Ժամանակն է ավելի բաց խոսել բանակցությունների ընթացքի մասին. ինչում են մեղադրում Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ժնեւում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպման շուրջ քննարկումները չեն դադարում: Երեկ էլ պաշտոնական Բաքուն Սերժ Սարգսյանին մեղադրել է ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ, ինչին հետել է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը:

Նախ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը թվիթերի իր էջում գրել էր. «Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս» հայտարարությամբ Սերժ Սարգսյանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները: «Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են, որ ամփոփիչ հայտարարությունից բացի՝ այլ հայտարարություններ չեն լինելու, Սերժ Սարգսյանը նման խոստում է տվել, որը, սակայն, չի պահել», – գրել է նա:

Նշենք, որ խոսքը Սերժ Սարգսյանի՝ Շվեյցարիայի հայերի հետ հանդիպման ժամանակ ասված հետեւյալ խոսքերն են եղել. «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»:
Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքերին արձագանքել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ով իր միկրոբլոգում գրել է. «Բաքվեցի ժամկետանց չինովնիկը նորից բաց թողեց լռելու եւ այդպիսով իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը»:

Բայց հարցն այն է, որ Սարգսյանի այդ հայտարարության մեջ որեւէ նոր բան չկա: Առավել եւս այն վեց սկզբունքները, որոնց շուրջ ակնկալվում է հարցի լուծումը, վաղուց հայտնի է բոլորին, եւ այդ մասին քանի տարի է՝ արդեն խոսվում է: Ինչու է այդպես անհանգստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Սերժ Սարգսյանն ընդամենը խոսել է խաղաղության մասին: Միգուցե այնպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնց բացահայտումը ձեռնտու չի լինի հենց ադրբեջանական կողմին, եւ նման հայտարարություններով փորձ է արվում թաքցնել այդ ամենը: Սակայն, իսկապես, վաղուց ժամանակն է ավելի բաց խոսել բանակցությունների ընթացքի մասին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս