Արժույթի միջազգային հիմնադրամը հիասթափեցրեց իշխանություններին. որքան կլինի տնտեսական աճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե կառավարությունն առաջիկա տարիներին բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորի ներքին պարտքի թողարկման միջոցով, եւ որ առաջիկա տարիներին արտերկրից գումար ներգրավելու կարիք չունի:

«Բայց 2020 թվականին 500 մլն դոլար արժողությամբ եվրաբոնդերի մարման պարտավորություն ունենք, եւ այն վճարելու համար մենք նախատեսում ենք նոր եվրաբոնդեր թողարկել», – ասել է Արամյանը` պարզաբանելով, որ 2013 թվականին թողարկված եվրաբոնդերը յոթ տարի մարման ժամկետով էին, ու հիմա դրանք վերաֆինանսավորելու կարիք կա: Նա նաեւ նշել է, թե բյուջեի դեֆիցիտը 2017 թվականին կլինի ազգային արտադրանքի 3.0-3.2 տոկոսների միջակայքում` 2016-ի 5.5 տոկոսի համեմատությամբ, եւ 2.8 տոկոս` 2018 թվականին: Արամյանը նաեւ խոսել է Հայաստանի տնտեսության վիճակի մասին՝ պնդելով՝ աճը սպասվածից բարձր է. «Մենք պատրաստվում ենք վերանայել տնտեսական աճի հիմքերը 2017 թվականի համար եւ 3.2-ի փոխարեն սահմանել իրական տնտեսական աճի 4.3 տոկոսանոց ցուցանիշ այս տարվա համար»:
Անշուշտ, կարելի է Հայաստանը գովազդել՝ փորձելով օտարերկրյա լրատվամիջոցների էջերից տպավորություն ստեղծել, թե գործ ունենք տնտեսական աննախադեպ աճ ունեցող, գերարագ ամենազարգացող երկրի հետ: Բայց Վարդան Արամյանն այստեղ մի փոքր չափազանցված է ներկայացրել իրականությունը՝ թաքցնելով որոշ իրողություններ:

Բանն այն է, որ Հայաստանը բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար ստիպված է դիմելու ներքին աղբյուրներին ոչ թե այն պատճառով, որ արտերկրից գումարներ ներգրվելու կարիք չունենք, ինչպես ներկայացնում է նախարարը, այլ որովհետեւ Հայաստանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տարիների ընթացքում այնքան արտաքին պարտք է կուտակել՝ վարկային նորանոր միջոցներ ներգրավելով, այնքան է մեծացրել պետական պարտքը, որ հայտնվել ենք լրջագույն խնդրի առաջ: Հիշեցնենք՝ եթե 2008թ. տարեսկզբին ՀՀ պետական պարտքը 1 մլրդ 696.8 մլն դոլար էր, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 5 մլրդ 942.1 մլն դոլար էր, իսկ հոկտեմբերի 1-ի դրությամբ այն 6 մլրդ 308 մլն դոլար է: Սա ահռելի թիվ է, այն էլ Հայաստանի նման երկրի համար, որի տնտեսությունը հազիվ է շնչում:

Բացի այդ 2018թ. պետական բյուջեի նախագծի համաձայնէ 2017թ. տարեվերջին նախատեսված է, որ պետական պարտքը կկազմի 6 մլրդ 810 մլն դոլար՝ Հայաստանի ՀՆԱ 60.2 տոկոսը: Իսկ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի համաձայնէ կառավարության պարտքի գումարը չի կարող գերազանցել ՀՆԱ 60 տոկոսը, այլապես գործարքներն անվավեր են համարվում:

Մյուս կողմից ահռելի պարտքի պատճառով Հայաստանի հնարավորություններն օտարերկրյա պետություններից կամ միջազգային կազմակերպություններից վարկերի ստանալու հարցում գնալով ավելի ու ավելի սահմանափակվում են. տեսնելով ահռելի վարկային բեռը՝ այլեւս զգուշավոր են Հայաստանին նոր գումարներ տրամադրելիս:

Եւ հետո՝ ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018-2020թթ. ռազմավարական ծրագրում նշված է. «Տնտեսության վերականգնմանը զուգընթաց՝ Հայաստանն ըստ Համաշխարհային Բանկի դասակարգման տեղափոխվեց միջին եկամուտ ունեցող երկրների շարքը, ինչի հետեւանքով միջազգային վարկատու կազմակերպությունները եւ օտարերկրյա պետություններն սկսեցին աստիճանաբար խստացնել վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տրամադրվող արտոնյալ վարկային միջոցների ծավալները»: Այսինքն՝ Հայաստանը գնալով զրկվում է արտոնյալ պայմաններով վարկեր ստանալու հնարավորությունից: Ուստի կառավարությունը պարզապես ստիպված է բյուջեի դեֆիցիտն ավելացնել ներքին պարտքի հաշվին: Բայց այս դեպքում էլ ռիսկը մեծ է եւ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:

Ինչ վերաբերում է Արամյանի հայտարարությանը, թե 2013թ. թողարկված եվրաբոնդերը վերաֆինանսավորելու կարիք կա, ապա սա այնքան էլ ուրախալի չի հնչում. կառավարությունը եվրաբոնդեր թողարկելով՝ նոր պարտք է վերցնում՝ հին պարտքը փակելու համար: Ասել է, թե Հայաստանի ուսերից 500 մլն դոլարի պարտքն այդպես էլ չի իջնում, ընդհակառակը, եւս մի քանի տարով երկարաձգվում է տոկոսադրույքների գումար վճարելու ժամկետը: Ու դեռ անհասկանալի է, թե այդ 500 մլն դոլար պարտքն ի՞նչ է տալու ՀՀ տնտեսությանը:

Հ.Գ. Ինչ վերաբերում է ֆինանսների նախարարի հայտարարությանը, թե կառավարության կանխատեսմամբ այս տարի սպասվում է 4.3 տոկոսանոց աճ, երեկ Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է զեկույց, որում հերքել է ՀՀ իշխանությունների ակնկալիքները. ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս