Որ դատավորին որքանով կարող ես կաշառել. դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները

Որ դատավորին որքանով կարող ես կաշառել. դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները

Եթե ՀՀ իշխանությունները եւ իրավապահ համակարգը ժամանակին ականջալուր լինեին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, միգուցե դատական համակարգում կոռուպցիոն դրսեւորումների հետեւանքով այսքան դատավոր չհայտնվեր մեղադրյալի աթոռին: Պարզվում է՝ 4 տարի առաջ հրապարակված զեկույցից դատավորները դասեր չքաղեցին:

2013թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ զեկույց հրապարակեց` ներկայացնելով դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները: Ըստ զեկույցի՝ հարցումների արդյունքում պարզվել են դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներ: «Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների դեմ: Տարբերակ 2. դատավորը ավելի մեծ գումար է պահանջում՝ իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջեւ»:
Ըստ օմբուդսմենի զեկույցի` առաջին ատյանի դատարաններում 500-10.000 ԱՄՆ դոլարով են վճիռ կայացնում, վերաքննիչ դատարաններում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլարով, իսկ բարձրագույն ատյանում՝ վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլարով:
Այս աղմկալի հայտարարությունից հետո դատական համակարգը կոնկրետ փաստեր էր ուզում, իսկ ՄԻՊ լռում էր՝ նշելով, որ անուններ չի կարող տալ: Թվում էր, թե այս հայտարարությունը ինչ-որ կերպ պետք է զսպեր դատավորների ախորժակը, հնարավորինս զերծ պահեր գործարքների գնալու գայթակղությունից, բայց իրավիճակը նույնը մնաց:
Ստորեւ ներկայացնում ենք միայն այս տարվա մեջ կաշառքի գործով մեղադրվող դատավորների ցանկը:

2017 թվականին ՀՀ տարբեր իրավասության դատարաններ են ուղարկվել դատավորների կողմից կաշառք վերցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործեր, որոնցով դեռեւս քննությունները շարունակվում են: Իհարկե, գործով մեղադրյալ դատավորները ցուցմունք չեն տալիս եւ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, բայց այն թվերը, որոնք որպես կաշառք ներառված են գործում, համընկնում են նախկին օմբուդսմենի կողմից հրապարակված թվերի հետ:
Մասնավորապես 2016 թվականի հոկտեմբերի 28-ին ազգային անվտանգության ծառայության կողմից կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:
Ըստ պաշտոնական մեղադրանքի՝ նա 1000 ԱՄՆ դոլար կաշառք էր վերցրել:
2017 թվականի մայիսի 11-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ձերբակալվեց դատավոր Լեւոն Արազյանը, ըստ պաշտոնական մեղադրանքի՝ նա քաղաքացիներից մեկի օգտին վճիռ կայացնելու համար քաղաքացուց ստացել էր 600 ԱՄՆ դոլար կաշառք:

2017 թվականին մայիսի 11-ին ձերբակալվել էին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը:


Ըստ պաշտոնական մեղադրանքի՝ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը քաղաքացիներից մեկի օգտին վճիռ կայացնելու համար ստացել է 23.000 ԱՄՆ դոլար կաշառք: Այսքան մեծ գումար, քանի որ նա խոստացել է վերադաս դատարաններում կարգավորել հարցերը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը մեկ այլ գործով ցանկալի վճիռ կայացնելու համար ստացել են մոտ 2000 դոլար:
Այսպիսով՝ դեռեւս 4 տարի առաջ նախկին պաշտպանի ներկայացրած դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները չեն փոխվել, դրանք արտացոլում են այսօրվա իրականությունը:

Քնար Մանուկյան