Ես «Եվրատեսիլում» ոչինչ չունեմ անելու. Վրեժ Կիրակոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Վրեժ Կիրակոսյանը «X-Factor» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանում հաղթելուց հետո որոշ ժամանակ երեւաց ասպարեզում եւ անհետացավ։ Դասական ժանրի ներկայացուցչի երկրպագուները, սակայն, շարունակում են հետաքրքրվել նրա կարիերայով եւ ահազանգում են՝ ո՞ւր է կորել Վրեժը եւ ինչո՞վ է այժմ զբաղված։ Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ աշխատում է Երեւանի մշակույթի պետական քոլեջում, նաեւ վերջին շրջանում ժամանակի զգալի մասը նվիրում է ընտանիքին, այդ է պատճառը, որ ակտիվ գործունեություն չի ծավալում։ Իր պասսիվությունը Վրեժը պայմանավորում է նաեւ Հայաստանում համերգային ծրագրերի սակավությամբ։ Ամեն դեպքում, վերջին շրջանում Վրեժը ժամանակ է գտել երգարվեստի համար, ավելին՝ շուտով նա հանդիսատեսի դատին կներկայացնի նոր տեսահոլովակներ։

Հարցին, թե արդյոք կշարունակի հանդես գալ դասական ժանրում, երգիչը պատասխանեց. «Միանշանակ, ես իմ ոճին չեմ դավաճանի, թեեւ դասական երաժշտությունը Հայաստանում դեռեւս հարգի չէ, այն պրոպագանդվում է միայն օպերային արվեստ ներկայացնելու միջոցով, բայց չէ՞ որ դրանից զատ կա կամերային երաժշտություն, հոգեւոր երաժշտություն. այս առումով, սակայն, մեր բացթողումները շատ են։ Ինչո՞ւ պետք է Աննա Մայիլյանը քաղաքային ֆոլկլորի ներկայացուցիչների վաստակածի 5 տոկոսն էլ չաշխատի»։

Անդրադառնալով մշակույթի պետական քոլեջի գործունեությանը՝ Վրեժը տեղեկացրեց, որ քոլեջը «Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանը ներկայացնելու, մասնավորապես նախընտրական փուլը կազմակերպելու հնարավորություն է ստացել։ Հարցին, թե կոնկրետ ով կներկայացնի Հայաստանը, Վրեժը պատասխանեց, որ մասնակիցը, հավանաբար, կընտրվի հետուստատեսային մրցույթի միջոցով։

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Վրեժն ինքը ցանկություն ունի՞ արդյոք մասնակցելու որեւէ մրցույթի. «Գիտեք՝ ես արդեն տարիքով մի փոքր մեծ եմ, ամեն մրցույթի չէ, որ կարող եմ մասնակցել։ Այդ առումով ինձ համապատասխանում է «Եվրատեսիլը», սակայն այդ մրցույթին մասնակցելու ցանկություն չունեմ, այն ինձ համար չէ, այդ մրցույթում ես ոչինչ չունեմ անելու եւ ասելու, այնտեղից էլ ոչինչ չունեմ վերցնելու»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս