Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ազդարարման համակարգի ներդրման վերաբերյալ հանրային քննարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ հանրային քննարկում: Միջոցառումն անցկացվել է Մեծ Բրիտանիայի կառավարության հետ համատեղ իրականացվող «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի շրջանակում:
Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են ենթաօրենսդրական ակտերի, մասնավորապես՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» և «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Սուրեն Քրմոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում մշակվող նախագծերին, վերահաստատել Արդարադատության նախարարության՝ հասարակական կազմակերպությունների և բոլոր շահագրգիռ կողմերի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը և նշել որ նման հանդիպումները ՀԿ-ների հետ շարունակական բնույթ կկրեն:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները ՀԿ-ների ներկայացուցիչներին են ներկայացրել նաև ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և արձանագրել քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկությունները:
Հիշեցնենք, որ «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագիրը կնպաստի ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրագործմանը և հնարավորություն կընձեռի ներդնել ազդարարների պաշտպանության մասին օրենքից բխող ենթաօրենսդրական կարգավորումները, ինչպես նաև բարձրացնել քաղաքացիական հասարակության և հանրային իրազեկվածության մակարդակն ազդարարների պաշտպանության ոլորտի վերաբերյալ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս