ԱՆՊԱՇՏՊԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այդպես էլ չարձագանքեց մամուլի նկատմամբ իշխանությունների սանձազերծած թաքուն պատերազմին. հիշում եք՝ կառավարությունը գաղտագողի ճանապարհով խորհրդարան էր ներկայացրել եւ ընդունել տվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ բարդացրել են լրատվամիջոցների աշխատանքը: Կառավարությունը փորձում է մամուլին հարվածել նաեւ օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ՝ ստիպելով պաշտոնական ծանուցումները հրապարակել ոչ թե լրատվամիջոցներում, այլ բացառապես azdarar.am կայքում, արգելվել է գերատեսչություններին թերթեր բաժանորդագրվել՝ այդպես զրկելով թերթերին ֆինանսական մուտքերից: Եւ, վերջապես, կառավարությունը մտադրվել էր շրջանառության մեջ դնել տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում խայտառակ վատթար պայմաններ էր ստեղծում լրատվամիջոցների համար, սահմանափակելով ինֆորմացիա ստանալու իրավունքը. այս վերջին դեպքը հնարավոր եղավ կանխել ամենասկզբում, երբ հրապարակվեց նախագծի սեւագիր տարբերակը, եւ կառավարությունը շտապեց հայտարարել, թե այդ փաստաթուղթն անհայտ ծագման է: Եւ ահա, չնայած իրադարձությունների այս շղթային, ՄԻՊ-ը քար լռություն է պահպանում, կարծես այդ ամենն իր իրավասությունների շրջանակներում չէ, եւ, ընդհանրապես, Արման Թաթոյանը վերջերս անցել է ընդհատակ: Հետաքրքիր է՝ նա ասելիք չունի՞ ոտնահարման այս դեպքերի վերաբերյալ, թե իրապես հարմարվել է ՀՀԿ իրավունքների պաշտպան տիտղոսին:
Հ. Գ. Արման Թաթոյանը ոչինչ չարեց նաեւ մեկ տարի առաջ ՊՊԾ գնդի գրավումից հետո եղած զանգվածային ակցիաների ժամանակ տուժած լրագրողների ու կոտրված տեխնիկաների մասով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը, որին պատկանում է Հայաստանի էներգետիկ ողջ ցանցը՝ ՀԷՑ-երն ու ԲԷՑ-երը, պատրաստվում է գնել նաեւ «Յուքոմ»-ի որոշ բաժնեմասեր: Եւ ահա, երեկ տեղեկացանք, որ «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի օտարման հարցն ընգրկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի օրակարգում: Ըստ այդմ, «Տաշիր» ընկերության մաս կազմող «Ֆորա բանկ»-ը պատրաստվում է գնել «Յուքոմի» բաժնետոմսերի 11.2 տոկոսը: Ի դեպ, «Տաշիրին» իրենց բաժնեմասերից վաճառել են ընկերության սեփականատերերից Արամ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները: Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներն են, Արամ Խաչատրյանը՝ եղբորորդին:

 

 

 

Երեւանի կենտրոնում՝ Վերնիսաժի հարակից տարածքում, սեպտեմբերի 14-ին հնչած կրակոցներից հետո ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է սահմանել տուժողներից Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի եւ նրա մտերիմների նկատմամբ: Հիշեցնենք, որ այդ կրակոցների արդյունքում սպանվել էր Գագիկ Մոսինյանը, իսկ Վահագն Աբգարյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Հնչած կրակոցները Ալավերդի քաղաքում գործող երկու հանցավոր խմբավորման միջեւ տարիներ շարունակ լարվածության դրսեւորում էր. մի կողմում Վ. Աբգարյանն է, մյուս կողմում՝ նրա հեռավոր ազգական Տարոն Աբգարյանը, որի թիմի անդամներին՝ Ալբերտ Բլբուլյանին եւ Արմեն Կարադավիդովին, մեղադրանք է առաջադրվել կրակոցների համար. այժմ նրանք գտնվում են հետախուզման մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վ. Աբգարյանը Երեւան է եկել միջադեպից մեկ օր առաջ, հանդիպումներ ունեցել, իսկ հաջորդ օրն էլ տեղի են ունեցել կրակոցները. եւ նա չի բացառել, որ տեղի ունեցածն այդ հանդիպման հետեւանք է:

 

 

 

 

Ինչպես հայտնի է՝ հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված չէ ո՛չ թոշակների, ո՛չ նպաստների, ո՛չ աշխատավարձերի բարձրացում: Փոխարենը կառավարությունը կանխատեսել է 4 տոկոս գնաճ, ինչը նշանակում է՝ 2018թ. շատ ավելի վատ ենք ապրելու: Տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ 4 տոկոսանոց գնաճը պայմանավորված կլինի ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներով: «Մենք գիտեինք, որ որոշ ապրանքների վրա ակցիզային հարկը կաճի, տուրքերը պետք է ավելանան, դրա համար չպետք է ժամանակ կորցնենք: Ամենակարեւորն այն է, որ մենք պետք է այնքան արագ աշխատենք, որ տնտեսական աճը բոլոր խնդիրները կոմպեսացնի, գերազանցի»,- ասել է նա՝ մյուս կողմից ռեալ համարելով կառավարության՝ հաջորդ տարվա բյուջեով խոստացած 4,5 տոկոս տնտեսական աճը:

 

ՇՌԱՅԼ ՏՈՆԵՐ
Հաջորդ տարի կլրանա Երեւանի հիմնադրման 2800-ամյակը: Իշխանությունները որոշել են մայրաքաղաքի հիմնադրման օրը որքան հնարավոր է՝ ճոխ տոնեն. Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որն էլ այս մեկ տարվա մեջ զբաղվելու է միջոցառումների նախապատրաստմամբ ու կազմակերպմամբ: Իսկ թե որքան գումար է ծախսվելու, պարզ կդառնա հաջորդ տարի: Բայց ի սկզբանե դժվար չէ կռահել, որ ե՛ւ պետական, ե՛ւ համայնքային բյուջեից միջոցներ չեն խնայի այդ նպատակով: Մանավանդ, որ մայրաքաղաքի օրը որոշել են բավական ճոխ տոնել նաեւ այս տարի. արդեն հայտարարվել է, որ համայնքային բյուջեից այդ նպատակով ծախսվելու է 80 մլն դրամ կամ մոտ 165 հազար դոլար: Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն երրորդ քաղաքացին պաշտոնապես համարվում է աղքատ, որտեղ իշխանությունները բանակի կարիքները հոգալու համար ստիպված են յուրաքանչյուրի աշխատավարձից 1000-ական դրամ վերցնել, մեկ օրվա միջոցառումների համար 80 մլն դրամ ծախսելը, համաձայնեք, ահավոր մեծ շռայլություն է: էլ չենք խոսում այն մասին, որ նույն Երեւանն ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ, որ Երեւանը միայն քաղաքի կենտրոնը չէ, այլ նաեւ արվարձաններ են, իսկ քաղաքի ծայրամասերը խնամքի լուրջ կարիք ունեն: Այնպես որ, այս գումարի մի մասը կարելի էր ծախսել հենց այդ նպատակով: Բայց քաղաքային իշխանություններն այդպես չեն մտածում, եւ, ընդհանրապես, նման բաների վրա նրանք ուշադրություն չեն դարձնում. նրանց ավելի շատ հետաքրքրում են տեսարանները, զվարճանքը, եւ հետո՝ նման միջոցառումները միշտ էլ «ատկատի» ու այդպես գումար վաստակելու լավագույն հնարավորությունն են, եւ ուրեմն ինչո՞ւ հրաժարվել դրանցից:
Մեկ փաստ էլ. «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Երեւանի փոխքաղաքապետերից Արամ Սուքիասյանն ասել է, թե նախորդ տարի մայրաքաղաքի տոնի համար նախատեսված է եղել ծախսել 130 մլն դրամ, սակայն ծախսվել է դրա կեսը. պատճառը ապրիլյան քառօրյա պատերազմն էր, եւ քաղաքապետարանը որոշել է գումարի մի մասն ուղղել ապրիլյան պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած զինվորների ու ազատամարտիկների ընտանիքներին, որպես սոցիալական աջակցություն։ Այսինքն՝ նախորդ տարիներին հնարավոր է եղել ավելի համեստ միջոցառումներ կազմակերպել, ավելի քիչ գումարներ ծախսել, բայց իշխանությունները չեն արել, ընդհակառակը՝ տարեցտարի միայն ավելացրել են տոնական միջոցառումների համար նշված գումարները: Չեն արել, որովհետեւ իրենց համար պետությունը դիտարկում են որպես սոսկ հարստություն դիզելու եւ սեփական հաճույքներին հագուրդ տալու հնարավորություն:

 




Լրահոս