Մեկը՝ մի քիչ շատ, մյուսը՝ մի քիչ պակաս. երբ կոռուպցիան համատարած է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ներկայացվել են առողջապահության եւ պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի եւ դրանց չեզոքացմանը կամ նվազեցմանն ուղղված միջոցառումների լրամշակված ծրագրերը: Նաեւ նշվել է, որ ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի եւ դրանց չեզոքացմանը կամ նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրով նախատեսվում է 20 կոռուպցիոն խնդիր, իսկ պետական եկամուտների հավաքագրման ոլորտի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով՝ 19 կոռուպցիոն խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում: Դժվար է ասել՝ հակակոռուպցիոն հանձնաժողովի թիրախում ինչու հենց այս երկու ոլորտներն են առաջինը հայտնվել. սրանք ամենակոռումպացված ոլորտներն են, որ պետք է անհապաղ ուշադրության արժանացվի, թե այստեղ ավելի հեշտ է եղել կոռուպցիոն երեւույթներն ուսումնասիրելն ու վերհանելը: Ամեն դեպքում, ճիշտ կլիներ, եթե հավելյալ մեկնաբանություններ տրվեին կատարվածի մասին:

Չէ՞ որ հայտնի փաստ է՝ Հայաստանում այսօր կոռումպացված են բոլոր ոլորտները, պետական բոլոր մարմինները՝ կրթություն, արդարադատություն, սոցիալական ոլորտ, տեղական ինքնակառավարման համակարգ, Երեւանի քաղաքապետարան, եւ վերջապես՝ ողջ քաղաքական համակարգը: Մեկը՝ մի քիչ շատ, մյուսը՝ մի քիչ պակաս: Երեկ անգամ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով քաղաքաշինության, մասնավորապես կառուցապատման մասին, ասել է. «Ո՞նց կարող է մի ոլորտում, որտեղ կան մեծ-մեծ ֆինանսական հոսքեր, չլինի կոռուպցիա: Իսկ ո՞վ է ասում, որ չկա»: Եւ հետո՝ մի հետաքրքիր փաստ էլ. վերջերս կաշառք վերցնելու համար ձերբակալվեցին դատավորներ, դատախազներ, ճանապարհային ոստիկաններ, քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ:

Այսինքն՝ արդարադատության համակարգում կոռուպցիոն դրսեւորումներն աղաղակող են, այն աստիճան, որ իշխանությունները չեն կարող այլեւս աչք փակել ու ստիպված են քրեական գործի շրջանակներում մի քանիսին անգամ ազատազրկել: Եւ այս համատեքստում միգուցե վարչապետի գլխավորած հակակոռուպցիոն խորհուրդն իր գործունեությունը սկսեր հենց այստեղից, այդ ոլորտի կոռուպցիոն ռիսկերը վերհանելուց: Մանավանդ, որ իշխանությունները շատ են սիրում խոսել Հայաստան ներդրումներ բերելու մասին, եւ արդարադատության բացակայությունը, այս ոլորտում կոռուպցիայի առկայությունն օտարերկրյա ներդրումների ներգրավմանը խոչընդոտող առաջին գործոններից մեկն են:




Լրահոս