Արտաշես Գեղամյանը չի՞ վախենում, որ ականատեսները կխոսեն ծեծի մասին

Արտաշես Գեղամյանը չի՞ վախենում, որ ականատեսները կխոսեն ծեծի մասին

ԱԺ «Ելք» խմբակցությունը նախօրեին պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը՝ նախորդ շաբաթ պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասները քննելու համար: ԱԺ ճեպազրույցների ժամին ընդդիմադիր խմբակցության անդամները չբացառեցին, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը պետք է քննարկի անգամ Արտաշես Գեղամյանին մանդատից զրկելու հարցը:

«Դուք ինքներդ տեսաք, որ ես հակված չէի տեղի ունեցածին քաղաքական հնչեղություն հաղորդել, բայց այդ միջադեպից հետո տեսանք, որ ՀՀԿ-ն դրա շուրջ լուրջ հանդուրժողական մթնոլորտ է փորձում ստեղծել եւ հստակ գնահատական չտալ տեղի ունեցածին»,- նշեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համաձայն չէ, որ իրենց կողմից համապատասխան արձագանք չի եղել: «Ես նորմալ եմ ընդունում այդ հանձնաժողովի ստեղծումը, քանի որ դա յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է: Ինձ թվում է, որ այդտեղ երկկողմ ասելիքներ կլինեն: Հանրապետականներն անմիջապես արձագանքել են միջադեպին: Նորից կրկնեմ մեր գնահատականը, որ անթույլատրելի են նման դեպքերը», – նշեց Բաղդասարյանը:


Պարզվում է՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը եւս հանգիստ է վերաբերվում էթիկայի հանձնաժողովում իրեն առնչվող էթիկայի խախտմամբ հարցը քննարկելու հեռանկարին: Համենայնդեպս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, թե անհանգստանալու որեւէ պատճառ չունի:

-Պարո՛ն Գեղամյան, ինչպե՞ս եք վերաբերվում «Ելք» խմբակցության նախաձեռնությանը:

-Շատ նորմալ, թող ստեղծեն:

-Իրենք բարձրացնելու են նույնիսկ Ձեզ մանդատից զրկելու հարցը:

-Իսկականից հաջողություն եմ ցանկանում իրենց այդ սխրալի գործում: Ես դեմ չեմ, որովհետեւ կբացահայտվի դիմացի կողմի ով լինելը, իրական ինչ լինելը:

-Բայց ականատեսներ կան, որոնք կարող են պատմել տեղի ունեցածը, ինչը այնքան էլ Ձեր շահերից չի բխում: Անհանգստանալու խնդիր չունե՞ք:

-Ավելի լավ, որ ականատեսներ կան, շատ ավելի լավ: Բացարձակապես չի բացահայտվի այնպիսի բան, որը կարող է ինձ վնասել: Արդարությունը հաղթանակել է այդ օրը: Իսկականն է, թող անպայման այդ քայլին դիմեն իրենք, բայց արդյունքների համար հետո թող մեղավոր միայն ու միայն իրեն համարի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին խորհրդարանում բախում էր տեղի ունեցել պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: ԱԺ նիստերի դահլիճում լեզվակռվից հետո երկու պատգամավորները հանդիպել էին արդեն միջանցքում, եւ զրույցն ավարտվել էր փոխադարձ ծեծկռտուքով՝ ոտքերով, ձեռքերով, հայհոյանքներով:

 Նաիրա Հովհաննիսյան