Վերջապես կհանդիպեն. ե՞րբ և որտե՞ղ է կայանալու Սարգսյան-Ալիեւ բանակցությունների հերթական փուլը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը տեւական ընդմիջումից հետո հանդիպելու եւ ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն են հայտնել: Այդ հանդիպումը կազմակերպելու նպատակով տարածաշրջանային այցով երեկ Երեւանում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. այստեղ նրանք հանդիպել են Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այսօր արդեն նրանք կմեկնեն Բաքու` այնտեղ հանդիպելու Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մամեդյարովի հետ:

Համանախագահների` երեւանյան հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրությունները բավական աղքատիկ էին: Նախագահականը տեղեկացրել էր, որ Ս. Սարգսյանը համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում` Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին եւ կարեւորել խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը: Իսկ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված էր, թե Նալբանդյանը համանախագահների հետ հանդիպման ժամանակ շարունակել է երկու երկրների ղեկավարների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները, եւ մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում իրավիճակի շուրջ:

Երեկ նաեւ Իլհամ Ալիեւն է խոսել Սարգսյանի հետ հանդիպման հնարավորությունների մասին. «Մեզ թվում է՝ Հայաստանը վերադառնում է բանակցային գործընթաց, եւ դա շատ կարեւոր հարց է»,- նշել է նա:
Չնայած հանդիպման երկուստեք պատրաստակամությանը՝ որեւէ մեկը չի մանրամասնում` երբ եւ որտեղ է կայանալու Սարգսյան-Ալիեւ բանակցությունների հերթական փուլը: Միայն կարելի է ենթադրել, որ հանդիպումը տեղի կունենա մինչեւ տարեվերջ, քանի որ միջազգային հանրությունը կարծես թե շահագրգռված է բանակցային գործընթացում դրական տեղաշարժեր արձանագրելու հարցում, հետեւաբար փորձելու է արագացնել գործընթացը՝ նաեւ հաշվի առնելով փաստը, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտին քիչ ժամանակ է մնացել:

Մինչ այդ նկատենք` նույն Սերժ Սարգսյանը դեռ հուլիսին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում հայտարարել էր, թե առանձնապես ակնկալիքներ չունի Ալիեւի հետ հանդիպումից, բայց հանդիպում է, քանի որ «…մենք դեմ չենք որեւէ հանդիպման եւ մշտապես պատրաստ ենք հանդիպելու»,- ասել էր նա: Համաձայնեք՝ որքան էլ նման հանդիպումներն առաջին հայացքից թվան անարդյունավետ, միեւնույն է՝ դրանք անհրաժեշտ են, քանի որ բանակցությունների այլընտրանքը ռազմական գործողությունների վերսկսումն է, ինչը անթույլատրելի է:




Լրահոս