Թրամփը ընդդեմ Հայաստանի երևակայական հույսի. ի՞նչ կտա վարչապետի` Իրան այցը Հայաստանին

Թրամփը ընդդեմ Հայաստանի երևակայական հույսի. ի՞նչ կտա վարչապետի` Իրան այցը Հայաստանին

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չարիքի պետությունների շարքում Հյուսիսային Կորեայի կողքին ներկայացրեց նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա էլ այն դեպքում, երբ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ գործում է միջուկային համաձայնագիրը, որին, ի դեպ, միանգամայն դեմ է Թրամփը։ Եվ ահա վերջին օրերին համառ տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ Թրամփը պատրաստվում է չեղարկել այդ համաձայնագիրը: Դեպքերի այդպիսի զարգացումը չափազանց անցանկալի կլինի Հայաստանի համար:


Թրամփը դեռ նախընտրական շրջանում էր ամեն առիթի դեպքում հայտարարում, որ Իրանի հետ Օբամայի կնքած համաձայնագիրը խիստ վատն է, եւ նախագահ դառնալուն պես անմիջապես չեղարկելու է այն: Այս օրերին ԱՄՆ իշխանության ներսում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում պայմանագրի չեղարկումը գոնե քաղաքականապես հիմնավորելու համար: Այդ կապակցությամբ Թրամփի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական ՄըքՄասթերը մի խումբ դեմոկրատ սենատորների հրավիրել էր Սպիտակ տուն՝ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Հայտնի է, որ Օբամայի վարչակազմի կնքած համաձայնագիրը վայելում է դեմոկրատների աջակցությունը եւ դրա չեղարկման ամենամեծ ընդդիմախոսությունը սպասելի է առաջին հերթին նրանցից: Ամերիկյան լրատվամիջոցներին հասու տարբեր աղբյուրներ փոխանցում են, որ ՄըքՄասթերն ինքն էլ այնքան խանդավառված չի եղել համաձայնագրի չեղարկմամբ: Ըստ տեղեկատվության՝ հանդիպումը նախաձեռնելիս նա նպատակ է ունեցել լուրջ հիմնավորումներ գտնել համաձայնագրի չեղարկումը կասեցնելու համար: Թեպետ խորհրդականը երբեք չի ակնարկել, որ համամիտ չէ նախագահի դիրքորոշման հետ, սենատորների հետ զրույցում արձանագրել է, որ իրեն համոզելու կարիք չկա: Բայց եւ այնպես, CNN-ի աղբյուրները փոխանցում են, որ դեմոկրատ սենատորները ճիշտ չեն ընկալել հանդիպման տրամաբանությունը, քանզի ՄըքՄասթերը ոչ միայն Թրամփի իրանյան քաղաքականության մշակողն է, այլեւ համակարգում է դրա համար ստեղծված մի ամբողջ խումբ: Նրա նպատակն է առնվազն լրջորեն վերանայել համաձայնագիրը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ օրերս Թրամփը հայտարարելու է Իրանի հետ միջուկային համաձայնագրի չեղարկման մասին: Սակայն անգամ Թրամփի վարչակազմում միանշանակ դիրքորոշում չկա համաձայնագրի նկատմամբ: Օրինակ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, պատասխանելով սենատորներից մեկի հարցին, թե արդյոք ԱՄՆ ազգային անվտանգության շահերից է բխում համաձայնագրի պահպանումը, դրական պատասխան էր տվել: Խնդիր է առաջանում նաեւ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ, որը անգամ Հս. Կորեայի դեպքում է կողմնակից դիվանագիտական ճանապարհով հարցերի լուծմանը: Իսկ վերջին սկանդալը Թիլլերսոնի անվան շուրջ է՛լ ավելի է լարում պետքարտուղարի ու նախագահի հարաբերություններն ու խճճում իրանյան համաձայնագրի շուրջ վարչակազմի միասնական դիրքորոշումը: Մինչեւ հոկտեմբերի 15-ը Թրամփը պարտավոր է ԱՄՆ Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնել եւ հայտնել՝ արդյոք Իրանը կատարում է իր պարտավորությունները, թե ոչ։ Հաշվի առնելով Թրամփի տրամադրվածությունն ու իր համոզմունքները մինչեւ վերջ պնդելու հակումը՝ հազիվ թե նա հակասի նախկին հայտարարություններին: Առավել հավանական է, որ նա կհայտարարի համաձայնագրի չեղարկման մասին, ինչպես Կուբայի դեպքում, սակայն չի վերականգնի նախկին պատժամիջոցները: Այսժամ ԱՄՆ-ն խնդիրներ կունենա նաեւ իր դաշնակիցների հետ, քանզի Իրանի միջուկային համաձայնագիրը կնքվել էր Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի ու Եվրամիության մասնակցությամբ: Հազիվ թե մյուս տերություններից որեւիցե մեկը հետեւի Թրամփին, իսկ այդ դեպքում ԱՄՆ-ն կմնա մեկուսացած: Ընկած լինելով Օբամայի բոլոր հաջողությունները մեկիկ-մեկիկ կոտրատելու անիմաստ տենդի մեջ՝ Թրամփը չի էլ նկատում, որ աստիճանաբար մեկուսացնում է Միացյալ Նահանգները՝ անվստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերելով։ Ամերիկյան համաշխարհային առաջնորդությունը տարիների ընթացքում ոչ այնքան պահպանվել է ուժի միջոցով, որքան պետության ստանձնած պարտավորությունների հետեւողական հարգման ճանապարհով, երբ փոխվում էին նախագահները, սակայն ոչ պետության ռազմավարությունը: Թրամփը այստեղ էլ օրիգինալ է, սակայն չկարողանալով այլընտրանք գտնել՝ պարզապես ոչնչացնում է նախորդների հաջողությունները՝ ձեռքը կրկին տանելով պատերազմի կոճակին:

Երբ կնքվեց Իրանի միջուկային համաձայնագիրը, պալատական ներբողները ճամարտակում էին հայ-իրանական համագործակցությամբ սարեր շուռ տալու մասին, այնինչ՝ չափազանց ակնհայտ էր, որ քանի դեռ Սերժ Սարգսյանի ռուսական կախվածությունը գոյություն ունի, հայ-իրանական գործակցության մասին խոսելն ավելորդ է: Այդուհանդերձ, թեեւ Հայաստան-Իրան հարաբերությունները գործնականում չվերափոխվեցին, եւ Հայաստանը սրբորեն չօգտվեց Իրանի բացված շնչառությունից, ամերիկյան ճնշումը հայ-իրանական հարաբերությունների վրա այլեւս առաջվանը չէր: Իսկ նախկինում իրավիճակը չափազանց վտանգավոր էր նույնիսկ այն աստիճան, որ Սերժ Սարգսյանը ամերիկացիներից թույլտվություն էր խնդրում՝ Իրանին ժամկետանց զենք վաճառելու համար, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիազ Ռայսի առաջ արդարանում, որ Իրաքում Հայաստանի միջոցով Իրանին վաճառված զենքից չեն սպանվել ամերիկացի զինվորները: Իրանի հետ միջուկային համաձայնագրի չեղարկման դեպքում ԱՄՆ-ի կառավարող վերնախավը կրկին հիվանդագին կեցվածք է որդեգրելու Իրանի հետ առնչվող ցանկացած հարցում: Եթե հույս կար, որ գոնե մի ինչ-որ պահի Հայաստանը կկարողանար սողոսկել ռուսական սրատես աչքից ու ապավինելով ամերիկացիների հանդուրժողականությանը՝ լրջորեն գործակցեր Իրանի հետ, դա էլ աստիճանաբար ի չիք է լինում: Թրամփը, այսպիսով, իր գործողություններով անուղղակիորեն սպանում է նաեւ Հայաստանի հնարավոր այլընտրանքները:
Ու այդ ֆոնին անչափ հետաքրքիր են ՀՀ վարչապետի այցը Իրան եւ արձանագրված արդյունքները:
Ն. Հովսեփյան