Նոյեմբերյանում Մշակույթի տներ են թալանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահեռավոր Բարեկամավան, Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ, Խաշթառակ գյուղերի մշակույթի տները թալանվել են: Ու թեեւ Բարեկամավանը եւ Սարիգյուղը Ադրբեջանին սահմանամերձ համայնքներ են, սակայն այդ գյուղերի մշակույթի տներն ադրբեջանցիները չեն թալանել:

Հիշեցնենք, որ դեռ 2013թ. Բարեկամավանի բնակիչները ահազանգեցին «Ժողովուրդ» օրաթերթին, որ գյուղի մշակույթի տունը քանդում են եւ որպես շինանյութ տրամադրում: Բարեկամավան համայնքի ղեկավար Գարիկ Աբազյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են քանդում մշակույթի տունը: Նա այն ժամանակ ասաց, որ մշակույթի տան շենքը ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծված է, շենքը պիտանի չէ շահագործման, դրա վերաբերյալ կա շինարարական կազմակերպության փորձաքննական եզրակացությունը:

Գ. Աբազյանը հայտնեց, որ կառույցը քանդելու համար կա համայնքի ավագանու որոշում, մշակույթի տան շինանյութը տրամադրվել է Բարեկամավանի մի բնակչի, որը գյուղի խմելու ջրագիծն է սպասարկում, համայնքապետարանը որպես աշխատավարձ այդ բնակչին պարտք է շուրջ 300 հազար դրամ, այդ շինանյութը տրամադրել է աշխատավարձի պարտքի դիմաց: Բարեկամավանի բնակիչները հայտնեցին, որ մշակույթի տան շենքն ամենեւին էլ ադրբեջանական հրետակոծությունից շարքից դուրս չէր եկել, տանիքի մի քանի ազբոշիֆեր էր վնասվել ադրբեջանական գնդակոծությունից: Բարեկամավանցիների վկայությամբ՝ քանդված մշակույթի տան շինանյութը վաճառվել է Բարեկամավանի հարեւան՝ Կոթի գյուղի բնակիչներին, որոնք դրանով Կոթիում անասնապահական ֆերմա են սարքել:

Բայց մշակույթի տների «սպանդը» այդքանով չի ավարտվել: 2009թ. դեկտեմբերից մինչեւ 2010թ. ապրիլ ամիսը Տավուշի մարզում ավելացել էր անասնագողությունների թիվը, եւ անասնագողությունների դեմ պայքարի նպատակով Սարիգյուղի մշակույթի տանը տեղակայվեց ՊՆ հատուկ նշանակության ջոկատը, որպեսզի պայքարեր գողության դեմ: Ու հենց այդ ջոկատն էլ մշակույթի տան գույքը փչացրել է: Հատուկ նշանակության ջոկատի անդամները քանդել եւ որպես վառելիք են օգտագործել մշակույթի տան մանրահատակը, դռների մի մասը, դրանց եւ լուսամուտների չոր սյուները, փայտյա շրջանակները, եւ այլն: Սարիգյուղի բնակիչները չեն պաշտպանել համայնքի սեփականություն հանդիսացող մշակույթի տունը:

Խաշթառակ գյուղում եւս մշակույթի տուն չկա: Իհարկե, այն սահմանամերձ չէ, Տավուշի մարզկենտրոն Իջեւանից 11 կմ հեռավորությամբ է գտնվում: Բայց Խաշթառակի մշակույթի տունը 5-6 տարի առաջ ավերվել, թալանվել է, սակայն այդ կապակցությամբ նախկինում հարուցված քրեական գործը փակվել է: Ավելին՝ չգործող, թալանված մշակույթի տան աշխատակիցները համայնքի բյուջեից տարիներ շարունակ աշխատավարձ են ստացել, սակայն դա էլ իրավապահներին չի հետաքրքրել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ
Լուսանկարում՝ Բարեկամավանի մշակույթի տունը մինչեւ քանդելը




Լրահոս