Փախել են ու թաքնվել. ինչ է պատմում ականատեսը «Էրեբունի» ԲԿ-ի մոտ տեղի ունեցած կրակոցների մասին

Փախել են ու թաքնվել. ինչ է պատմում ականատեսը «Էրեբունի» ԲԿ-ի մոտ տեղի ունեցած կրակոցների մասին

ArmLur.am-ը գրել էր, որ երեկ՝ երեկոյան ժամը 10:30-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ խառնաշփոթ իրավիճակ է եղել: Հիվանդանոցի բակում վիճաբանություն է սկսվել, որից հետո հնչել են կրակոցներ:
ArmLur.am-ը փորձել էր դեպքի մանրամասները պարզել ոստիկանությունից, ինչին ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնել էին. ««Էրեբունի» ԲԿ-ի մոտ երկու քաղաքացի վիճաբանել են, նրանցից մեկը գազային ատրճանակ է կիրառել` նախազգուշացնելով եւ կրակել է օդ: Նշված անձի ինքնությունը պարզվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»:

Տեղի ունեցած կրակոցներից «Ժողովուրդ» օրաթերթին ականատեսներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, պատմեց, թե ինչ է տեսել:


«Կնոջս հետ վերոնշյալ ժամին գնում էի հիվանդանոց՝ մեր մտերիմներից մեկին այցելության: Մի քանի մետր էր մնում, որ հասնեինք հիվանդանոցի մուտքին, մեկ էլ լսվեցին կրակոցանման ձայներ, սկզբում մտածեցի, թե երեխաներն են, երեւի պայթուցիկներն են պայթեցնում: Բայց նկատեցի, որ արդեն մեր գլխավերեւով կարմիր գծեր են անցում, ու հիվանդանոցի տարածքի մարդիկ այս ու այն կողմ են փախնում: Հասկացա, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է: Հիվանդանոցի կենտրոնական մուտքի դիմացը ռեստորան կա, կնոջս հետ արագ թաքնվեցինք այնտեղ: Այդ ժամանակ նկատեցի, որ մի տղամարդ էր մեքենայից կրակոցներ արձակում, որից հետո նստեց մեքենան ու անկանոն կերպով վարելով՝ փախավ: Նրա հետեւից մեկ այլ երիտասարդ էր վազում եւ հետեւից մի քանի՝ 5-6 կրակոցներ արձակեց: Միգուցե այդ կերպ նա փորձեց կանգնեցնել մեքենան, որ չփախչի»:
Կրակոցների ականատեսը երկար ժամանակ կնոջ հետ թաքնված է մնացել՝ վախենալով անգամ հիվանդանոց մտնել. «Կինս ինձ ասաց, թե գնանք, հիվանդանոցի մեկ այլ մուտքով ներս մտնենք ու մեր բարեկամին տեսնենք, ես կտրականապես մերժեցի, քանի որ մտավախություն ունեի, որ ամեն ինչ նորից կսկսվի, ու այդպես էլ մեր բարեկամին չտեսանք: Ու մեր նման շատ այլ մարդիկ ճանապարհի կեսից էլ հիվանդանոց չմտան, երեւի նրանք էլ վախեցան»:
Իսկ թե ինչն էր եղել կրակոցների պատճառը, դեռեւս հայտնի չէ, քանի որ իրավապահները չեն բացահայտել կռվի մասնակիցներին: Նրանց գտնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում: Բայց տեղի ունեցածը խիստ մտահոգիչ է, քանի որ սովորություն է դարձել անհասկացվածությունը զենքով պարզելը:

Հավելենք, որ կասկածյալն այսօր ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Քնար Մանուկյան