ԽՏԱՑՐԱԾ ԿԱԹԻ ՓՈԽԱՐԵՆ ՎԱՃԱՌԵԼ ԵՆ ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԻՑ ՄԹԵՐՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել խտացրած կաթի, թթվասերի, յուղի, հալած պանրի շուկաների մատակարարման եւ իրացման ոլորտներում: Արդյունքում 30 ընկերություններում խախտումներ են հայտնաբերվել: Ինչի համար հանձնաժողովի որոշմամբ վերջիններիս տրվել է խիստ նախազգուշացում, ապա հանձնարարվել է հնգօրյա ժամկետում վերացնել խնդիրը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը ուսումնասիրության արդյունքում բացահայտել է, որ խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք: Նման դեպքեր արձանագրվել է նաեւ թթվասերի, յուղի եւ հալած պանրի շուկաներում: Դիտանցումներ են իրականացվել խոշոր` 8 սուպերմարկետներում, որի արդյունքում բացահայտնվել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես առանց բացատրության գնապիտակների վրա նշված է եղել խտացրած կաթ անվանումը, այն դեպքում, երբ վաճառվող ապրանքը իրականում բուսական յուղից եւ այլ բաղադրիչներից է պատրաստված եղել:
Բացի այդ՝ հայտնաբերված մի շարք դեպքերում էլ արտադրանքի ռուսերեն մակնշման մեջ մանրամասն նշված է եղել, որ այն պատրաստված է եղել բուսական յուղերից մի շարք հավելանյութերի ավելացմամբ, մինչդեռ մատակարարը այն հայերեն թարգմանել է որպես խտացրած կաթ, ինչն անթույլատրելի է: Այսինքն՝ մատակարար ընկերություններից ոմանք գործարանային ճիշտ մակնշումը հայերեն թարգմանել են սխալ` թյուրիմացության մեջ գցելով սպառողներին: Եւ հաշվի առնելով սա՝ հանձնաժողովն ուսումնասիրել է մատակարար ընկերությունների գործունեությունը եւ պարզել, որ շատ դեպքերում իրենք ապրանքի մատակարարման ժամանակ իրացրել են բուսական յուղից պատրաստված մթերքներ, սակայն դրանք ներկայացրել են ամբողջովին կաթից պատրաստված թթվասեր, հալած յուղ, հալած պանիր եւ խտացրած կաթ: Որոշ մատակարարներ էլ, որոնք հանդիսացել են ներկրող, անձամբ են սխալ թարգմանել ռուսերեն մակնշումը` թյուրիմացության մեջ գցելով սպառողներին: Նույն խնդիրն է նաեւ թթվասերի, յուղի եւ հալած պանիրների շուկայում: Այս դեպքում եւս մակնշումները սխալ են արվել` շփոթության մեջ դնելով եւ մոլորեցնելով սպառողներին:
Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի` այդ ապրանքները արտաքին տեսքով, համով, հոտով իրար նման են, սակայն իրականում դրանք իրարից գնային առումով տարբերվում են: Օրինակ՝ կենդանական յուղերից կամ բացառապես մաքուր կաթից ստացված արտադրանքը մոտ 40 տոկոսով թանկ է բուսական ծագման մթերքից:
«Վարչական վարույթի ժամանակ սուպերմարկետները պատճառաբանել են, որ այդ ապրանքները մատակարարվել են այլ տնտեսվարողների կողմից: Իսկ մատակարարման փաստաթղթերով, մասնավորապես հաշվի ապրանքագրերով նշված է եղել խտացրած կաթ եւ հալած պանիր: Ստացվում է, որ մեծ մեղավորները մատակարար ընկերություններն են, որոնք հաշիվ-ապրանքագրերում սխալ տեղեկություն են ներկայացրել: Բայց մեղքի իրենց բաժինն ունեն սուպերմարկետները, խանութները: Մեր հանձնաժողովը չունի լաբորատորիա, փորձաքննությունը եւս չենք իրականացնում եւ այս բացահայտումները կատարել ենք փաստաթղթային ուսումնասիրությունների միջոցով»,- ներկայացրեց Շաբոյանը:
ՏՄՊՊՀ նախագահը հայտարարեց նաեւ, որ բացի 8 սուպերմարկետներից՝ կա 22 ընկերութուն, որոնք նման անբարեխիղճ մրցակցային գործեունեություն են իրականացրել: «Այս խնդիրները վնաս են հասցնում ոչ միայն սպառողների շահերին, այլեւ արդար տնտեսվարողներին, քանի որ անբարեխիղճ տնտեսվարողները նման գործունեության միջոցով շուկայից դուրս են մղում արդար եւ բարեխիղճ տնտեսվարողներին: Իսկ 30 տնտեսվարողների գործունեությունը մենք համարել ենք անբարեխիղճ մրցակցային գործունեություն: Հանձնաժողովը խիստ նախազգուշացում է կիրառել բոլոր այս անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ: Բոլորն էլ ընդունել են խախտումները եւ խոստացել են արագորեն վերացնել, շտկել դրանք: Բայց հաջորդ անգամ որեւէ տնտեսվարողի մոտ նմանատիպ խնդիրներ հայտնաբերելու դեպքում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն, մասնավորապես բարձր ֆինանսական տուգանքներ»,- հայտարարեց Արտակ Շաբոյանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խտացրած կաթ արտադրող ընկերությունները ռուսական են, եւ ՏՄՊՊՀ-ն դիմել է Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությանը, որպեսզի այս խնդիրն ուսումնասիրեն եւ կարգավորեն: «Կոչ եմ անում բոլոր սպառողներին, որպեսզի ապրանք ձեռք բերելիս առավել ուշադիր լինեն մակնշման պահանջների նկատմամբ: Հատկապես ուշադիր լինեն սննդամթերքի այն տեսակների նկատմամբ, որոնք կենդանական յուղեր կարող են պարունակել: Սա, բնականաբար սննդամթերքի անվտանգության որեւէ խնդիր չի առաջացնում, ամբողջությամբ օրենքի սահմաններում է, բայց չնայած սրան` տնտեսվարողները պարտավոր են սպառողներին տեղեկացնել իրականությունը: Քանի որ դրանք գնային եւ որակական առումով հանդիսանում են տարբեր ապրանքներ»,- նկատեց Շաբոյանը:
Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ խախտում թույլ տված մատակարարներն են` «Լիա-Կ Գրուպ», «Առգե Բիզնես» «ԴԱԱԱՌ» «Դերժավա-Ս» «Լ.Դ.Լ.» «ԽԱՔ», «Դեագա», «Էլիտա», «Մակրո ֆուդ», «Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ, «Լուսինա», «Շիրո», «Ոսկե Դելֆին», «Տիսա», «Ցիկլոիդ», «Էքսիտո», «Գարդմեն», «Էդել», Սվետա Ա/Ձ Ժիրայր Ավագյան, Ա/Ձ Կարեն Սարգսյան, Ա/Ձ Յուրիկ Պողոսյան: Իսկ խախտում թույլ տված սուպերմարկետներն են «Երեւան սիթի», «ՍԱՍ», «Նոր Զովք», «Էվրիկա», «Պարմա», «ՎԱՍ», «Կրպակ», «Ծիրան»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
«Այգ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանին մարմնական մահացու վնասվածք հասցնելու քրեական գործը մտավ դատարան: Այն կքննվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում:
Ըստ նախաքննական մարմնի` Հրանտ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտա 40 շենքի թիվ 17 հասցեում գործող «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնում, դժգոհ մնալով նույն կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանի կողմից իր բուժման ընթացքում մատուցած ծառայություններից եւ բուժման անարդյունք մեթոդիկայից, վերջինիս կողմից իր ծառայողական գործունեության կատարման հետ կապված՝ թուղթ կտրելու դանակով հարվածներ է ասցրել հոգեբանին, որը մահացել է: Հրանտ Համբարձումյանը կալանավորված է: Ի դեպ, համապատասխան փորձաքննությունների արդյունքում նա անմեղսունակ է համարվել:

 

 

ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՆՁՐԵՎ
Հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ: Հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ին, հոկտեմբերի 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, հոկտեմբերի 6-8-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով: Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, իսկ հոկտեմբերի 5-8-ը՝ առանց տեղումների եղանակ:

 

 

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՎԵՐԱՑՆԵՆ
Ազգային ժողովում երեկ քննարկվում էր «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշել է, որ առաջարկվում է վերացնել ներկայումս գործող օրենքով նախարարներին եւ գերմարմինների ղեկավարներին տրված այն իրավասությունը, որով նրանք կարող էին արտոնություններ եւ հավելավճարներ սահմանել պետական գաղտնիքն օգագործելու թույլտվություն ունեցող պաշտոնատար անձանց համար: «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հետաքրքրվել է, թե արտոնություններ ասելով ի՞նչ նկատի ունի փոխնախարարը, եւ, թե ինչո՞ւ է առաջացել այս օրինագծի անհրաժեշտությունը: Ի պատասխան՝ փոխնախարարն ասել է. «Արտոնություն նշանակում է հավելավճար»:
Նշենք, որ գործող օրենքի համաձայն՝ պետական մարմիններն իրավունք ունեն 15 եւ 20 տոկոս հավելավճար սահմանել աշխատավարձի նկատմամբ պետական գաղտնիքից օգտվող ծառայողների համար:

 




Լրահոս