Համառ ակնարկներ. Կարեն Կարապետյանի մարտահրավերը Սերժ Սարգսյանին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ բացահայտ ձեռնոց է նետել Սերժ Սարգսյանին՝ թարմացնելով ապագա իշխանության համար լուծված համարվող պայքարը: Երեկ Գյումրիում լրագրողները Կարեն Կարապետյանից հետաքրքրվել են, թե ՀՀԿ-ում քննարկե՞լ են արդյոք՝ 2018-ի ապրիլից հետո ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, եւ բացի այդ, իր հետ քննարկել են հետագա պաշտոնավարմանն առնչվող հարցեր: Կարապետյանի պատասխանը բավական ուշագրավ էր. «Ես այդ հարցին պատասխանել եմ, բայց եթե ուզում եք համոզված լինել, թե ես համառ եմ, ապա համոզված եղեք՝ ես համառ եմ»:
Առաջին հայացքից Կարեն Կարապետյանը խուսափել է իր հետագա պաշտոնավարման մասին հարցին կոնկրետ պատասխանելուց: Բայց խուսափելով, վարչապետը լուրջ ակնարկներ է արել՝ շեշտելով, որ ինքը համառ է:

Ինչպես հայտնի է՝ Կարեն Կարապետյանը մեկ անգամ չէ, որ ակնարկել է 2018թ. ապրիլից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մտադրությունների մասին: Պաշտոնավարման առաջին իսկ ամիսներից, երբ Կարապետյանին հարցրել են 2018թ. հետո եւս վարչապետ լինելու մասին, նա դրական պատասխան է տվել: Այս տարվա մայիսին էլ հարցին, թե պատրաստ է վարչապետ մնալ 2018 թվականին եւ դառնալ հանրապետության ղեկավար, նա մեկ բառով էր պատասխանել. «Պատրաստ եմ»։ Արդեն հունիսին, երբ ԱԺ ընտրություններից հետո կառավարությունը խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց իր ծրագիրը, Կարեն Կարապետյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ կրկնել էր՝ ինքը պատրաստ է լինել վարչապետ: Ավելին, Կարապետյանը նաեւ ասել էր, թե ինքը չկա Սերժ Սարգսյանին նախագահական ժամկետից հետո վարչապետ դառնալ համոզողների ցանկում: Ընդ որում, նա այս հայտարարությունն արել էր Սերժ Սարգսյանի՝ Ռ-էվոլյուցիա հաղորդաշարին տված հարցազրույցից հետո, որտեղ վերջինս ակնարկել էր իր հետագա պաշտոնավարման ցանկությունների մասին:

????????????????????????????????????

Ու հիմա Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե ինքը համառ է, ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր Սերժ Սարգսյանին. այսպես Կարապետյանը հասկացնում է, որ ամենեւին մտադիր չէ զիջել դիրքերը եւ պայքարելու է խոստացված պաշտոնի համար: Այլապես, ինչո՞ւ էր ժամանակին համաձայնվել Մոսկվայում թողնել «Գազպրոմ»-ի փոխնախագահի պաշտոնը եւ մի քանի ամսով դառնալ վարչապետ, ընդ որում՝ իր վրա վերցնելով ընտրություններին ՀՀԿ-ի դեմքը փրկելու բեռը՝ այդ ընթացքում հողին հավասարեցնելով բարձր վարկանիշը:




Լրահոս