Վանաձորում 1 տարի է տիրում է անիշխանություն՝ քողարկված քվազի քաղաքապետի դիմակահանդեսով. ԼՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ ուղիղ մեկ տարի առաջ Վանաձորում տեղի ունեցած քաղաքական հանցագործության վերաբերյալ:

«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Վանաձորի նորընտիր ավագանու նիստին Հանրապետական կուսակցությունը, չունենալով ձայների մեծամասնություն, կատարեց մանդատագողության աննախադեպ ու խայտառակ ակտ՝ քաղաքապետ նշանակելով փաստացի չընտրված սեփական թեկնածուին: Մեկ տարի շարունակ Վանաձորում փաստացի տիրում է անիշխանություն՝ քողարկված քվազի քաղաքապետի դիմակահանդեսով:

Չկա աշխարհում գեթ մեկ օրինակ, երբ 33 անդամից բաղկացած կոլեգիալ մարմնում ընդամենը 15 անդամով ապահովեն քվորում և գումարեն նիստեր. սա բացարձակ ապօրինություն է, սա քաղաքական հանցագործություն է, որին ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է տա գնահատական՝ փակելով Հայաստանի քաղաքական համակարգում առաջացած վտանգավոր ճեղքը, քանի դեռ այն վերջնական նախադեպ չի դարձել Հանրապետության քաղաքական համակարգում։

Իրեն քաղաքային իշխանություն հռչակած մանդատագող կլանը, նույնիսկ չսպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը, ուժգնորեն լծվել է քաղաքային ռեսուրսները թալանելու հարազատ գործին, որի ամենավերջին դրսևորումներից մեկն ավտոմեքենաների սպասարկման, վերանորոգման և պահեստամասեր ձեռք բերելու համար ահռելի և անհամաչափ ծախսերի պլանավորումն է: Սրա վառ օրինակներից մեկն այն է, որ միայն հնոտի Նիվա մակնիշի ավտոմեքենայի պահեստամասեր գնելու համար կծախսվի 964․000 ՀՀ դրամ:

Որպես իշխանական դիմակահանդեսի վառ դրսևորում՝ մանդատագողերի թատերախումբն օգտագործում է ցանկացած տեղական միջոցառում և տոն՝ հաղթահարելու համար սեփական լեգիտիմության դեֆիցիտի կոմպլեքսը, իսկ իշխանական վերնախավի ներկայացուցիչների հետ զվարթ ֆոտոսեսիաները քաղաքական ինֆանտիլության խղճուկ ցուցադրություն են, որոնք չեն լցնում սեփական քաղաքական դատարկությունը:

Բազմիցս նշել եմ, որ մեկ տարի առաջ Վանաձորում տեղի ունեցած խայտառակությունը մեծ ճեղք ու վերք է Հայաստանի քաղաքական համակարգի վրա: Դրանով է պայմանավորված նաև, որ սույն թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուները գրեթե մասնակցության հայտ չեն ներկայացրել. քաղաքական համակարգը դեռ չի մարսել վանաձորյան վայրագությունն ու հուսահատության ախտը:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը մնում է իր սկզբունքներին հավատարիմ և իր պայքարում հաստատակամ. մենք պայքարելու ենք Սահմանադրական դատարանում՝ հասնելու համար այս ապօրինության և անարդարության ճշմարիտ հանգուցալուծմանը: Մենք լիովին պատրաստ ենք նոր ընտրությունների և կարող ենք մրցակցային պայմաններում Վանաձորում գլխովին ջախջախել իշխանությանը։ Ես վստահ եմ, որ մենք փակելու ենք Վանաձորի կյանքի այս անփառունակ էջը՝ վերջ դնելով թալանին, անպատասխանատվությանն ու դիլետանտությանը: Եթե ես գեթ մի օր չհավատամ այն առաքելությանը, որն իրականացնում եմ, անմիջապես կլքեմ քաղաքականությունը: Մենք ունենք մեր երկրի զարգացման ընթացքը փոխելու հնարավորություն և կամք:

Մեզ անհրաժեշտ է ավելացնել այն քաղաքացիների տեսակը, ովքեր պատրաստ են մեզ հետ անդադար և առանց հուսահատվելու պայքարել՝ կերտելու մեր երազանքների Հայաստանը, որտեղ մեկընդմիշտ կբացառվի այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ»:




Լրահոս