Սուրեն Կարայանն ինչ-որ գեղեցիկ թվեր է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը տնտեսական զարգացման ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունն արդարացված է համարում: Այս մասին հայտարարեց նախարարը՝ հենվելով ընթացիկ տարվա ութ ամիսների տնտեսական ցուցանիշների վրա: «Մեկ տարի առաջ հայտարարած տեսլականը ևս իրականացվել է և արդարացված է: Մեր հիմնական նպատակադրումն էր, որ հետագա զարգացումը տեսնում ենք արտահանելի տնտեսության ձևավորման մեջ: Առաջին ութ ամիսներին արձանագրված արդյունքներով՝ մենք տեսնում ենք դա»,-ասաց նախարարը:

Մասնավորապես, նա նկատեց, որ ապրանքների արտահանման աճը 2017-ի ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 21.7 տոկոս, ապրանքերի ու ծառայությունների արտահանման ընդհանուր աճը գերազանցել է 20 տոկոսը:

«Սա թույլ է տալիս մեզ ենթադրել, որ այս տարվա արդյունքներով ՀՆԱ-ի մեջ ապրանքների ու ծառայությունների արտահանման տեսակարար կշիռը կկարողանանք հասցնել 37-38 տոկոսի: Սա էլ իր հերթին հիմք է տալիս մտածելու, որ առաջիկայում կարողանանք ապահովել այն ցուցանիշը, որ կառավարության ծրագրում է ամրագրված՝ ապրանքների և ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում հասցնել 40-45 տոկոսի»,- ավելացրեց Սուրեն Կարայանը:

Նախարարի խոսքով՝ տնտեսական ակտիվության 5.5 տոկոսանոց ցուցանիշը պայմանավորված է արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում երկնիշ աճով: «Հատկանշական է, որ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն աճել են 12.4 տոկոսով, որն էլ հիմնական շարժիչ ուժն է եղել տնտեսական ակտիվության աճի համար: Մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալների 16.4-տոկոսանոց աճն էլ ապահովել է ընդհանուր ադյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների աճը»,-հավելեց նախարարը:

Խոսելով արտահանման խրախուսմանն ուղղված աշխատանքների մասին՝ Սուրեն Կարայանը նշեց, որ քայլեր են ձեռնարկել ԵԱՏՄ երկրներում հայկական արտադրանքի լայն ներկայացվածության համար: «Աշխատանքներ ենք իրականացրել ԵԱՏՄ շուկայում հայկական արտադրանքի մուտքի դյուրացման ուղղությամբ՝ փորձելով վերացնել առաջացող հնարավոր խոչընդոտները»,-ասաց նա: Նրա տեղեկացմամբ՝ ԵԱՏՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճել է 33.4 տոկոսով, ԵՄ երկրներ՝ 32.6 տոկոսով:




Լրահոս