Կատալոնիան խաղաղ ճանապարհով հարցը լուծելու ավելի մեծ հնարավորություններ ունի, Արցախի խնդիրը բարդ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում քնած հրաբուխ համարվող ինքորոշման հարցերը վերջին 2 տարիների ընթացքում կրկին ակտիվացել են: Այդ շարքում է Իսպանիայից Կատալոնիայի անկախացման հարցը, որի առթիվ կիրակի օրը հանրաքվե անցկացվեց: Թվում էր՝ եվրոպական մայրցամաքում վաղուց լուծված էին էթնիկության հետ կապված խնդիրները, սակայն ԵՄ-ի շուրջ ծավալված ճգնաժամը, դրանից դուրս գալու ելքերի հարցում կոնկրետ բացթողումները անջատողական տրամադրություններ են առաջացնում Եվրոպայում, որոնց համար պատրաստի պատասխաններ չունի եվրոպական քաղաքական վերնախավը:

Կատալոնիան Իսպանիայի հյուսիսային հատվածում գտնվող տարածք է, որը կազմում է Իսպանիայի բնաչության շուրջ 15 տոկոսը՝ 7.5 մլն մարդ: Երկրամասը ապահովում է պետության տնտեսության շուրջ 20 տոկոսը: Երեք տարվա ընթացքում դա Կատալոնիայի թվով երկրորդ հանրաքվեն էր: 2014թ. նոյեմբերին կայացած հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող 5.4 միլիոն բնակչության մոտ կեսը, որի շուրջ 80 տոկոսն իր համաձայնությունը տվել էր անկախանալուն: Այս անգամ պատկերը գրեթե կրկնվել է՝ ի հեճուկս իսպանական իշխանությունների անհանդուրժող վերաբերմունքի: Քվեարկությանը մասնակցել է մոտ 2.2 մլն քաղաքացի, որից 91 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայի կազմից դուրս գալուն: Վերջին տարիներին խնդիրը հատկապես սրվել է Իսպանիայի ներսում տիրող տնտեսական բարդ իրավիճակի պատճառով՝ հանգելով կատալոնացիների ավելի մեծ ինքնավարության պահանջին: Իսպանական կառավարությունը կտրականապես դեմ է արտահայտվում հանրաքվեի գաղափարին՝ այդ տրամադրությունը դեռեւս 1978թ. դարձրած լինելով սահմանադրական նորմ: Ըստ իսպանական սահմանադրության՝ երկրի տարածքում հանրաքվե անցկացնելու իրավասությունը պատկանում է միմիայն կենտրոնական իշխանությանը: Բնական է, որ նման իրավասություն ունենալով՝ իսպանական կառավարությունը չի էլ ցանկանա Կատալոնիայում հանրաքվե հրավիրել՝ քաջ գիտակցելով, թե դա ուր կարող է հասցնել: Ի դեպ, իսպանացիների ավելի քան 70 տոկոսը նույնպես թշնամաբար է տրամադրված Կատալոնիայի անկախությանը: Ըստ էության, այսժամ նույնպես Իսպանիայի կառավարությունը կատալոնական հանրաքվեի օրինականությունը չի ճանաչում՝ հղում անելով դրա հակասահմանադրականությանը:

Դեռեւս 1931թ. Կատալոնիան ստացել էր լայն ինքնավարություն, սակայն 1940-ական թթ. ազգայնականների հաղթարշավի շրջանում զրկվել էր այդ արտոնություններից: Արդեն 1975թ. գեներալ Ֆրանկոյի մահից հետո երկրամասը կրկին ստացավ ինքնուրույնություն: Ակնհայտորեն ինքնուրույնության այդ մակարդակը այլեւս չի բավարարում կատալոնացիներին, որոնց համար կենսական նշանակություն է ստանում անկախության գաղափարը: Այս մտածումով էլ կատալոնացիները վճռական գործողությունների են անցել, որոնք, ի դեպ, օրենքի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ըստ որի՝ կատալոնական հանրաքվեն օրինական չէ, եւ դրա արդյունքներն էլ որեւէ իրավական ուժ չունեն, խնդիրը տեղափոխվել է քաղաքական հարթություն: Այսինքն՝ հայտնվել է կրկին այն դաշտում, որտեղ որ եղել էր ի սկզբանե: Պարզ է, որ հանրաքվեի ու դրա արդյունքների շնորհիվ կատալոնական իշխանությունների դիրքերը ավելի են ամրապնդվել: Նկատելիորեն մեծանում են իսպանական իշխանություններից նոր զիջումներ կորզելու շանսերը: Դժբախտաբար, իսպանական ղեկավարությունը խնդրի լուծումը չի տեսնում փափուկ լուծումներով՝ նախընտրելով բռնի ու կոպիտ մեթոդիկան:

Դա, անտարակույս, հակառակ արձագանք է հարուցելու կատալոնացիների մոտ՝ անջատողական ձգտումները ավելի եւս խորացնելով: Յուրաքանչյուր նման կոնֆլիկտ, եթե կողմերը շահագրգռված են դրական հանգուցալուծման հարցում, լուծելի է բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ յուրաքանչյուր ագրեսիա հակառակ ազդեցությունն է ունենալու, ինչը կարծես Իսպանիայի իշխանական շրջանակները չեն հասկանում՝ լինելով հանդերձ ԵՄ-ի կազմում, մասնակցելով համաեվրոպական գործացությանն ու կրելով հանդուրժողականության քաղաքականության պատասխանատվությունն առնվազն ի պաշտոնե: Քաղաքական փոխզիջման փոխարեն իսպանական իշխանությունները դրսեւորում են արեւելյան խանություններին բնորոշ վարքագիծ, ինչը միանգամայն մերժելի է գոնե Եվրոպայի դավանած արժեհամակարգի տրամաբանության շրջանակներում:
Իսպանական իշխանությունների վարքը հիշեցնում է ադրբեջանական վերնախավի կեցվածքը Արցախի հանդեպ: Վերջինս ԽՍՀՄ փլուզման շրջանում միության օրենքներին համապատասխան կերտեց իր անկախության ուղին՝ ստիպված լինելով այդ իրավունքը պաշտպանել նաեւ ռազմի դաշտում: Ադրբեջանի իշխանությունների մաքսիմալիստական ու բռնի գործողությունների արդյունքում իրավիճակը հանգեց պատերազմի՝ դրանից ետքայլ այլեւս չթողնելով: Ադրբեջանը Արցախի հետ հարաբերություններում ունի զարգացման երկու տարբերակ՝ կա՛մ ռազմական ճանապարհով գրավում է երկրամասը եւ արյան վրեժ լուծում ու այդպիսով ստիպում հայությանը արտագաղթել, կա՛մ գործընկերային կեցված է որդեգրում եւ հրաժարվում ագրեսիայի գործիքներից ու ռազմական հռետորաբանությունից:

Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանի իշխանությունը երկրորդ տարբերակին չի գնալու՝ առաջին հերթին Արցախը դիտելով իր իշխանավարությունը շարունակելու հրաշալի պատրվակ: 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններն էլ եկան փաստելու, որ Ադրբեջանում Արցախը դիտարկվում է սոսկ որպես նվաճելի տարածք, ինչը էականորեն նվազեցնում է փոխզիջման ու խաղաղ գոյակցության հնարավորությունները: Ինչպես Կատալոնիայի դեպքում, այսժամ նույնպես խնդիրը ոչ այնքան իրավական ու ռազմական հարթություններում է, որքան քաղաքական բնագավառում: Երկու դեպքում էլ գործ ունենք կոնֆլիկտի լուծման մեթոդաբանության ընտրության խնդրի հետ, սակայն եթե Կատալոնիան խաղաղ ճանապարհով հարցը լուծելու ավելի մեծ հնարավորություններ ունի՝ առաջին հերթին նկատի ունենալով ԵՄ-ի քաղաքակրթական ազդեցությունը, ապա Արցախի խնդիրը շատ ավելի բարդ է՝ հանձին ռուսական կայսերապաշտականության տխուր միջամտության:
Ն. Հովսեփյան




Լրահոս