ԻՆՉՈՒ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանում անցկացվեց ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովը, որն այս անգամ տեղի ունեցավ Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային ֆորումի հետ համատեղ: Այն կազմակերպել էին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը:

Ֆորումին ելույթներ ունեցան Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով սովորույթի համաձայն՝ խուսափեց շփվել լրագրողների հետ:
Իր ելույթում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց. «Հայաստանը, ԵԱՏՄ անդամ լինելով, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր գործընկերների համար եւ դիտարկվել ոչ միայն որպես զուտ ներքին շուկա, այլ որպես հարթակ մեր հարեւան Իրանի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից», – նշեց նա:
Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը համակարծիք է ՀՀ վարչապետի հայտարարության հետ եւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանն արդեն իսկ այդպիսի հարթակ է հանդիսանում, որին մեծ մասամբ օգնում է Իրանի հետ սահմանակից լինելը:
-Պարո՛ն Նազարուկ, նման ֆորումներն ի՞նչ են տալիս ԵԱՏՄ անդամ երկրների հետ հարաբերությունների հարցում: Արդյո՞ք տեսական ելույթներից զատ գործնական քայլերի կարող ենք ականատես լինել:
-Դա չենք կարող չգնահատել, քանի որ նման ֆորումների ե՛ւ ազդեցությունը, ե՛ւ էֆեկտը մեծ է: Առաջին հերթին՝ դա միջոց է, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը ցուցադրի իր հնարավորությունները, ցույց տա, թե ինչի է նա հասել հաշվետու ժամանակաշրջանում: Երկրորդ հերթին՝ այն հարթակ է, որպեսզի նոր տեղեկատվություն ստանաս գործընկերներից, բայց ամենակարեւորներից մեկը նոր կապերի հաստատումն ու ամրապնդումն է, որը ԵԱՏՄ-ի շրջանակներում շատ կարեւոր է:
-Արդյո՞ք ԵԱՏՄ-ի պոտենցիալն ամբողջովին օգտագործվում է: Հասարակական-քաղաքական շատ գործիչներ ընդգծում են այն փաստը, որ անդամակցությունից այսքան տարի անց արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն: Պոտենցիալի ոչ ամբողջովին օգտագործման մասին իր ելույթում նշեց նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
-Սակայն ոչ ոք իրեն հարց չի տալիս՝ ի՞նչ կլիներ, եթե այն երկրները, որոնք ստեղծել են այդ միությունը, առանձին-առանձին հանդես գային: Հիմա տնտեսական միջավայրում սեփական հնարավորությունների ուսումնասիրման տենդենց է նկատվում, որը հնարավորություն է տալիս ամրապնդել դրանք եւ դրա հետ մեկտեղ սատարել ինտեգրացիոն գործընթացների մեջ ներգրավված գործընկերներին՝ եւ օրինակ ծառայելով այն երկրների համար, որոնք դեռ չեն հանդիսանում ԵԱՏՄ անդամ: Նույնիսկ վիճակագրությունն է ցույց տալիս, որ մենք ոչ միայն փոխադարձ առեւտրի աճ ենք տեսնում, այլ նաեւ յուրաքանչյուր երկրի պարագայում տեսնում ենք ՀՆԱ-ի աճ: Այդ աճը կարող է լինել տարբեր չափերի, բայց ամեն դեպքում նկատվում է: Մենք միայն ճանապարհի սկզբում ենք, եւ ինչպես ասվեց ֆորումի ժամանակ՝ մենք դեռ չենք հաղթահարել բոլոր խոչընդոտներն առեւտրի հարցում: Մենք գտնվում ենք ճանապարհի սկզբում նաեւ երրորդ երկրների կամ այլ միությունների հետ հարաբերությունները զարգացնելու առումով:
-Ֆորումի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նաեւ նշեց, թե Հայաստանը պետք է յուրօրինակ հարթակ լինի ԵԱՏՄ մյուս երկրների համար: Նման հնարավորություն տեսնո՞ւմ եք:
-Ես կարող եմ ասել, որ Հայաստանն արդեն իսկ այդպիսի հարթակ է հանդիսանում: Քանի որ այն սահմանակից է Իրանին, եւ այդ սահմանին ազատ տնտեսական գոտի է ստեղծվում հատուկ ռեժիմներով: Այդպիսի տնտեսական գոտի առկա է նաեւ Բելառուսում: Դա միջազգային փորձ է, մենք այստեղ անիվ չենք հայտնագործում, այլ անում ենք քայլեր, որպեսզի բիզնեսը սկսի զարգանալ:
-Մշտապես նշվում է, թե ԵԱՏՄ-ի կազմում առկա է միայն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտուր: Ինչո՞ւ հայ-բելառուսական հարաբերություններն ու առեւտուրը չեն զարգանում:
-Թվերը, որոնց ես տիրապետում եմ 7 ամիսների արդյունքներով, հակառակի մասին են վկայում: Հայաստանի եւ Բելառուսի միջեւ փոխադարձ առեւտուրը նախորդ տարվա համեմատ աճել է: Օրինակ՝ Բելառուսը Հայաստան է ներկրել 139.2 տոկոսով ավել, քան նախորդ տարի: Այսինքն՝ մենք ավելացրել ենք մոտավորապես 40 տոկոս: Իհարկե, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման պոտենցիալն առկա է, եւ մենք բարեհաջող օգտագործում ենք դա: Հայ եւ բելառուս գործընկերների գործողությունները հենց դրան են ուղղված:
-Տնտեսական ֆակտորից զատ բարձրացվում էր նաեւ անվտանգության հարցը: Դուք՝ որպես ՀՀ-ում Բելառուսի դեսպան, ինչպե՞ս եք տեսնում Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը:
-Ես այդ հարցի լուծումը տեսնում եմ միայն բանակցային սեղանի շուրջ, այլ տարբերակ առկա չէ: Եվ դա վերաբերում է ոչ միայն այս, այլ նաեւ մյուս կոնֆլիկտներին: Ավելի լավ է վատ խաղաղությունը, քան լավ պատերազմը: Շատ կարեւոր է, որ այդ մտքին է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Դա այնպիսի հարթակ է, որը հնարավորություն կտա երկխոսության ժամանակ վերացնել սուր կողմերը: Բելառուսն ու Մինսկը կնպաստեն դրան:

 

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂՈԶԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Նոյեմբերին տեղի կունենա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարը, որի ընթացքում վարչության կազմում փոփոխություններ կլինեն: Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսեց Հայաստանի քաղաքական դաշտի մասին:

-Պարո՛ն Քոքոբելյան, արտախորհրդարանական ուժ լինելով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այժմ ի՞նչ գործունեություն է ծավալում: Խորհրդարանական ընտրություններից հետո վերլուծվե՞լ է իրավիճակը:
-Առաջիկայում սպասվում է կուսակցության համագումարը, որի ժամանակ կուսակցության վարչության կազմում փոփոխություններ կլինեն: Արդեն սկսվել են մարզային այցերը համագումարին ընդառաջ: Չեմ խորշի եւ կասեմ, որ ընտրություններից հետո մեր հետեւություններն ենք արել: Անկախ ամեն ինչից՝ մենք չենք համարում, որ դրանք արդար, անկախ, թափանցիկ ընտրություններ են, թող չստացվի այնպես, որ մենք նվազագույն շեմը չհաղթահարելով՝ այդպիսի հայտարարություններ ենք անում: Չեմ կարծում, որ Հայաստանում այնպիսի ողջամիտ մարդ կա, որ կարծում է, թե ընտրություններին 1.5 մլն մարդ մասնակցել է:
-Արդյո՞ք ձախողման պատճառը Ձեր կուսակցության կողմից նախանշված ուղին էր եւ այն ծրագրերը, որոնք ներկայացրել եք: Միգուցե հանրությունը չընդունեց դեպի Եվրոպա Ձեր ուղղվածությունը:
-Ես այդ կարծիքը չեմ կիսում, չնայած այդ հարցը շատ է քննարկվել: Այն տնտեսական կոնցեպտը, որ մենք ներկայացրել ենք քարոզարշավի շրջանակներում, մինչեւ այդ էլ ներկայացնելիս ենք եղել: Մենք, ի տարբերություն շատ-շատ ուժերի, մեր մոտեցումները եղանակային պայմաններից կամ իրավիճակի հետ կապված չենք փոխում: 1991 թվականից սկսած մինչեւ այսօր Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն չի եղել, եւ դա բերում է քաղաքական դաշտի մենաշնորհի: Այս իրավիճակում սպասել, որ փոփոխություններ կլինեն, անհեռատես է: Հայաստանում պետք է լինի համակարգային փոփոխություն:
-Որքանո՞վ է այս փուլում մեծանում արտախորհրդարանական ուժերի դերը: Այլ ուժերի հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք:
-Ընդհանրապես մենք միշտ բաց ենք եղել բոլոր ուժերի համար, բայց նշել ենք, որ համագործակցությունը պետք է լինի գաղափարական հենքի վրա: Հայաստանում մինչեւ այս պահը համագործակցությունները կատարվում են վիրահատական միջամտությամբ, երբեմն իշխանությունների կողմից եւ ցանկացած պահի բերում են այնպիսի իրավիճակի, որ կարող է պայթյունավտանգ լինել: Եվ դա է պատճառը, որ քաղաքական դաշտն այդպես լղոզված է: Վստահ եմ, որ մեր քաղաքացիները վստահ գիտեն՝ ով ինչով է զբաղված՝ այդ թվում ընդդիմադիր դաշտում իմիտացիոն գործընթացներ ստեղծելով: Ժողովրդի լեզվով ասած՝ մեր տունը քանդում են այդ քաղաքական իմիտացիաները: Ավելի վտանգավոր է ընդդիմադիր դաշտում իմիտացիոն գործընթացներ ծավալելը, քան իշխանական դաշտում: Իշխանությանը հաջողվել է ընդդիմադիր դաշտը լղոզել եւ ստեղծել այդ իրավիճակը:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆԿԵՐԸ
Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միխայիլ Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերությունը դատական քաշքշուկների մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի հոկտեմբերի 5-ին «Միկմետալ» ՓԲԸ-ն դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ «Հայր եւ որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ից պահանջելով շուրջ կես միլիոն դրամ: Այս դատական կռվի մեջ ամենաուշագրավն այն է, որ երկու ընկերությունների միջեւ առկա դատական գործի քննությունը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին, ով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի դուստրն է, ուստի դժվար չէ կռահել, թե ինչ ընթացք կունենա դատաքննությունը:

 

 

 

ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ
ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ սուտ ցուցմունք տված անձը միջնորդություն է ներկայացրել դատարան: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Մաթեւոս Ավանեսյանը մեղադրվում է սուտ մատնության մեջ, քանի որ 2016 թվականի ապրիլի 17-ին՝ Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրության օրը, նա ոստիկանությանը հաղորդում էր տվել, թե իբր քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը եւ նրա կողմնակիցներն իրեն ծեծել են:
Հետագայում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք տալու ժամանակ Մաթեւոսը ստիպված էր եղել խոստովանել, որ իրեն չեն ծեծել: Դրա համար էլ նրան սուտ մատնության մեղադրանք առաջադրվեց: Այդ արարքի համար Մաթեւոսը տուգանվել էր 200 հազար դրամով, բայց պարզվում է՝ այդքան փող չունի: Եւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, որ հորդորել էր նրան Սասուն Միքայելյանի վրա ծեծի սուտ հայտարարություն տալ ոստիկանությանը, չի օգնում Մաթեւոսին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս Հրազդանի քաղաքապետարանի աշխատակից Մաթեւոս Ավանեսյանը դիմել է դատարան՝ խնդրելով իր նկատմամբ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակված 200.000 դրամ տուգանքի վճարումը 1 տարի ժամկետով հետաձգել:
Դատարանը նրա դիմումը բավարարել է՝ սահմանելով ժամանակացույց 10 ամիս ժամկետով` յուրաքանչյուր ամսվա համար սահմանելով 14.000 դրամ վճարում:

 




Լրահոս