ԿԱՐԱԳԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում  կարագի մանրածախ վաճառքի գները անցած տարվա մայիսից մինչեւ այս տարվա սեպտեմբեր բարձրացել են մոտ 50 տոկոսով:  Պատճառը միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներն են: Արդյունքում Հայաստան ներմուծվող կարագի ծավալները զգալի նվազել են:  
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերահսկողության վարչության պետ Գնել Ալավերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արձանագրեց, որ 2016 թվականի սեպտեմբերից սկսած մեր երկրում կարագի գների շարունակական աճ է նկատվել: Ինչն էլ պայմանավորված է միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումներով: Նրա խոսքերով՝ Նոր Զելանդիայից արտահանող հիմնական ընկերությունների, այդ թվում նաեւ «Ֆոնտեռռա»-ի պաշտոնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսից 2017 թվականի սեպտեմբեր ամիս ընկած ժամանակահատվածում կարագի միջազգային շուկայում արտահանման գները ավելի քան 130 տոկոսով աճել են: Իսկ նույն ժամանակահատվածում մեր հանրապետության կարագի շուկայում վաճառքի գները բարձրացել են 44-50 տոկոսով: Ստացվում է, որ եթե նախկինում 1 կգ կարագի մանրածախ գինը շուրջ 2600 դրամ էր, ապա այս պահի դրությամբ այն կազմում է 3800-4000 դրամ: «Նույնիսկ մեր երկրում կարագի գների բարձրացումը ավելի քիչ է, քան միջազգային շուկայում: Այս պահի դրությամբ կարագի գների բարձրացման հետ կապված ոչ ադեկվատ գնային փոփոխություններ չի բացահայտվել: Բայց նշեմ, որ նույն օրը Նոր Զելանդիայից ձեռք բերված կարագը Հայաստանի շուկաներում անմիջապես չի հայտնվում, կա որոշակի ժամանակահատված` տեղափոխման, մանրածախ ցանցին հասնելու հետ կապված: Ամեն դեպքում այս ամենը պետք է հաշվի առնել գնագոյացման հաշվարկների ժամանակ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց Նալբանդյանը:

Մասնագետից տեղեկացանք նաեւ, որ գնային բարձրացումները կմնան մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիս: Բայց թե ինչ իրավիճակ կստեղծվի մարտին, ապրիլին, դժվարացավ կանխատեսել:  «Ըստ մեր տվյալների` գնային բարձրացումները հիմնական արտահանող երկրում` Նոր Զելանդիայում, տեղի են ունեցել կաթնատվության ցուցանիշների փոփոխությունների արդյունքում: Այսինքն՝ արտադրվող կաթի ծավալները էականորեն կրճատվել են, ինչը հանգեցրել է կարագի գների նկատմամբ առաջարկի նվազեցման, պահանջարկի ավելացման եւ այդ ֆոնին գնային բարձրացում է տեղի ունեցել»,- փոխանցեց մասնագետը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերին, օգոստոս ամսվա համեմատ, ՀՀ ներքին շուկայում կարագը թանկացել է 4.2 տոկոսով: Միայն համաշխարհային շուկայում անցած տարվա մայիսից 1 կգ կարագը 2.6 դոլարից բարձրացել է` դառնալով 6 դոլար: Իսկ ահա Նիդերլանդներում 1 կգ կարագի 3.5 եվրոյից թանկացել է եւ դարձել 6.8 եվրո: Ըստ որոշ մասնագետների` եթե կարագի գնային բարձրացումները շարունակական լինեն, ապա այն կազդի նաեւ Հայաստանում սպառման ծավալների վրա: Մարդիկ սոցիալական պայմաններից ելնելով՝ կարագը կփոխարինեն ձեթով կամ էլ էժանագին կարագով: Ամեն մեկն իր հնարավորությունների սահմանում: Սակայն այս օրերին մեկ այլ իրավիճակ է ստեղծվել. լսելով կարագի գնային բարձրացումների մասին՝ մարդիկ խուճապահար սկսել են խանութներից եւ սուպերմարկետներից մեծ քանակությամբ կարագ գնել, որպեսզի ստիպված չլինեն որոշ ժամանակ անց թանկ վճարել դրա համար:  Մյուս կողմից կարագի գնային բարձրացումները իրենց բացասական ազդեցությունն են թողել նաեւ ներմուծման ծավալների վրա: Դրանք կարճ ժամանակահատվածում զգալի նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան կարագ ներմուծվել է 2361,5 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2585,9 տոննայի դիմաց:

Այսինքն՝ պաշտոնական վիճակագրությունը եւս փաստում է, որ կարագի ներմուծման ծավալները, կապված գնային բարձրացումների հետ, զգալի նվազել են: Ընդ որում, կարագի ներմուծման ծավալները նվազել են տարբեր երկրներից:  Օրինակ՝ Բելառուսից Հայաստան այս տարվա առաջին կիսամյակում ներմուծվել է 21.1 տոննա կարագ՝ նախորդ տարվա 83. 5 տոննայի դիմաց: Եթե Գերմանիայից 2016 թվականին Հայաստան ներմուծվել է 30.1 տոննա կարագ, ապա այս տարի այն կազմել է 20.2 տոննա: Դանիայից 2017-ի առաջին կիսամյակում ներմուծվել է 7.2, իսկ 2016-ին` 28.5 տոննա կարագ: Իտալիայից եւս նվազել է կարագի ներկրումը. այս դեպքում 2016 թվականին ՀՀ ներկրվել է 320 տոննա, իսկ անցած տարի` 228.8 տոննա կարագ:  Նույն պատկերն է արձանագրվել նաեւ Նոր Զելանդիայից կարագի ներմուծման դեպքում. այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան տվյալ երկրից ներմուծվել է 1447.3 տոննա կարագ՝ նախորդ տարվա 1752 տոննայի դիմաց: Ի դեպ, տեղեկացնենք, որ Ռուսաստանից եւս կարագի ներկրման ծավալները նվազել են. այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2017 թվականի առաջին կիսամյակում ՌԴ-ից ՀՀ ներմուծվել է 22.8, իսկ անցած տարի` 69.6 տոննա կարագ:  Նկատենք, որ տարիներ շարունակ Հայաստանում մի ավանդույթ է անշեղորեն գործում. եթե միջազգային շուկայում որեւէ ապրանքի գին բարձրանում է, Հայաստանում անմիջապես զգացնել է տալիս: Բայց երբ իջնում են գները, գրեթե երբեք շարքային սպառողը գների էժանացում չի նկատում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԵՌ ՏԵՂԵԿԱՆՈՒՄ ԵՆ

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին` կարեւորելով դրա շարունակականությունը նաեւ 2018 թվականին: Նա նշել է, որ 2018 թվականին կոռուպցիայի դեմ պայքարը գնահատվելու է մի շարք կազմակերպությունների կողմից: Ըստ այդմ, նա արդարադատության նախարարին հանձնարարել է ամփոփել եւ ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքների կատարման վերաբերյալ տեղեկատվություն: Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել այդ տեղեկատվության հիման վրա կանոնակարգել, որ նախարարությունները ներկայացնեն հստակ ժամկետներում իրենց ենթակայության տակ գտնվող աշխատանքների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:

 

 

ՀՐԱՀԱՆԳ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

Երեկվա կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հետեւանքով պետությանը պատճառված վնասի հատուցման ապահովման վերաբերյալ: «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հետեւանքով բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթեւեկության անվտանգությունն ապահովող տարրերը՝ ճանապարհային նշանները, լուսացույցները, համապատասխան սյուները եւ այլն: Չնայած օրենքով սահմանված կարգավորումներին՝ գործնականում գրանցվում են դեպքեր, երբ նշված տարրերի վերանորոգման կամ վերականգնման ծախսերի համար փոխհատուցումները չեն հավաքագրվում: Խնդիրը հիմնականում պայմանավորված է նման դեպքերի արձանագրման խիստ հսկողության ոչ լիարժեք իրացմամբ»,-հայտնել է Կ. Կարապետյանը՝ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին հանձնարարելով մեկամսյա ժամկետում տարածքային համայնքների ղեկավարների հետ համատեղ գույքագրել ճանապարհային կահավորանքին պատճառված վնասի դեպքերը եւ ստացված փոխհատուցման շրջանակներում միջոցներ ձեռնարկել դրանց վերականգնման ուղղությամբ: Իսկ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին գործադիրի ղեկավարը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել ճանապարհային պատահարների դեպքերում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքին պատճառված վնասները ներառելու համար:




Լրահոս