ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պոբեդա»-ի ավիատոմսերն այլեւս 10 հազար դրամ չեն. կտրուկ թանկացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2016 թվականի տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգեւորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան` 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, դա տեւեց ընդամենը մի քանի օր: Եւ ընկերությունը Հայաստանում կարճ ժամանակահատված գործելուց անմիջապես հետո զգալի թանկացրեց ավիատոմսերը: Նշենք, որ ավիաընկերությունը առաջարկում է 3 սակագին` ստանդարտ, պլյուս եւ պրեմիում:

Օրինակ՝ երեկվա` հոկտեմբերի 10-ի՝ Գյումրիից Մոսկվա ուղղության ստանդարտ ավիատոմսը բյուջետային ավիաընկերությունը վաճառել է 98 հազար 200 դրամով: Նույն օրվա Գյումրի-Մոսկվա ուղղության պլյուս սակագինը կազմում է 107 հազար 241 դրամ, իսկ ահա պրեմիում սակագինը կազմում է մոտ 140 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը ընկերության պաշտոնական կայքէջում փոքրիկ ուսումնասիրություն կատարելուց հետո պարզեց, որ հոկտեմբերի 12-ի դրությամբ ստանդարտ սակագինը Գյումրիից դեպի Մոսկվա կազմում է մոտ 87 հազար դրամ: Պլյուս սակագինը նույն օրվա համար ընկերությունն առաջարկում է 96 հազար դրամ, պրեմիումը` 128 հազար 200 դրամ: Նշված սակագները պահպանվելու են նաեւ հոկտեմբերի 14-ին: Ճիշտ է՝ ընկերությունը հոկտեմբերի 19-ին փոքր-ինչ ցածր սակագնով է առաջարկում ավիատոմս, բայց ոչ 10 հազար դրամի սահմաններում, ինչպես խոստացել էր. նույն օրը ստանդարտ սակագինը կազմում է 63 հազար 400 դրամ, ապա պյուսը` 72 հազար 500 դրամ, պրեմիումը` 104 հազար 643 դրամ:

Հիշեցնենք, որ «Պոբեդա» ավիաընկերությունը պատկանում է «Աէրոֆլոտ» խմբին: Այսինքն՝ «Պոբեդա»-ն «Աէրոֆլոտ»-ի լոու-քոստերն է` էժան թռիչքներ իրականացող կամ բյուջետային ավիաընկերությունը: Բայց նշված լոու-քոստերը Հայաստանում իր գործունեության ընթացքում երբեւէ 10 հազար դրամով ավիատոմս չի վաճառել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս