Զբոսաշրջությունը զարգանում է բացառապես «ոտքերով քվեարկելու» արդյունքում. պետք է լրջորեն զբաղվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդկանց արտահոսքը դեպի Հայաստան շարունակվում է: Ըստ պաշտոնական տեղեկության՝ Հայաստան ընդհանուր այցելությունները 2017թ. հունվար-հունիս ամիսներին կազմել են 1.350.791: 2016թ. նույն ամիսների համեմատ գրանցվել է 24.3 տոկոս աճ (2016թ. այդ ցուցանիշը կազմել է 1.086.466):

Իսկ Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել են 622.381: 2016 թվականի նույն ամիսների համեմատ գրանցվել է 24.2 տոկոս աճ: 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 501.118: Սա, իհարկե, լավ ցուցանիշ է, քանի որ տուրիզմը կփրկի Հայաստանը: Բայց այս թվերով ոգեւորվել դեռ պետք չէ, քանի որ զբոսաշրջությունը զարգանում է բացառապես «ոտքերով քվեարկելու» արդյունքում: Ու եթե որեւէ զբոսաշրջիկ Հայաստանի տաքսու «գրդոնչի» վարորդների, խանութների բռի աշխատակիցների ու հասարակական զուգարանների բացակայության եւ խայտառակ ավտոճանապարհների մասին պատմի իր ծանոթ-բարեկամին, դժվար թե որեւէ մեկը ցանկանա Հայաստան գալ: Այդ իսկ պատճառով զբոսաշրջության զարգացման գործընթացը ամենօրյա շարունակական աշխատանք է՝ կոնկրետ ոլորտներ կարգավորելով: Ընդ որում, այդ կարգավորումները պետք է սկսել ներսից:

Իսկ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ամեն անգամ իր հարցազրույցներում հայտարարում է, թե Հայաստանը դրսում ճանաչելի դարձնելու խնդիր ունի, եւ իրենք այդ խնդիրն են լուծում: Միչդեռ այս իրավիճակում Հայաստանին ճանաչելն ամենեւին էլ մեր շահերից չի բխում: Պետք է լրջորեն զբաղվել տուրիզմի ոլորտի սպասարկուներով: Ընդ որում, այդ սպասարկուները հնարավոր է, որ ամենեւին էլ կապ չունենան պետական որեւէ օղակի հետ: Բայց նույնիսկ անհատ ձեռնարկատերերի ու մասնավոր ձեռնարկությունների հետ ամենօրյա քրտնաջան բացատրա-պահանջատիրական աշխատանքը օր առաջ անհրաժեշտ է արդյունավետ հանգրվանի հասցնել:




Լրահոս