Իմ կերպարը բավական նման է ինձ. Սերժոն` «Ամուսնացածների լիգայում» նկարահանվելու մասին

Իմ կերպարը բավական նման է ինձ. Սերժոն`  «Ամուսնացածների լիգայում» նկարահանվելու մասին

«Իմ մարմնավորած կերպարը բավական մոտ է իմ մարդ տեսակին, նման է ինձ, ինձ իսկապես դուր է գալիս ներկայանալ կատակերգության ժանրում, իսկ ամուսնացած չլինելու փաստը ոչ մի կերպ չանդրադարձավ դերիս մեջ մտնելու պրոցեսի վրա»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց դիջեյ Սերժոն՝ Սերժ Սիմոնյանը՝ անդրադառնալով «Ամուսնացածների լիգա» սիթքոմում իր կերտած կերպարին՝ Անրիին։ Նա շեշտեց, որ հաճույքով է նկարահանվել սիթքոմում, քանի որ այն իր հետ բերում է թարմ շունչ եւ նոր ասելիք։


Սիթքոմի սցենարը կառուցված է ընտանեկան երեք զույգի շուրջ պտտվող իրադարձությունների հիման վրա՝ Սերժո եւ Ջեմմա Ադամյան, Ռաֆայել Երանոսյան եւ Լուիզա Ներսիսյան, Անի Պետրոսյան եւ Տիգրան Գյուլումյան։

«Ամուսնացածների լիգայի» տարբերությունը մյուս սիթքոմներից սյուժեի դինամիկ զարգացումն է եւ այն հանգամանքը, որ մի սերիայի ընթացքում հեռուստադիտողը կարող է ծանոթանալ հերոսների անցյալին, նրա աչքի առջեւով կարճ ժամանակում կարող են անցնել մի շարք հետաքրքիր դրվագներ, որեւէ պատմություն շատ հաջող կերպով կարող է կապվել մեկ այլ պատմության հետ»,-կարծիք հայտնեց Սերժոն։


Նրա խոսքով՝ եթե որեւէ սիթքոմում, գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու հարմար առաջարկ ունենա, ինքը կրկին կընդունի այն։ Սերժոյի համար, փաստորեն, դերասանական կրթության, այդ ոլորտում նվազ փորձի պակասը որեւէ կերպ խոչընդոտ չի հանդիսացել։ Հարցին, թե սիթքոմը հումորային այլ նախագծերի պես արդյո՞ք կձգվի մի քանի եթերաշրջան, Սերժոն պատասխանեց, որ տեղյակ չէ, դա ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք, որ «Ամուսնացածների լիգա» սիթքոմը պատմում է ամուսնացած երեք զույգերի առօրյայի եւ խնդիրների մասին: Նրանք շատ տարբեր են, սակայն ամուսնական կարգավիճակը միավորում է բոլորին: Ֆիլմաշարի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստը՝ Աշոտ Աբրահամյանը, պրոդյուսերները՝ Արման Միտոյանը եւ Սերժ Նալբանդյանը:

Անի Անտոնյան