ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ՆԱՀԱՆՋԵԼ

Հայաստանի մարզերում գործող բուժհաստատությունները նոր դժվարությունների առաջ են կանգնել: Պատճառը էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդնումն է:

Ինչպես հայտնի է` այս տարվա մայիսից մի քանի բուժհաստատություններ միացվել են էլեկտրոնային առողջության համակարգին: Այսինքն՝ դրանց պետական պատվերի շրջանակում հաշվետվությունների կազմումն արդեն իսկ իրականացվում է համակարգի միջոցով: Համակարգի շահագործումն ապահովելու նպատակով կոնցեսիոն կառավարումն հանձնվել է միասնական օպերատորին: Ի դեպ, որի համար ձեւավորվել էր միջգերատեսչական գնահատող հանձնաժողով, կազմակերպվել եւ իրականացվել էր բաց մրցույթ: Ինչի արդյունքում մրցույթի հաղթող էր ճանաչվել համատեղ գործունեության պայմանագրով հանդես եկող «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի համադաշնություն) եւ «Մեյսիս Ապահով» ՍՊԸ-ից (ՀՀ) բաղկացած համատեղ ձեռնարկությունը:
Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ բժշկական հաստատությունները համակարգին միացվելու են անվճար: Բայց չնայած սրան` մի քանի օր առաջ նույն բուժհաստատությունները ծանուցում են ստացել այն մասին, որ ծառայությունը վճարովի է լինելու: Իսկ վճարում են ոչ թե պետբյուջե, այլ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» անհայտ ՓԲԸ-ին: Նշենք, որ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ընկերությունը հիմնադրվել է այս տարվա օգոստոսի 28-ին: Իսկ հիմնադիրը Ավետ Մանուկյան անունով անհայտ մեկն է:
Նման «անակնկալի» առաջ է կանգնել նաեւ Մարալիկի ԲԿ-ն: Բուժհաստատության տնօրեն Սուսաննա Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ համակարգից վճարովի օգտվելու դեպքում իրենք մեծ վնասներ են կրելու: Տեղեկացնենք, որ այժմ տվյալ բժշկական կենտրոնը զրոյական եկամուտով է աշխատում, իսկ համակարգից վճարովի օգտվելու դեպքում ԲԿ-ն ստիպված է լինելու ամսական վճարել 250 հազար դրամ, տարեկան` 2.5 մլն դրամ:
«Բավականին մեծ գումար է, որը պատրաստ չենք վճարել: Մենք մարզպետարանի առողջապահության վարչությանը այդ բարձր գների մասին տեղեկացրել ենք: Ասեցին` սպասեք, պայմանագիր մի կապեք ընկերության հետ այնքան ժամանակ, մինչեւ տեսնենք, թե ինչ է լինելու: Բայց նշեմ, որ երկու օր առաջ ենք գնացուցակը ստացել ու իմացել, որ պետք է պայմանագիր կապենք ընկերության հետ»,- ներկայացրեց ԲԿ-ի տնօրենը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մարալիկի ԲԿ-ի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը բարձրաձայնեց եւս մեկ խնդրի մասին. բանն այն է, որ էլեկտրոնային առողջապահության համակարգին անցնելուց հետո` հոկտեմբերի 1-ից, յուրաքանչյուր բժիշկ պետք է ունենա իր անհատական համակարգիչը: Այս պահանջին եւս բուժհաստատությունները պատրաստ չեն: «Մենք ունենք երկու համակարգիչ, այժմ հասցնում ենք, բայց արդեն 2 օր է, ինչ յուրաքանչյուր բժիշկ պետք է ունենա իր անհատական համակարգիչը, ինչը չունենք: Իսկ ամեն բժիշկ պետք է իր այցերը ինքը մուտքագրի: Մեզ ասել են հոկտեմբերի 1-ից, բայց համակարգիչների համալրումը նույնիսկ չի եղել»,- փոխանցեց տիկին Պետրոսյանը:
Նույն խնդիրն առկա է նաեւ «Արմավիր» բժշկական կենտրոնում: Այս բուժհաստատության փոխտնօրեն Սամվել Բարեղամյանը նկատեց, որ իրենք արդեն 4 ամիս է, ինչ այդ համակարգով են աշխատում. «Բայց ավելի շատ դժվարացնում է մեր աշխատանքը, քան հեշտացնում: Քանի որ մեր ԲԿ-ի տեխնիկական հագեցվածությունը թույլ չի տալիս նախատեսված լրիվ մակարդակով աշխատել: Օպերատորների քանակն է քիչ, բժիշկները անհատական համակարգիչներ չունեն»: Նա ասաց, որ «Արմավիր» բժշկական կենտրոնը պատրաստ չէ այս փոփոխությանը: «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ընկերության առաջարկած սակագները բարձր են: Մենք հաշվարկել ենք ու պարզել, որ մեր բժշկական կենտրոնը տարեկան շատ բարձր գումարներ է վճարելու: Միայն հաստատագրված տարեկան վճարը` 2.5 մլն դրամը, արդեն իսկ մեր բժշկական կենտրոնի համար մեծ թիվ է»,- նկատեց փոխտնօրենը: Ապա տեղեկացրեց, որ իրենց բուժհաստատությունը հրաման է ստացել այն մասին, որ պայմանագիր դեռ չկնքեն: Ի դեպ, նույն «հրամանը» ստացել են նաեւ ՀՀ մյուս բուժհաստատությունները:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ: «Թյուրըմբռնում է եղել, մի մասը հաշվիչով սխալ է հաշվարկել, սխալ բաներ են կիրառել: Մեծամասամբ լուրջ թվեր չեն: Հիմա բացատրական աշխատանքներ են տարվում բուժհաստատությունների աշխատակիցների հետ: Մենք առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ: Նաեւ բանակցություններ են տարվում առողջապահության նախարարության հետ միասին: Խոսքը փոքրիկ գումարների` 5000, 7000 դրամի մասին է: Չեմ հասկանում, թե ինչպես են հաշվարկել: Անհասկանալի բարձր գներ են ստացել, որն իրականությանը չի համապատասխանում»:
Հ.Գ. «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մարզային բուժհաստատությունների ղեկավարները այս հարցով անգամ դիմել են տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, որն էլ իր հերթին նոր հասունացող բողոքի ալիքը փոխանցել է վարչապետ Կարապետյանին: Ու երբ «Ժողովուրդ» օրաթերթն էլ հրապարակեց դժգոհության մասին, հնարավոր ընդվզումը եւ աղմուկը կանխելու համար Կառավարությունը որոշեց նահանջել. առայժմ պայմանագիր չկնքել ընկերության հետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ