2018թ. գարունը վերջինը կարող է լինել Նալբանդյանի նախարարական կարգավիճակի համար

2018թ. գարունը վերջինը կարող է լինել Նալբանդյանի նախարարական կարգավիճակի համար

ԱՄՆ-ի կառավարող վերնախավում նոր սկանդալ է ծագել, որը նորից կապվում է նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա անմիջական շրջապատի հետ: Կրկին հրահրողը ամերիկյան լրատվամիջոցներն են, իսկ նախագահական վարչակազմը հայտնվել է պաշտպանվողի դերում: Հետաքրքիր է, որ գաղտնազերծված պատմությունը վերաբերում է շատ ավելի վաղ շրջանին, սակայն մատնում է ԱՄՆ գործադիր իշխանության ներսում տիրող իրերի իրական դրությունը: Ըստ այդմ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը մտադրված է եղել լքել իր պաշտոնը՝ նախագահի հետ ունեցած լուրջ հակասությունների պատճառով:
Ամերիկյան NBC News լրատվականը նախօրեին հանդես է եկել հրապարակմամբ, համաձայն որի՝ ամռանը պետքարտուղար Թիլլերսոնը լրջորեն մտածել է հրաժարական տալու մասին: Դրա պատճառը պետքարտուղարության եւ Սպիտակ տան միջեւ հարաբերությունների լարվածությունն է եղել, ինչպես նաեւ կոնկրետ ընթացակարգային հիմնահարցերի շուրջ անհամաձայնությունը: Իրավիճակը սրվել էր հուլիսին Թրամփի ունեցած մի ելույթի պատճառով, երբ նախագահը սպորտային միջոցառումը վերածել էր քաղաքական ցերեկույթի եւ խորացել իր հակառակորդներին խստագույնս քննադատելու մեջ:

Ըստ լրատվականի՝ մի շարք պաշտոնյաների ներկայությամբ գնահատելով նախագահի վարքն ու ելույթը՝ Թիլլերսոնը նրան անվանել է հիմար: Այնուհետ Թիլլերսոնը ցանկացել է նույնիսկ հրաժարական տալ, որին այդ մտքից հեռացրել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Ի դեպ, վերջինիս խորհուրդները մի շարք առանցքային պաշտոնյաների հրաժարականները կանխելու գործում, ըստ ամերիկյան լրատվականների, պարբերական բնույթ են կրում: Վաղուց է խոսվում, որ բազմաթիվ արհեստավարժ մասնագետներ մնում են իրենց պաշտոններում մեծ մասամբ Փենսի համոզումների արդյունքում: Թերեւս այդ շարքում է նաեւ պետքարտուղար Թիլլերսոնը, որը, սակայն, անմիջապես հերքել է վերոնշյալ պատմությունը:
Հանդես գալով պաշտոնական արձագանքով՝ Թիլլերսոնը հայտարարել է, որ ինքը երբեւէ մտադրություն չի ունեցել լքելու իր պաշտոնը եւ այդ հարցով անգամ քննարկումներ չի անցկացրել փոխնախագահի հետ: Նա շտապել է գովաբանել նախագահ Թրամփին՝ նկատելով, որ իրեն մեծ հաճույք է պատճառում նրա հետ աշխատանքը: Ըստ պետքարտուղարի՝ Թրամփի հետ հարաբերությունները չափազանց ջերմ են ու գործընկերային եւ աշխատանքային գործունեության արդյունքում իր համար նոր բացահայտումներ է արել: Նրա համոզմամբ՝ նախագահն ԱՄՆ-ն ամեն ինչից վեր է դասում ու ցանկացած հարցում ընդգծում է ամերիկյան շահերի առաջնայնությունը: Այդուհանդերձ, Թիլլերսոնը ի մասնավորի խուսափել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք Թրամփին անվանել է հիմար: Լրագրողի ուղիղ հարցին պետքարտուղարը ընդհանրական արձանգարում է կատարել՝ շեշտելով, որ անհեթեթ թեմաներով չի խոսում: Ի դեպ, իր տարերքի մեջ չէր լինի նաեւ նախագահ Թրամփը, եթե իրավիճակի կապակցությամբ թվիթերյան մեկնաբանություններ չշռայլեր: NBCnews-ին անվանելով կեղծ լուրեր տարածող՝ նա հայտարարել է, որ լրատվականը պարտավոր է ներողություն խնդրել փոխնախագահից ու պետքարտուղարից ստահոդ հոդվածի համար:

Ըստ լրատվականի հրապարակած հոդվածի՝ Թիլլերսոնի հիմնական խնդիրը Թրամփի ու վարչակազմում նրա պես մտածող գործիչների վերաբերունքն է Հյուսիսային Կորեայի հարցին: Պարզվում է, որ Թիլլերսոնը բավականին լուրջ վեճ է ունեցել Թրամփի՝ ազգային անվտանգության գծով հատուկ խորհրդականի հետ: Վերջինս պատկանում է Հս. Կորեայի հարցը ռազմական ճանապարհով լուծելու թեւին, եւ բնական է, որ դիվանագիտական ճանապարհը նախընտրող Թիլլերսոնը սկզբունքային անհամաձայնություններ ունի այս հարցում: Ի դեպ, այդ շրջանում էր, որ Թրամփը թվիթերում կոչ էր արել իր պետքարտուղարին անիմաստ ժամանակ չվատնել Հս. Կորեայի «հրթիռային մարդուկի» վրա, քանզի այդ հարցը լրիվ այլ լուծում ունի: Թրամփը շեշտել է, որ նախկին նախագահները ձախողվել են այս հարցում, իսկ ինքը հաստատապես հաջողելու է:


Հայաստանում ԱԳ նախարարի ու նախագահի միջեւ հակասությունների թերեւս առաջին ու վերջին դրվագը 1992թ. Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականն էր: Դրանից հետո ԱԳ նախարարները մշտապես պահպանել են իրենց ներդաշնակ հարաբերությունները անմիջական ղեկավարների հետ: Հիշարժան է Վ. Օսկանյանի դեպքը, որը, 10 տարի հնազանդորեն կատարելով Ռ. Քոչարյանի՝ ԱԳ նախարարի պարտականությունները՝ 2008թ. ստիպված եղավ լքել այդ պաշտոնը: Սերժ Սարգսյանը Օսկանյանին հասկացրել էր, որ ԱԳ նախարար մնալու մասին նա չէր էլ կարող մտածել՝ առաջարկելով իր խորհրդականի «թոշակառու» կարգավիճակը, ինչին էլ չհամաձայնեց արդեն Օսկանյանը: Այնուհետ Սարգսյանը ԱԳ նախարար նշանակեց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանին՝ խորհրդային դիվանագիտական դպրոցն անցած մարդու, որը Սերժ Սարգսյանի հետ հակասություններ կարծես երբեք չի ունեցել:

Թերեւս այս մասին միակ սպրդած տեղեկությունը վերաբերում է հայ-թուրքական սարգսյանական «ֆուտբոլին», որի շուրջ ամերիկացիների հետ գաղտնի զրույցի ժամանակ Նալբանդյանն առանձնացել էր իր հստակ անտարբեր կեցվածքով: Հայաստանի արտաքին քաղաքականությունը այս 10 տարիներին հենց այդ անտարբերության ուղիով էլ ընթացավ, ինչը նախանշվեց Սերժ Սարգսյանի ու հաջողությամբ իրականացվեց Էդուարդ Նալբանդյանի կողմից: ՀՀ արտաքին քաղաքականության բացառիկ նախաձեռնությունը 2008թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էր, որն էլ անփառունակ ավարտ ունեցավ: Կարեն Կարապետյանի անվան ներքո իր համար ժամանակավոր կառավարություն ստեղծող Սերժ Սարգսյանը դեռ նախորդ տարի էր մտմտում Նալբանդյանին փոխարինելու մասին, սակայն վերջինս հաջողեցրեց պահպանել պաշտոնը մեկ տարով: Լիովին սպասելի է, որ 2018թ. գարունը վերջինը կլինի ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունների, այլեւ Է. Նալբանդյանի նախարարական կարգավիճակի համար:
Ն. Հովսեփյան