ԵՄ–ն հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը

Եվրոպական Միության խորհուրդը հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 357 էջից բաղկացած տեքստը, որի ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ի թիվս համաձայնագրի շրջանակում վերահաստատվող մի շարք հարցերի, Եվրահանձնաժողովը համաձայնագրում անդրադարձ է կատարել նաև Ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես, նշելով, որ համաձայնագիրը հրապարակվում է.

«Ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են սպառնալիքից կամ ուժի կիրառումից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և անձանց հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընդունված բոլոր հռչակագրերում. հաշվի առնելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հաստատված հանձնառությունը»։

Ըստ հրապարակված փաստաթղթի` համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին։

Համաձայնագրի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։