Բանդայի ղեկավարը ծանր վիճակում է. ինչ է պատմում նրա կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեց ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի դատապարտյալ 65-ամյա Գագիկ Տոնոյանի կինը` Կարինեն, և հայտնեց, որ արդեն 4 օր է` ամուսինը հացադուլի մեջ է:

Կինը ներկայացրեց, որ Գագիկ Տոնոյանը մոտ մեկ ամիս առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրա առողջական վիճակն ավելի է բարդացել:

Բանն այն է, որ Գ. Տոնոյանի մոտ ԲԿ-ում հայտնաբերվել է թոքերի և գլխուղեղի քաղցկեղ, որոշ ժամանակ առաջ նա սրտի կաթված է ստացել: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հայտնել են, որ նրան պետք է շտապ վիրահատել, սակայն ԴՀ-ի ղեկավարությունը ասել է, որ իրենց մոտ ամեն բան կանեն, և դատապարտյալն այնտեղ է տեղափոխվել:

Անցել է մոտ մեկ ամիս, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվել` Գագիկ Տոնոյանի առողջական վիճակը կարգավորելու ուղղությամբ: Ընդհակառակը, կնոջ փոխանցմամբ, ամուսինը «10 տոկոսանոց» մարդ է դարձել. «Երևի սպասում են, որ մի օր զանգեն ու ասեն` եկեք ձեր դիակը տարեք: Այսքան անմարդկային վերաբերմունք որտե՞ղ կարող է լինել: Ձախ թևը ընդհանրապես չի աշխատում: Ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել: Նույնիսկ զուգարան միայնակ չի կարողանում գնալ: Այնտեղ պայմաններ չկան, որ հիվանդը բուժվի կամ գոնե վիճակն ավելի չբարդանա»,- վրդովված ասաց դատապարտյալի կինը:

Նշենք, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Գագիկ Տոնոյանը 2007 թվականին հանցավոր խումբ ստեղծելու և ղեկավարելու, ապա հարձակումներ կազմակերպելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել:




Լրահոս