ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԻՐ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում հնչած կրակոցներից տուժող ճանաչված Վահագն Աբգարյանը տարբեր կասկածներ ունի, թե ով կարող էր լինել այն անձը, որ ցանկանար իրեն սպանել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա իր մտերիմների շրջապատում կարծիք է հայտնել, որ իրեն կրակող անձանց հետ նա հաշիվներ չէր կարող ունենալ, ու իրեն կրակողները ունեն պատվիրատու:

Կրակոցներից 16 օր անց
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում սպանվել էր Լոռու մարզի բնակիչ Գագիկ Մոսինյանը, իսկ ահա Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Հայտնի դարձավ, որ հնչած կրակոցները Ալավերդի քաղաքում գործող երկու հանցավոր խմբավորման միջեւ տարիներ շարունակ առկա կռվի հետեւանքն են:
Բանն այն է, որ Ալավերդիում գործում է թշնամի երկու հանցավոր խմբավորում, մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու միաժամանակ թշնամի Վահագն Աբգարյանը: 2015-ի սեպտեմբերին՝ Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին: Հաղթեց մարզպետի թեկնածուն, որից հետո «ռազբորկաներից» մեկի ժամանակ Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը Վահագնի խմբի երկու տղաներին՝ Էդվարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանին, սպանեց: Վահագնի խմբի անդամ Վալերի Դավթյանն էլ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին: Եւ ահա վերոնշյալ օրը կրակեցին Վահագնի ուղղությամբ, բայց սպանվեց թիկնապահը:
Դեպքից հետո հետախուզում հայտարարվեց երեք անձի նկատմամբ՝ Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի, Ռաֆիկ Խաչատրյանի: Իրավապահները օրերս ձերբակալեցին Ռաֆիկ Խաչատրյանին, որը հայտնել էր, թե ինքը Վահագն Աբգարյանի հետ խնդիր չի ունեցել, այլ Բլբուլյանն ու Կարադավիդովն են նրա նկատմամբ թշմամանք ունեցել իրենց մտերիմների սպանության համար, իսկ ինքը ընդամենը դեպքի օրը եղել է տղաների հետ՝ որպես վարորդ:
Կրակոցներից անցել է 16 օր, իրավապահները դեռեւս փնտրում են մյուս երկու հետախուզվողներին` Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին: Իսկ այդ ընթացքում իրավապահները հարցաքննել են Վահագն Աբգարյանին, որը ճանաչվել է գործով տուժող:

Ինչ է պատմել
քրեական հեղինակությունը
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ է հայտնի դարձել, թե ինչ է իր մտերիմներին պատմել Վահագն Աբգարյանը կատարվածի մասին: Նա ասել է, որ սեպտեմբերի 13-ին Երեւան է եկել՝ շատ կարեւոր մի աձի հետ հանդիպելու: Ըստ նրա՝ հանդիպումը տեղի է ունեցել, որի ժամանակ իրեն մի առաջարկ են արել, ինչը ինքը մերժել է: Վերջինիս մտերիմները հետաքրքրվել են, թե ում հետ է հանդիպել, եւ ինչ առաջարկի մասին է խոսքը եղել, Վահագն Աբգարյանը ոչինչ չի ասել, միայն նշել է, որ այդ հանդիպումից հետո վստահ էր, որ իրեն վատ բան է սպասվելու: Վահագն Աբգարյանի մտերիմների խոսքով՝ նա հանդիպումից հետո գնացել է իր սիրելի Թուֆենկյան հյուրանոց, նրա հետ եղել են իր սանիկ Գագիկ Մոսինյանը եւ մի քանի տղաներ: Այդ օրը ամեն ինչ անցել է խաղաղ, առանց որեւէ արտառոց դեպքի:

Ինչպես եղան
Վերնիսաժի կրակոցները
Վահագն Աբգարյանը պատմել է, որ առավոտյան հերթական անգամ հանդիպում պետք է ունենար այլ մարդկանց հետ, իսկ հանդիպման նպատակը կապված էր Ալավերդիում նոր բիզնես հիմնելու հետ: Առավոտյան տղաներին ասել է, որ իջնեն, ուսումնասիրեն տարածքը, տեսնեն՝ ամեն ինչ կարգի՞ն է, մաքո՞ւր է: Թիկնապահները իջել են, ստուգել են տարածքը եւ նրան հայտնել, որ ամեն ինչ «մաքուր» է: Բայց երբ հյուրանոցի դռնից մեկ քայլ դուրս է եկել, հնչել են կրակոցները:
Վերջինիս մտերիմները մեզ փոխանցեցին, թե Վահագնը պատմել է, որ սկզբում չի հասկացել, թե ինչ է կատարվում. «Չի պատկերացրել, մտածել է՝ թշնամին հարձակվեց, հետո զգացել է մարմնում տաքություն ու ընկել է, սկսել է սողալով գնալ, մի «Հոնդա» մեքենայի հետեւը թաքնվել»: Ըստ նրա մտերիմների՝ դեպքից երեք ժամ հետո ուշքի է եկել եւ իմացել, որ իր սանիկ Գագիկ Մոսինյանը մահացել է:

Ուր են տանում կասկածները
Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը մտերիմների շրջանում խոսել է նաեւ իր կասկածների մասին, թե ով կարող էր ցանկանալ սպանել իրեն եւ դեռ ավելին՝ ով կարող էր իր դեմ սպանություն իրականացնող անձանց ասել, թե որտեղ է նա գտնվում եւ ուր է պատրաստվում գնալ: Բայց այս հարցի պատասխանը նա դեռեւս չի կարողանում հստակ գտնել: Նա իր հարազատների շրջանում կասկածներ է հայտնել, որ միգուցե կիլլերները հյուրանոցից են իմացել, որ ինքը պատրաստվում է դուրս գալ, կամ այլ անձ է նրանց դա հայտնել: Ինչեւէ, նա կարծիք է հայտնել, որ իրեն կրակող անձանց հետ նա հաշիվներ չէր կարող ունենալ, ու իրեն կրակողները ունեն պատվիրատու, որը, չի բացառվում, կարող է լինել քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, ում հետ թշնամիներ են:
Սակայն նրա կասկածները այսքանով չեն ավարտվում, քանի որ նա չի բացառում, որ միգուցե իրեն սպանելու հրահանգը եկած լինի նաեւ Ռուսաստանից: Բանն այն է, որ նա երկար տարիներ ապրել է այնտեղ, բիզնես է հիմնել եւ այնտեղ էլ շատ թշնամիներ է ունեցել:

Ուժեղացված հսկողություն
Ինչեւէ, հաշվի առնելով, որ կրակոցների գործով դեռեւս երկու անձ հետախուզման մեջ է, եւ դեռ ավելին՝ Վահագն Աբգարյանը, ինչպես նաեւ իրավապահ համակարգը չեն բացառում, որ նրան սպանելու վտանգը դեռ կա, ուստի այս օրերին, ինչպես իրավապահ համակարգը, այնպես էլ նրա մտերիմ շրջապատը խիստ հսկողություն են իրականացնում նրա եւ նրա մտերիմների շրջանում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՄՏԵՐԻՄԻ ԳՈՐԾՈՎ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը, Արմեն Դանիելյանը եւ Ռուզաննա Բարսեղյանը որոշել են՝ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի թիմակիցը պետք է կալանավորվի եւ հետագա պատիժը կրի ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկում:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծեծկռտուք էր եղել համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան-Րաֆֆ-Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո հիվանդանոց էր տեղափոխվել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը: Այդ դեպքն ունեցավ իր շարունակությունը. արդեն մարտի 14-ին արձանագրվեց նոր միջադեպ, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանն այլ անձանց հետ ծեծի ենթարկեց Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահաս Արայիկ Մելքոնյանին՝ արձակելով նաեւ կրակոցներ, որոնց արդյունքում Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվեց թեթեւ վնաս, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահասին՝ միջին ծանրության վնաս:
Իհարկե, փոխոստիկանապետ Երանոսյանը փորձել էր ջրից չոր դուրս բերել ՀՀԿ-ականին. արդյունքում՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սարգսյանի համար պատիժ էր սահմանել մեկ տարի ազատազրկումը, սակայն որոշել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան եւ դատարանի դահլիճից նրան ազատ էին արձակել: Սակայն այս որոշումը բողոքարկվեց դատախազ Տիգրան Ենոքյանի կողմից: Նա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարանում՝ պահանջելով, որ դատարանը վերացնի Տիգրան Սարգսյանի նկատմամբ կիրառված պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշումը եւ նրան կալանքի տակ թողնի:
Եվ ահա ս.թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը, Արմեն Դանիելյանը եւ Ռուզաննա Բարսեղյանը, քննելով մեղադրող դատախազի բողոքը, որոշել են բավարարել այն՝ բեկանելով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով որոշումը բեկանվել է, եւ թողել են, որ նա կրի ազատազրկում` 8 ամիս 2 օր ժամկետով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

8 ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿԱՐՏԱՀԱՆՁՆԵՆ
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Հայաստանում Իրանի դեսպան Քազեմ Սաջադի հետ հանդիպման ժամանակ համաձայնել է Իրանին արտահանձնել 8 դապարատյալների: Կողմերը նաեւ քննարկել են իրավական ոլորտում համագործակցության հարցերը: Նախարարը հայտնել է, որ իրանցի եւ հայաստանցի բանտարկյալներին արտահանձնելու մասին համաձայնագիրը կարեւոր քայլ է երկու երկրների միջեւ դատական կապերի ամրապնդման, ընդլայնման ուղղությամբ:

 

 

ՀԵՌԱՑՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆԻՑ
Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Սէֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստն էր: «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ: Այս գործով ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի սանկցիայի ժամկետը լրացել էր, ուստի նրան բերել էին նիստերի դահլիճ: Հիշեցնենք, որ նախորդ նիստերում նա եւ Ժիրայր Սէֆիլյանը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, այն է՝ դատավորի գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար չորս ժամով հեռացվել էին նիստերի դահլիճից: Գեւորգ Սաֆարյանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին հարցրել է, թե ուր է իր պաշտպան Տիգրան Եգորյանը, իսկ դատավորը հորդորել է դիմել կանգնած վիճակում: Սաֆարյանը շարունակել էր, եւ դատավորի կողմից նախազգուշացվել երեք անգամ: Վերջինս սանկցիայի է ենթարկվել` հեռացվելով նիստերի դահլիճից 4 ժամով:

 

 

ՀԱՆՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ երեկ ստուգումներ են անցկացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Պատճառը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի` օրերս կատարած հայտարարությունն էր, որով նախարարը փորձել էր կասկածի տակ դնել մեծ բարերարի ու ազգասերի համարում ունեցող Սամվել Կարապետյանի բարի համբավը: Չնայած Ռոստոմյանը ոչինչ չէր ասել ո՛չ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ո՛չ էլ կառավարության գործունեության մասին, սակայն Կ. Կարապետյանն այդ հայտարարությունը ընդունել է որպես անձնական վիրավորանք եւ որոշել է ցույց տալ, թե ինչ կարող է լինել բոլոր նրանց հետ, ովքեր կարող են թեկուզ մի թթու խոսք ասել Կարապետյանի հասցեին կամ կասկածի տակ դնել նրա բարի համբավը:

 




Լրահոս