Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է դերասան Ջոն Մալկովիչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին և նրա տիկնոջը` ուղեկցությամբ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Ջոն Մալկովիչին հայ ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև փառատոնի բացմանը Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ից կատարված ասմունքի համար, ինչը հայ հանդիսատեսին անմոռանալի զգացումներ է պարգևել և մեծ խանդավառություն առաջացրել:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց դարերի ընթացքում հայ ժողովրդի զորավոր հավատքով ստեղծված հոգևոր-մշակութային ժառանգությանը, որն իր բարձրարժեքությամբ կարևոր տեղ է գրավում համաշխարհային մշակույթի մեջ:

Գարեգին Բ Կաթողիկոսը նշեց նաև, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական դժվարությունների, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի պայմաններում նման մշակութային ձեռնարկների կազմակերպումը մեծ մխիթարություն է ժողովրդի համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ հասարակությունը շարունակում է ապրել մշակութային կյանքով` հաղորդ դառնալով նաև համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների ստեծագործություններին ու ձեռնարկներին:

Անվանի դերասանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ խոսքերի համար` իր ուրախությունն արտահայտելով Հայաստանում գտնվելու առիթով: Անվանի դերասանը Նորին Սրբությանը ներկայացրեց նաև իր ապագա ծրագրերը:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց Ջոն Մալկովիչի հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությանը և հայ ժողովրդի կյանքում նրա դերակատարությանը, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների կենսագործունեությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Ջոն Մալկովիչին մաղթեց հաջողությամբ շարունակել իր առաքելությունն արվեստի բնագավառում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:




Լրահոս