Բանակցությունները պետք է եռակողմ լինեն. նորմալ չէ, որ Արցախն այդ ձևաչափին չի մասնակցում. Արցախի ԱԺ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ երեկ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը: Այն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որին մասնակցեցին նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: Հաղորդագրության մեջ նշվում է, թե հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, եւ երկու կողմերը համաձայնեցրել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ:

Եվ չնայած ձեռք բերված համաձայնություններին՝ երեկ Արցախի ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել եւ իր հերթին մատնանշել, թե որ դեպքում ղարաբաղյան հակամարտության հարցում կարող ենք հաջողություն արձանագրել:

«Կարծում ենք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռքբերելու ճանապարհին եւս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձեւաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտել է նաեւ Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ով ամեն դեպքում նման հանդիպումները կարեւոր համարեց:

-Տիկի՛ն Մխիթարյան, Սարգսյան-Ալիեւ հանդիպումն արդարացրե՞ց սպասելիքները:

-Եթե որեւէ մեծ առաջընթաց էլ չլինի, այնուամենայնիվ, բանակցություններն անհրաժեշտություն են: Չհանդիպելու դեպքում որեւէ բան առաջ չի գնա, իհարկե, հանդիպումն անհրաժեշտություն է: Մանրամասների մասին դեռեւս ոչ մի պաշտոնական տեղեկություն չունենք, դժվարանում եմ դեռեւս որեւէ գնահատական տալ:

-Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ լիարժեք ձեւաչափ կվերականգնվի միայն Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու դեպքում:

-Անկասկած ես դրա կողմնակիցն եմ, եւ, իրոք, պետք է եռակողմ լինեն բանակցությունները: Այս բանակցությունները ոչ թե սխալ են, այլ պարզապես թերի: Քննարկվում է մի սուբյեկտի մասին խնդիր, որն ինքը հենց չի մասնակցում այդ բանակցություններին: Ինչքանո՞վ է դա ճշմարիտ: Արցախը մասնակից լինելով գոնե տեղյակ կլինի՝ ինչ է քննարկվում, եւ իր տեսակետը կհայտնի: Չեմ կարծում, թե այն կտարբերվի Հայաստանի տեսակետից, սակայն մենք այն կողմն ենք, որի մասին գնում են բանակցությունները: Եվ նորմալ չէ, որ մենք այդ ձեւաչափին ներկա չենք: Իհարկե, հայկական կողմը ջանում է, որպեսզի վերականգնվի Արցախի դերակատարությունը եւս:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս