական պահանջներով»,-նշել է վարչապետը: Նա հանձնարարեց պարզեցնել վարչարարությունը եւ գործնականում ապահովել դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարումը:

 

 

ԿԱՐԵՎՈՐ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին Բաքվում հայտարարել է, թե «շատ կարեւոր է Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի ազատագրումը», եւ «այդ տարածքները վաղ թե ուշ կազատագրվեն հայկական օկուպացիայից»: Ադրբեջանի ուժը Թուրքիայի ուժն է, Թուրքիայի ուժը Ադրբեջանի ուժն է, Թուրքիան եւ Ադրբեջանը դժվարին պահերին օտար երկրներից զենք գնելու հարցում բարդություններ են ունեցել, դրա համար մենք պարտավոր ենք մեկտեղել մեր ուժերը պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,-ասել է Ջանըքլին: «Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը Թուրքիայի համար հրաման է»,-ասել է թուրք նախարարը:

 




Լրահոս