ՊԵՏՔ ՉԷ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ զրուցել է վերջինիս պաշտոնավարման մեկ տարում գրանցված արդյունքների, բերքի իրացման, ոռոգման համակարգի խնդիրների, Հայաստանում տեղի ունեցած խոշոր հրդեհների մասին եւ ոչ միայն:

-Պարո՛ն Առաքելյան, մեկ տարի նախարար եք, 3 ձեռքբերում կարո՞ղ եք նշել, որը գյուղացու կյանքը թեթեւացրել է:
-Հույս, հավատ, սերը որ կա, հիմա այդ փուլում ենք: Չեմ կարող ասել, որ հիմա ռեալ եւ կոնկրետ ինչ-որ բան կա, որն այսօր գյուղացու կյանքը թեթեւացրել է: Շատ խնդիրներ կան: Մանավանդ այս տարին շատ բարդ էր՝ բնակլիմայական պայմաններից ելնելով: Բայց այն, որ գյուղատնտեսությունում տեսնում ենք նոր ծրագրեր, որոնք կարող են նոր բան բերել, նոր տեխնոլոգիաներ, որոնք մենք փորձում ենք բերել, գյուղտեխնիկա, խորհրդատվության զարգացում, մասնագետների հայթայթում, կրթության հանդեպ ուշադրություն: Դա մեկ տարվա ընթացքում չենք կարող ասել, որ արդյունքի կբերի: Ժամանակ է պահանջվում, որ այդ նոր համակարգերը ներդրվեն:
-Հայ գյուղացին տարիներ շարունակ մեկ հիմնական բողոք ունի աշնանը՝ բերքի իրացում: Ինչո՞ւ չեք օգտվում ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկայից եւ կազմակերպեք գյուղացու բերքի իրացումը, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը շարքային գյուղացու համար էլ ձեռնտու լինի, ոչ թե միայն խոշորներին:
-Այս տարի այդպիսի խնդիր չունենք: Բարեբախտաբար արտահանումն աճում է: Ե՛վ թարմ, ե՛ւ վերամշակված պտուղ-բանջարեղենը արտահանվում է: Այս պահին ընթանում է խաղողի մթերումը, որեւէ խնդիր չունենք, անգամ խաղողի համար գնի բարձրացում կա, որը օգուտ է ֆերմերներին: Բոլոր հնարավորությունները, որոնք մենք կարող ենք օգտագործել, օգտագործում ենք:
-Մսի գինը գնալով աճում է: Պատճառներից մեկն այն է, որ անասուն պահելը շահավետ չէ գյուղացու, ֆերմերի համար: Դուք՝ որպես գյուղնախարար, ի՞նչ եք անում, որ միսը էժանանա:
-Որեւէ պետական օրենսդրական դաշտի կարգավորում չի կարող բերել այդպիսի թանկացմանը: Դրա ազդեցությունն այնքան մինիմալ է, որ անգամ մրցակցային դաշտի պայմաններում չի էլ լինի որեւիցե թանկացում: Ուրիշ բան, ո՞ր թանկացման համար: Դա եղանակային պայմաններն են, որոնք բերել են անասնակերի թանկացմանը, ինչն էլ բերել է մսի գնի թանկացմանը: Կա սպառման աճ, որի տվյալներն այս պահին մենք ուսումնասիրում ենք: Ամեն մեկն առանձին չի կարող ազդեցություն ունենալ մսի գնի վրա, բայց կոմպլեքսով իրար հետ՝ արտահանումը, սպառումը, եղանակային պայմանները, կարող են բերել գնի բարձրացման: Երբեք պետք չի դրանից անհանգստանալ, դա ուղղակի այս իրավիճակից ելնելով է: Շուկան կկարգավորի դա: Ես չեմ հավատում նրան, որ գները կբարձրանան, կիջնեն, նորից կբարձրանան: Այս բարձրացումը ավելի շատ պանիկային բարձրացում է, հետո իջեցում կլինի, եւ գինը կկարգավորվի: Ինչպես ամեն ինչն է երկրում կարգավորվում: Ամեն ինչ փոփոխական է, չի կարող լինել միշտ նույն գինը:
-ՀՀ-ն աշխարհի եզակի երկրներից է, որ իր ջրային պաշարների հարստությամբ աչքի է ընկնում, սարերում ջրերը հոսում, կորչում են, բայց ջրային կոմիտեի նախագահը հայտարարեց, որ էկոնոմ ռեժիմով է այս տարի ջուր հատկացվել: Արդյունքում հարյուրավոր հեկտար այգիներ չորացան: Ի՞նչ կոնկրետ քայլեր եք արել այս ուղղությամբ, որ գոնե մյուս տարի այգիներ չչորանան:
-Բոլոր դեպքերում մեր գերխնդիրն է այնպես անել, որ մյուս տարի այգիները չչորանան: Ուղղակի տարվա սկզբից Ախուրյանի ջրամբարը չլցվեց՝ նաեւ ձնհալի խնդիրներից ելնելով: Ախուրյանի ջրամբարը չլցվեց, ինչն էլ թույլ չտվեց նորմավորված ոռոգման կազմակերպումը: Բնական է՝ հետեւանքները տեսնում ենք: Որոշ ջրամբարները եւ ջրագծեր վերանորոգվելու են, շատ աշխատանք կա այնտեղ, եւ մենք ջրային պետական կոմիտեի հետ միասին աշխատում ենք: Քարտեզագրում ենք, որտեղ կարելի է նոր կառույցներ կառուցել, որոնք թույլ կտան ոռոգել, ջրի ծավալներ հավաքել նորից, ավելացնել: Խնդիրն այս տարի ավելի շատ բնակլիմայական էր, որը թույլ չտվեց ջրամբարել շատ ջուր, այն, ինչ մեզ անհրաժեշտ էր: Բայց այս կարգի եղանակային պայմանները մեր հարեւան բոլոր երկրներում էլ եղել են, եւ իրենք էլ խնդիր ունեն, ե՛ւ ոռոգման, ե՛ւ բերքատվության, ե՛ւ գնի բարձրացում կա: Այնպես չի, որ միայն Հայաստանն է այդ պայմաններում: Մենք պետք է հարմարվենք եւ կարողանանք որոշակի հետեւություններ անել:
-Խոսրովի անտառում բռնկված խոշոր հրդեհի ժամանակ, պարո՛ն նախարար, Ձեզ այդպես էլ չտեսանք դեպքի վայրում, ի տարբերություն մյուս 2 պատասխանատու նախարարների՝ Դավիթ Տոնոյանի եւ Արծվիկ Մինասյանի: Ինչո՞ւ, Ձեզ չէ՞ր հետաքրքրում անտառների հրդեհը:
-Գյուղատնտեսության նախարարության համապատասխան մարդիկ տեղում էին, ակտիվ մասնակցում էին, ինչ պետք է անեին, ըստ կանոնակարգի արվել է, եւ դեռ ավելին: Արվել է թիմային եւ խմբակային: Համապատասխան գերատեսչությունները իրենց գործը արել են մաքսիմալ չափով:
-ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը մեղադրանքներ էր հնչեցրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասցեին՝ հայտարարելով, որ հակահրդեհային միջոցառումներ պետք է իրականացնեն ե՛ւ «Հայանտառ»-ը, որը համակարգման ոլորտում մտնում է գյուղատնտեսության նախարարության մեջ, ե՛ւ պահպանվող տարածքները, որոնց համակարգման ոլորտը բնապահպանության նախարարությունն է:
-Չեմ կարծում, որ որեւէ մի կողմից մեղադրանք է հնչեցվել: Հայաստանի համար շատ վատ դեպք էր, նման մեծ հրդեհներ Հայաստանում չէին եղել, հետեւաբար մենք բոլորս պետք է կարողանանք պատրաստ լինել նման կարգի ճգնաժամային իրավիճակներին: Ես չեմ լսել, որ որեւիցե մեկը որեւիցե մեկին մեղադրում է: Դա ուղղակի կարող է նման մեկնաբանություն լինել, բայց ոչ մեկ մյուսին չի մեղադրել: Ամեն մեկն արել է իր մաքսիմալ հնարավորությունը, որպեսզի կարողանանք արդյունքի հասնենք հրդեհի հետ պայքարում:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

 

 

 

«ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԱՎՏՈՊԱՀԵՍՏԱՄԱՍ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ»

«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, որ Բագրատաշենի մաքսակետում Նոյեմբերյանի տարածաշրջանի աշխատող բնակիչներին աշխատանքից ազատել են, իսկ նրանց փոխարեն աշխատանքի են ընդունել հիմնականում երեւանցիների:

Նշել էինք նաեւ, որ ըստ որոշ դժգոհությունների` մաքսակետում նոր աշխատանքի ընդունվածների մի մասը ռուսերենին լավ չի տիրապետում: Իսկ ՀՀ-ի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մաքսային օրենսդրությանը տեղյակ չէ, չի էլ ձգտում սովորել, Բագրատաշենի մաքսակետի աշխատողները սահմանը հատողներին մաքսային օրենքները չեն պարզաբանում` ասելով, որ քաղաքացիներն իրենք պիտի իմանան օրենսդրությունը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանի հետ, ով անկեղծացավ` նշելով, որ այս ոլորտում բազմաթիվ բացթողումներ կան, որի արդյունքում մաքսակետի պետն անգամ աշխատանքից հեռացվել է: «Ընդհանրապես բողոքներից զերծ մնալը անհնար է, հիմա կարող է մեկ-երկու հոգի դժգոհ լինի կամ մեկ-երկու հոգի բարեկամ ունենա, որոնց մենք ազատել ենք աշխատանքից, եւ ձեզ դժգոհել են` նշելով, որ բոլորին հանում ենք աշխատանքից: Իսկ մաքսային օրենսդրությանը տեղյակ չլինելու մասով նշեմ, որ Եվրոպական միության կողմից մոնիտորինգ է անցկացվել, եւ պարզվել է, որ իմացության աստիճանը բարձր է»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահը:
Բացի այս՝ ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցինք, թե ինչու Բագրատաշենի մաքսակետով չի թույլատրվում ոչ մի ավտոպահեստամասի ներկրում այն դեպքում, երբ ԵՏՄ մաքսային օրենքներով թույլատրվում է առանց մաքսի ավտոպահեստամասեր ներկրել: Մեր հարցին ի պատասխան՝ Վ. Հարությունյանն ասաց. «Մենք ուսումնասիրություն ենք անում, հայտնաբերելու դեպքում պատժվելու են, որովհետեւ իրավունք չունեին նման բան անելու, խոչընդոտելու: 100 տոկոսանոց հասնել նրան, որ համակարգում աշխատեն անաչառ մարդիկ, հնարավոր չէ: 2000-3000 աշխատողների մեջ հնարավոր չէ՝ մեկ-երկու հոգի չփորձեն շեղվել»:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

140 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԿԱՇԱՌՔ
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ տեսուչ Արմեն Սարգսյանը եւ նույն ազգային պարկի ավագ անտառապահ Կամո Պողոսյանը ներկայումս դատվում են կաշառակերության հոդվածով: Համաձայն նրանց առաջադրված մեղադրանքի՝ 2017թ. մարտի 17-ից «Դիլիջան» ազգային պարկում որպես հատուկ տեսուչ աշխատող Արմեն Սարգսյանը, լիազորված լինելով կանխարգելել ՀՀ օրենսդրության եւ կազմակերպությունների ներքին կանոնադրության ռեժիմը խախտող ցանկացած գործողություն, վերահսկել անտառապահների ամենօրյա աշխատանքը. հանդիսանալով պաշտոնատար անձ, «Դիլիջան» ազգային պարկի պաշտոնատար անձ հանդիսացող, ազգային պարկի Հաղարծին տեղամասի ավագ անտառապահ Կամո Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ, 2017թ. մարտ ամսվա վերջերից մինչեւ ապրիլի սկիզբն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Սամվել Թամրազյանից պահանջել եւ ստացել են 140 հազար դրամ կաշառք:
Նրանք կաշառքը ստացել են «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը եւ փայտանյութն անտառից ապօրինաբար դուրս բերումը եւ Ս. Թամրազյանի կողմից սեփական հայեցողությամբ տնօրինումը թույլ տալու համար: Արմեն Սարգսյանին եւ Կամո Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայանությամբ կաշառք ստանալը»): Սույն հոդվածը նախատեսում է 7-12 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Ա. Սարգսյանը եւ Կ. Պողոսյանը գտնվում են կալանքի տակ: Այս քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

 

 

ՓԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՅԹԵՑՐԻՆ
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին Իջեւան քաղաքի հարավային ծայրին գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարի ջրթող անսարք փականների պայթեցման գործողություն է կատարվել: Այն իրականացրել են մասնագետ պայթեցնողները: Քաղաքապետն ասաց, որ փականների պայթեցումը հնարավորություն կտա ջրամբարն ամբողջությամբ մաքրել տիղմից եւ ջրաբերուկներից: Պայթեցումից հետո Աղստեւը շատ տիղմ ու ձուկ է բերել, իջեւանցիները ցանցերով որսացել են այդ ձուկը: Սակայն այդ պայթեցումից հետո ջրամբարն ամբողջությամբ չի մաքրվել: Օրերս այնտեղ էքստրեմալ ավտոսպորտի մրցումներ են անցկացվել: Խորհրդային տարիներին Իջեւանի «Սպիտակ ջուր» ջրամբարը հանգստի սիրված գոտի էր: Սակայն ջրահեռացման համակարգում խնդիրների պատճառով արհեստական լիճը տարիներ շարունակ հագեցել է ջրաբերուկ տիղմով եւ ավազով: Այն գրեթե ամբողջությամբ ցամաքել է, դարձել անասունների արոտավայր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս