Նույնիսկ թերթի մշակույթը գնահատողները խնդիր ունեն` հա՞ց գնել, թե՞ թերթ. Շողեր Մաթևոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ մամուլը 223 տարեկան է: Ֆրանսիական առաջին հեղափոխությունից անմիջապես հետո` 1794 թվականի հոկտեմբերի 16-ին, Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն քահանա Շմավոնյանը հիմնեց հայ առաջին պարբերականը` «Ազդարարը»:

Իսկ ՀՀ կառավարության 2004-ի ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր:

«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում կիսվեց այսօրվա տպագիր մամուլում տիրող վիճակի մասին. ինչքանով է վերջինիս պահանջարկը ավելացել կամ նվազել այս տարիներին:

«ՉԻ» գլխավոր խմբագրի դիտարկմամբ` տպագիր մամուլի նկատմամբ պահանջարկը նվազել է և′ սուբյեկտիվ, և′ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված. «Ինտերնետային աշխարհը, բնականաբար, դուրս է մղում տպագիր մամուլը: Կա նաև գնողունակության խնդիր: Նույնիսկ այն մարդիկ, որոնք սիրում են թերթի կուլտուրան, թղթի վրա կարդալու արվեստը, խնդիր ունեն` հա՞ց գնել, թե՞ թերթ»,- մեկնաբանեց Շ. Մաթևոսյանը` միաժամանակ նկատելով, որ այդուհանդերձ, գերատեսչությունները, մամուլի տեսություն անողները վերցնում են թերթեր, սակայն դա, իհարկե, քիչ տպաքանակ է:

Խնդիրը, մեր զրուցակցի գնահատմամբ, ավելի է բարդանում գովազդի բացակայության պարագայում. ֆինանսական սուղ պայմանների պարագայում թերթի մշակույթը պահելու խնդիր է առաջանում:

«Իսկ որակը այնպիսին է, ինչպիսին մեր քաղաքական կյանքն է: Անգաղափար վիճակն արտահայտվում է մամուլի մեջ: Այսինքն` երբ մամուլը մասնակցում է շահերի բախումներին, բնականաբար, շատ ազատ լինել չի կարող»,- կարծում է Շողեր Մաթևոսյանը:

Իսկ ներկայացվո՞ւմ է արդյոք տպագիր մամուլում կյանքն ինչպես որ է: Ի պատասխան մեր հարցի` «ՉԻ» գլխավոր խմբագիրը նկատեց. «Ընթերցողը, որը քաղաքականության մեջ չկա, դժվար, թե կարողանա նկատել որոշ նրբություններ: Իսկ մամուլի տեսություն անողները և քաղաքագետները կարող են հրապարակումից հասկանալ` ում շահերն են պաշտպանված, ում ինֆորմացիան է տարածվում»:

Շողեր Մաթևոսյանը մի նախադասությամբ մեկնաբանեց. «Տպագիր մամուլը մասնակցում է քաղաքական, ներիշխանական պայքարին»:




Լրահոս