ԼՈԼԻԿԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ տարվանից ՌԴ-ն կարող է մասնակիորեն թույլատրել թուրքական լոլիկի ներկրումն իր երկիր: Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, թե այդ դեպքում ներկրման ծավալները չեն գերազանցի տարեկան 50 հազար տոննան: ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովն էլ իր հերթին նշել է, թե նախատեսվում է ռուսական շուկան թուրքական լոլիկի համար բացել միջսեզոնային շրջանում՝ տարվա վերջից մինչեւ հաջորդ տարվա գարուն:

Այս ամենը բավական տխուր հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար: Կզարմանաք: Կմտածեք՝ ի՞նչ կապ ունի թուրքական լոլիկի ՌԴ ներկրումը Հայաստանի տնտեսության հետ: Պարզվում է՝ շատ ուղղակի: Փորձենք բացատրել:
Մինչեւ 2015 թվականի նոյեմբերին Սիրիայի տարածքում թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպը Թուրքիայից Ռուսաստան էր արտահանվում տարեկան ավելի քան 345 հազար տոննա լոլիկ: Սակայն այդ միջադեպից հետո, երբ սրվեցին երկու երկրների միջեւ հարաբերությունները, ՌԴ-ն սկսեց արգելքներ հարուցել թուրքական ապրանքների, այդ թվում՝ լոլիկի ներկրման հարցում՝ այդպես փորձելով տնտեսական պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ:
Եւ ահա դրանից անմիջապես հետո կտրուկ ավելացան Հայաստանից ՌԴ լոլիկի արտահանման ծավալները, այնպես որ, գյուղատնտեսական այդ մթերքը հայտնվեց ՀՀ-ից արտահանված, առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թվականին Հայաստանից արտահանվել էր 131.5 տոննա լոլիկ, 2015թ. այդ թիվը դարձավ 1 հազար 129.7 տոննա, իսկ ահա 2016 թ. լոլիկի արտահանման ծավալները հասան 35 հազար 842 տոննայի: Այս տարվա առաջին կիսամյակում եւս պահպանվել են լոլիկի արտահանման ծավալները՝ 18 հազար 455,4 տոննա:
Միայն թե լոլիկի արտահանման նման կտրուկ աճն անսպասելի էր, միաժամանակ լուրջ կասկածների տեղիք տվեց: Կասկածներ, որոնք մինչեւ հիմա փարատված չեն:
Մասնավորապես շատ էր խոսվում այն մասին, որ Հայաստանից ՌԴ արտահանվել է ոչ միայն հայկական, այլեւ ավելի շատ թուրքական ծագման լոլիկ, պարզապես այդ ամենն արտահանվել է հայկական արտադրանքի անվան տակ: Դեռ ավելին՝ համառ կասկածներ կային, որ Թուրքիայից Հայաստան բերված, այնուհետեւ ՌԴ արտահանված լոլիկները չեն ֆիքսվել մաքսային վիճակագրությամբ, իսկ եթե, այնուամենայնիվ, ֆիքսվել են, ապա ներկրվել են միանգամայն այլ ապրանքի անվան տակ: Այսինքն՝ եղել է մեծ աֆյորա, բնականաբար, իշխանության ամենաբարձր օղակների գիտությամբ եւ մասնակցությամբ:
Ճիշտ է՝ իշխանություններն ամեն կերպ փորձել են հերքել այդ լուրերը, փորձել են համոզել, թե մեր շուկայում թուրքական լոլիկ չկա, որ արտահանվել է տեղական արտադրության մթերքը: Ու որպեսզի այս հերքումներն ավելի հիմնավոր լինեին, դեռ նախորդ տարվա հունիսին գյուղատնտեսության նախարարության կողմից բերվեցին փաստարկներ, թե 2011թ. հանրապետության տարածքում շահագործվում էր ավելի քան 510 հա ջերմատուն եւ ջերմոց, իսկ 2016 թվականի հունիսի 28-ի դրությամբ ջերմատների եւ ջերմոցների ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 1220.8 հա: Այդ պարզաբանման մեջ նաեւ նշված էր, թե ըստ ԱՎԾ տվյալների՝ 2015 թվականին լոլիկի ցանքատարածությունները կազմել են 7401 հա, համախառն բերքի ծավալը՝ 320 հազար 183 տոննա, իսկ 2016 թվականին, օպերատիվ տվյալներով, լոլիկի ցանքերը կազմել են 7900-8000 հա, հետեւաբար ավելացել են նաեւ բերքի ծավալները։ Այնպես որ, ըստ իշխանությունների՝ այդքանից հետո բնական էր նաեւ լոլիկի արտահանման ծավալների աճը: Բայց այս հիմնավորումներն այնքան էլ համոզիչ չեն:
Ինչեւէ, ռուսական շուկա Հայաստանից լոլիկի՝ նման ծավալներով «ներխուժումը» նպաստեց, որ իշխանությունները նախորդ տարի կարողանան պաշտոնական վիճակագրությամբ արտահանման բարձր ցուցանիշներ արձանագրել. 2016թ. Հայաստանի արտահանման ծավալներն աճել էին 20 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 782,9 մլն դոլար: Զգալի աճել էր ԵՏՄ անդամ երկրներ արտահանումը՝ 53 տոկոսով. նախորդ տարի արտահանվել էր 392.1 մլն դոլարի ապրանք, որի մեծ մասը՝ 371 մլն դոլարը, միայն ՌԴ: Այս տարվա առաջին կիսամյակում եւս ավելացել են դեպի ԵՏՄ անդամ երկրներ, մասնավորապես ՌԴ արտահանումները. հունվար-հունիսին ՌԴ է արտահանվել 219,2 մլն դոլարի ապրանք՝ մոտ 27,3 տոկոսով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ու հիմա, եթե հաջորդ տարի ՌԴ-ն ու Թուրքիան վերջնականապես համաձայնության գան լոլիկի ներկրման հարցում, ապա հայկական լոլիկը եթե ոչ ամբողջությամբ, ապա նկատելիորեն դուրս կմղվի ռուսական շուկայից, ինչն էլ իր կտրուկ հետեւանքները կունենա պաշտոնական վիճակագրության, արտահանման ծավալների վրա: Իսկ իշխանությունները, եթե հիշում եք, մտադրվել են տարեցտարի ավելացնել արտահանումը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ԴԱՇՆԱԿՆԵՐՆ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ
ՀՀ պետական բյուջեից Երեւանում բնակարանի վարձի փոխհատուցում ստացող պատգամավորներից մեկն էլ ՀՅԴ խմբակցության անդամ Անդրանիկ Կարապետյանն է` հսկայական ունեցվածքի տեր անձնավորություն, որի ընտանիքին է պատկանում Էջմիածնի «Մոնոլիտ» գործարանը: Ավելին՝ նա բնակվում է Էջմիածնում, որտեղ Երեւանից կարելի է հասնել ընդամենը 20 րոպեի ընթացքում: Երբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Կարապետյանին, վերջինս խիստ վրդովված տոնով հայտարարեց. «Դիմեք իմ օգնականին»: Իսկ երբ հիշեցրինք, որ ինքն է այդ հարցով դիմել եւ անձամբ իր համար, նա շարունակեց վրդովված հակադարձել. «Ես եմ դիմել, որովհետեւ իմ իրավունքից օգտվել եմ: Ի՞նչ մի հարց ա, որ սարքել եք մեեեեծ թեմա, դնում եք, գրում եք: Ես օլիգարխ չեմ, ես հարուստ չեմ, ես իմ սահմանադրական օրենքներով լիազորված իրավունքներից եմ օգտվում»: Դիտարկմանը, թե Էջմիածինը շատ մոտ է Երեւանին, եւ հետո նա հսկայական ունեցվածք է հայտարարագրել` 150 մլն դրամ, 14 հեկտար հողամաս, «Տոյոտա Լենդ Քրաուզեր» մակնիշի մեքենա, Կարապետյանը չցանկացավ արձագանքել եւ արագ մտավ ԱԺ դահլիճ:
Ի դեպ, նույն խնդրով մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավորներից Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանին. «Եթե ծառայողական մեքենա տային, դրանից էլ կօգտվեի: Ես օլիգարխ չեմ, էն, ինչ հասանելի է ինձ, ստացել եմ: Նաեւ շնորհակալ եղեք, որ նախկին մարզպետը օլիգարխ չէ եւ դրա կարիքն ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ բնակարանի վարձն ավելին է, քան բյուջեից տրվող փոխհատուցումը, պարզապես մնացած մասն ինքն իր միջոցներից է հատկացնում:

 

 

ԽՈՒՍԱՓԵՑ
Արդեն մի քանի օր է՝ ինչ լրատվական միջոցներն ակտիվորեն քննարկում են սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը, որից հետո նախարարը, մեղմ ասած, այնքան էլ լավ վիճակում չի հայտնվել: Բանն այն է, որ Սամվել Կարապետյանի մասին նրա հայտարարությանը հետեւեց Կարեն Կարապետյանի գրասենյակի պաշտոնական պատասխանը: Սակայն դրանով հարցը չի ավարտվել, եւ Հրաչյա Ռոստոմյանը նախատինքներ է ստացել: Երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն Ազգային ժողովում էր, սակայն հասկանալով լրագրողների սպասվող հարցերը՝ ամեն կերպ խուսափեց նրանցից: Երբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ Սերժ Սարգսյանից եւ Գագիկ Ծառուկյանից նկատողություն ստացել է, թե ոչ, նա նշեց. «Ես 16:15 կխոսեմ բոլոր լրագրողների համար, առանձին չէ», – հայտարարեց նա: Սակայն այդ ժամն էլ անցավ, նիստն էլ ավարտվեց, եւ Հրաչյա Ռոստոմյանը սովորության համաձայն՝ խուսափեց լրագրողների հարցերից: Դե, ինչ ասեր այդքան նախատինքներ ստանալուց հետո:

 

 

 

ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, պատասխանելով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին, նշել է, որ Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքը մատակարարել է միջազգայինից ցածր գներով: «Ձեռք բերված զինատեսակների ծավալի եւ դրա դիմաց կատարված վճարումների հարաբերակցությունը ցույց են տալիս, որ մենք կարողացել ենք համապատասխան Ռուսաստանի Դաշնության ներքին շուկայական գներով, իսկ որոշ դեպքերում դրանից էլ ցածր գներով կնքել պայմանագրեր եւ իրականացնել մատակարարումներ»,-ասել է Արտակ Զաքարյանը: Ըստ նրա՝ պայմանագրով նախատեսված գործառույթները լիաժեք ձեւով իրականություն են դարձել:

 

 

ԿԻՆԸ ՉԻ ԶԵԿՈՒՑԵԼ
ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը տեղյակ չէ, որ սննդամթերքի շուկայում վերջին օրերին զգալի թանկացումներ են գրանցվել: Լրագրողների հետ զրույցում խորհրդարանականն իր անտեղյակությունը բացատրել է ընդամենը երկու օր առաջ Հայաստան վերդարձած լինելու հանգամանքով: Լրագրողների հարցին՝ ով է իրենց տանը գնումներ կատարում, Ալիկ Սարգսյանը պատասխանել է՝ կինը, սակայն վերջինը դեռ չի հասցրել թանկացումների մասին «զեկուցել» իրեն: «Ես առեւտուր չեմ արել, թանկացումների մասին տեղյակ չեմ, ենթադրություններ չեմ կարող անել: Միգուցե կես դրամ թանկացում է եղել: Թույլ տվեք՝ հարցի էությանը ծանոթանամ, այնուհետ անհրաժեշտ հետեւություններ կանենք՝ ինչու է թանկացել»,-ասել է նախկին ոստիկանապետը:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածության, ՀՀ-ԵԽ գործողությունների 2015-2018թթ. ծրագրի իրականացման շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

 




Լրահոս