Արդարադատության փոխնախարարը` ՔԿՀ պետի ձերբակալման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին «Ժողովուրդ» օրաթերթ զրուցեց ՔԿՀ վարչության վերադաս մարմնի՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի հետ:

-Պարո՛ն Քրմոյան, ինչո՞ւ ազատվեց «Վարդաշեն» ՔԿՀ պետ Հովհաննես Հակոբջանյանը:

-Մենք ունենք բնականոն պրոցես, մարդիկ տեղափոխովում են այլ աշխատանքի:

-Նա այլ աշխատանքի է տեղափոխվե՞լ:

-Չգիտեմ, ես դիմումի առկայության պարագայում օֆիցիալ տվյալն եմ ասում. անձը ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն: Մենք այլ տվյալ չունենք եւ չենք կարող ներկայացնել:

-Ըստ տեղեկությունների՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ Հակոբջանյանը, մեղմ ասած, լավ հարաբերություններ չունեն: Ավելին՝ «Վարդաշեն» ՔԿՀ պետի պաշտոնում նա ցանկանում է ՔԿՀ նախկին պետ Դավիթ Զաքարյանին՝ իր վստահելի մարդուն նշանակել:

-Ես նման տեղեկություն չունեմ: Եթե նկատել եք՝ պարո՛ն Հարությունյանը շատ բալանսավորված եւ թափանցիկ կադրային քաղաքականություն է վարում, քանի որ շատ լավ տիրապետում է ոլորտին: Մինչեւ այս փուլը, եթե տեսել եք, սա առաջին ազատումն է, որեւէ կադրային խնդիր, թե՛ նախարարության ներսում, թե՛ ենթակա հիմնարկներում, չկա:

-Մշտապես բարձրաձայնվել է քրեակատարողական հիմնարկներում գտնվող արտոնյալ դատապարտյալների, բանտում թղթախաղ խաղալու եւ ՔԿՀ պետերի՝ նշված երեւույթները հովանավորելու մասին: Սակայն մշտապես նախարարությունը լռել է: Բայց օրեր առաջ, երբ ձերբակալվեց «Վանաձոր» ՔԿՀ-ի պետը՝ մի քանի պաշտոնատար անձանց հետ, պաշտոնապես բացահայտվեց այն, ինչի մասին գրում էինք հաճախ: Ի՞նչ դասեր քաղեց նախարարությունը իրավապահների կողմից արված այս բացահայտումից:

-Տեսե՛ք, նախ Վանաձորի դեպքում մենք որեւէ հրապարակված տեղեկատվություն չունենք: Այսինքն՝ մարդը համարվում է անմեղ, քանի դեռ դրա մեղքը դատարանի օրինական վճռով ապացուցված չէ: Ըստ այդմ, մենք այդ մասին կխոսենք այն ժամանակ, երբ կունենաք համապատասխան իրավասու մարմինների հայտարարությունը եւ կունենաք դատարանի վճիռը: Ինչ դասեր ենք քաղում:

Տեսե՛ք, մենք այսօր քննարկում ենք 20-ամյա ռազմավարությունը, եւ քաղհասարակությունն էլ վկայեց, որ մենք բոլոր խնդիրների մասին բարձրաձայն խոսում ենք, այդ թվում կոռուպցիոն ռիսկերը մենք ամրագրել ենք՝ որպես մեր թիրախային ուղղություններից մեկը:

-Կոնկրետ ՔԿՀ պետերին վերահսկելու մասով ի՞նչ եք անում:

-Կուզենայի, որ մենք ոչ թե բամբասանքներով, այստեղից-այնտեղից լսած լուրերով…

-Սա բամբասանք չէ, ՀՔԾ-ն պաշտոնապես հայտնել է՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու եւ այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

-Չէ՛, տեսե՛ք, կոնկրետ պաշտոնական հաղորդագրությունը իրավասու մարմինը կներկայացնի, թե ինչ է կատարվել, ով է մեղավոր, մեղքը ապացուցված է դատարանի վճռով: Կոռուպցիոն ռիսկերը քրեակատարողականում մենք մեզ համար ֆիքսել ենք եւ իրականացրել ենք, իրականացնում ենք ծրագրավորված աշխատանք:

Մենք հստակ ֆիքսել ենք թիրախային ուղղություններ մեր հակակոռուպցիոն ռազմավարության մեջ: Արդարադատության նախարարությունը կհրապարակի հաջորդ 5 տարվա ռազմավարությունը, մենք ամրագրել ենք դատաիրավական ոլորտում, այդ թվում պատիժների կատարման վճիռների կատարման ոլորոտում ինչ ռիսկեր ենք տեսնում:

-Իրավապահ մարմիններն անընդհատ հրապարակում են ՔԿՀ-ներում դատապարտյալների խարդախության դեպքերը, բայց իրավիճակը չի փոխվում: Ամեն ինչ շարունակվում է նույն տեմպով:

-Դուք խոսում ենք այն մի խնդրի մասին, որ հնչեցվել է մեկ տարի առաջ, եւ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Այո՛, մենք ունենք խնդիր՝ արգելված իրերը ՔԿՀ ներս բերելու հետ կապված, կարող ենք վիճակագրություն տեսնել, թե ՔԿՀ վերահսկողության արդյունքում քանի ծառայող է պատասխանատվության ենթարկվել, այդ թվում ծառայությունից ազատվել:

-Մշտապես պատժվել են «մանր ձկները», իսկ խոշորները այդպես էլ չեն պատժվում:

-Եթե Դուք կարծում եք՝ մի քրեակատարողական հիմնարկի պետին կալանավորելով՝ այդ համակարգային խնդիրը կլուծվի, ոչ, այդպես չէ: Մենք ներկայացնում ենք համակարգային լուծումներ՝ այդ թվում սննադամթերի որակը, որ լավացնենք, հանձնունքների քանակը նվազեցնենք: Մեր մոտեցումն է կանխել նման դեպքերը, եւ եթե կան, այո՛, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Պետությունը խիստ պայքար է տանում կոռուպցիայի դեմ: Հուսով ենք, որ մեր կանխարգելիչ աշխատանքը կբերի նրան, որ մենք էապես կնվազեցնենք կոռուպցիոն դեպքերը:

Քնար Մանուկյան




Լրահոս