Բիզնես Օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման շուրջ կրքերը թեժանում են. ինչ քայլերի կդիմի Արման Թաթոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ զրուցեց իշխանությունների կողմից մամուլի դեմ սանձազերծած թաքուն պատերազմի եւ այլ հարցերի շուրջ:

-Պարո՛ն Թաթոյան, ինչո՞ւ չեք արձագանքում իշխանությունների կողմից մամուլի դեմ սանձազերծած թաքուն պատերազմին: Նախ կառավարությունը գաղտագողի խորհրդարան էր ներկայացրել եւ ընդունել տվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը բարդացրել է լրատվամիջոցների աշխատանքը:

Կառավարությունը փորձում է մամուլին հարվածել նաեւ օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ՝ ստիպելով պաշտոնական ծանուցումները հրապարակել ոչ թե լրատվամիջոցներում, այլ բացառապես azdarar.am կայքում, արգելվել է գերատեսչություններին թերթեր բաժանորդագրվել՝ այդպես զրկելով թերթերին ֆինանսական մուտքերից: Եւ, վերջապես, կառավարությունը մտադրվել էր շրջանառության մեջ դնել տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում խայտառակ վատթար պայմաններ էր ստեղծում լրագրողների համար:

-Ես պրոցեսին հետեւում եմ ամենասկզբում: Մշտապես իմ դիրքորոշումներում լրագրողների ազատությունը պաշտպանող շեշտադրումներ կան, ընդ որում, ամենախիստը: Եթե ուսումնասիրեք իմ հայտարությունները, կտեսնեք, որ ամենախիստը լրագրողներին պաշտպանող հայտարարություններն են:

-Բայց այս դեպքում լռել եք:

-Դուք վերցրե՛ք, ուսումասիրե՛ք մեր հրապարակային հայտարարությունները ցանկացած լրագրողի նկատմամբ ոտնձգության եւ այլ դեպքում անմիջապես մեր հայտարարությունները կան: Հետեւողական ենք մինչեւ վերջ: Եւ խնդիր ենք տեսնում, որ պատասխանատվության ենթարկելու հարցում մենք բավարար հետեւողականություն չունենք:

Կոնկրետ դեպքով սկզբից մինչեւ վերջ հետեւում ենք: Տեղեկատվության ազատության մասին օրենքի հետ կապված քննարկում եմ ունեցել գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ: Այդ իմաստով մենք նույնպես նպաստել ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» դեռ այն առաջին շրջանառության մեջ դրված նախագիծը չլիներ, եւ հաշվի առնելով դիտողությունները՝ տեսեք՝ առաջ չանցավ:

-Փաստ է մեկ բան՝ Դուք որեւէ գնահատական չեք տվել ԶԼՄ-ների դեմ իշխանությունների կողմից տարվող թաքուն պատերազմին:

-Կարծում եմ, որ դա չունի բավարար հիմքեր՝ մեզ այդ հարցում հանդիմանելու համար, քանի որ մշտապես արձագանքում ենք: Կոնկրետ իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանը պարտավոր չէ, գիտեք, ցանկացած իրավիճակում…: Կան հարցեր կոնկրետ, որոնց մենք արձագանքում ենք, բայց կան հարցեր, որոնք մենք աշխատանք ենք տանում ոչ հրապարակային, բայց շատ հետեւողական աշխատանք, սա կոնկրետ այդ աշխատանքն է:

-ՊՊԾ գնդի գրավումից հետո կազմակերպված զանգվածային ակցիաների ժամանակ տուժած լրագրողների ու կոտրված տեխնիկաների մասով ոչինչ չարեցիք, նույնը էլեկտրիկ Երեւանի ժամանակ:

-Լրագրողի աշխատանքի պաշտպանության համար մեկ գրավականը իրավախախտում կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն է: Ձեզ հետ համաձայն եմ, որ պատասխանատվության միջոցների անխուսափելիության բացակայությունը հղի է ապագայում, այսինքն՝ վտանգավոր է նորանոր այդ խախտումներով:

-Ի՞նչ եք արել Դուք, ոչինչ:

-Կոնկրետ ՊՊԾ-ի հետ կապված, քանի որ դա կոնկրետ ինձ է առնչվում, քանի որ իմ պաշտոնավարման ժամանակ է տեղի ունեցել: Անձամբ կազմել եմ զեկույցը, վերջին գլուխը ամբողջությամբ նվիրված է դրան եւ ամենախիստ գնահատականներով:

-Ի՞նչ արդյունք տվեց Ձեր զեկույցը, ոչ մի:

-Մարդու իրավունքների պաշտպանը ունի իր համար հստակ տրված իրավական հնարավորություններ՝ զեկույցների տեսքով, օրենսդրական նախաձեռնությունների տեսքով, հրապարակային դիրքորոշումներ հայտնելով, որը առավելագույնս մենք անում ենք, հասկանում ենք, մնացածը արդեն օրենքը գործադրողի խնդիրն է, որը էլի քնադատություններով փորձում ենք առաջ տանել:

-Չե՞ք կարծում, որ այս ամենի արդյունքում է, որ ստեղծվում են տարբեր ոլորտների օմբուդսմեններ՝ բիզնես օմբուդսմեն, առողջապահական օմբուդսմեն: Այս ինստիտուտների ստեղծմամբ արդյո՞ք իշխանությունները կասկածի տակ չեն դնում Ձեր գործունեության արդյունավետությունը:

-Չգիտեմ, երեւի այդ հարցը ինձ չէր վերաբերում, բայց մենք մեր աշխատանքը կատարում ենք վստահ, Մարդու իրավունքների պաշտպանը ամենաանկախն է գրեթե բոլոր պետական մարմինների շրջանում: Գնահատականներում հետեւողական ենք եւ միշտ խիստ:

Ես աշխատանքս կատարում եմ պրոֆեսիոնալ, երբեւէ չեմ զբաղվել եւ չեմ զբաղվելու պոպուլիստական աշխատանքով, որովհետեւ դա կործանում է օմբուդսմենի հաստատությունը: Այլ ոլորտներում օմբուդսմենի ինստիտուտի հետ կապված այդտեղ ոչ թե անձնական մոտեցման հարց է, այլ սահմանադրական լուծումների հարց է, դա հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Սահմանադրության լուծումների համաձայն՝ մեր երկրում կարող է լինել մեկ օմբուդսմենի հաստատություն, որովհետե նրանք չեն ունենալու այն լծակները, որ մենք ունենք, չեն ունենալու այն անկախությունը, որը մենք ունենք, մշտապես կախյալ են լինելու կամ գործադիր իշխանությունից եւ այլն: Դրանից բացի՝ մենք անելու ենք մեր գործը, եւ, ի վերջո, եթե հակասահմանադրական լուծումներ լինեն, Մարդու իրավունքների պաշտպանը իրավունք ունի դիմելու սահմանադրական դատարան: Բիզնես օմբուդսմենի հետ կապված մենք ներկայացրել ենք մեր մեծածավալ դիրքորոշումը՝ հակասահմանադրականությունը հիմնավորելով:

-Որտե՞ղ եք ներկայացրել:

-Կառավարություն: Ամենակարեւորը, տպավորություն չստեղծվի, թե մենք դեմ ենք իրավապաշտպան կառույցների ստեղծմանը, ո՛չ, պետությունը կարող է միշտ ստեղծել այդ կառույցները, դա լավ է, բայց դրա ստեղծումը չպետք է կրկնի մյուսի գործառույթը, եւ դրա համար մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը: Սա անձնական հարց չէ, սա Սահմանադարության լուծումներին համապատասխան մոտեցում ունենալու հարց է:

Քնար Մանուկյան




Լրահոս