ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՓՈԽԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում վարորդական իրավունքի տրամադրումը համարվում է կոռումպացված ոլորտներից մեկը: Իրականում մեր երկրում տեղի ունեցող վթարների զգալի մասը վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն է, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն տիրապետում երթեւեկության տարրական կանոններին:

Մեր հանրապետությունում վերջին տարիներին վարորդ դառնալը, վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելը բավական հեշտ է: Ըստ որոշ մասնագետների` Հայաստանում վարորդական իրավունք տրամադրելու ինստիտուտը վերափոխման խիստ կարիք ունի: Սակայն այս ուղղությամբ կարծես թե առարկայական քայլեր չեն արվում: Հայտնի փաստ է, որ այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը մեծ են, ինչի արդյունքում մեքենա վարելու հնարավորություն են ստանում վարորդական գիտելիքներ, հմտություններ չունեցող մարդիկ: Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանի վարորդների զգալի մասը իրենց վարորդական իրավունքի վկայականը ձեռք են բերում կլորիկ գումարի դիմաց:
ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, հայտարարեց. «Վարորդական իրավունքի վկայականի տրամադրման չափանիշը համապատասխան գիտելիքների իմացությունն է` տեսական եւ գործնական: Եթե գիտելիքների իմացությունը այդ քննությունններով ապացուցվում է, ապա արդեն քաղաքացուն տրվում է վարորդական իրավունքների վկայական: Եւ կապ չունի, թե նրանք այդ գիտելիքները ինչպես են ձեռք բերել` համապատասխան ավտոդպրոցներում, թե ինքնուս տարբերակով: Խնդիրը հավանաբար սրա մեջ է կայանում: Կան երկրներ, որտեղ պետք է համապատասխան դպրոցական ուսուցում ունենան: Գիտելիքների ձեռքբերման աղբյուրը, կոպիտ ասած, չի հետաքրքրում»:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի խոսքերով՝ Հայաստանի մարզերում վարորդական իրավունքի վկայական ստանալու պահանջով դիմող քաղաքացիների մոտ 90 տոկոսը ստանում է, իսկ Երեւանում` դիմողների մոտ 70 տոկոսը: «Այսինքն՝ ՀՀ որոշ մարզերում վունդերկինդներ են ապրում, որոնք միանգամից՝ մեկ քննությունից հետո, անմիջապես վարորդական իրավունքի վկայական են ստանում: Ինչը խիստ տարօրինակ է»,- նկատեց ՀԿ-ի համահիմնադիրը:
Մեր զրուցակցից տեղեկացանք, որ Գերմանիայում վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով քաղաքացին հատուկ դասընթացներին պետք է մասնակցի, երկար ժամանակ ռեալ պարապի: «Իսկ Վրաստանի իշխանությունները նախապես տեղյակ էին, որ մարզերում կոռուպցիոն ռիսկերը կմեծանան, եւ որոշեցին մեկ տեղում` Ռուսթավելի քաղաքում, կենտրոնացնել վարորդական իրավունքի վկայական ստանալը: Այսինքն՝ մարդիկ միայն այնտեղ կարող են վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննություն հանձնել»,- փոխանցեց Սերգեյ Ղահրամանյանը: Նրա խոսքերով՝ Վրաստանում վերջերս ներդրվել է 100 բալանոց համակարգ, ըստ որի` եթե խախտումներ է ունենում, ապա ժամանակից շուտ սպառում է իր 100 բալը, արդյունքում կորցնում է վարորդական իրավունքի վկայականը: Եւ այն նորից ստանալու համար պետք է կրկին քննություն հանձնի: Ի դեպ, նման համակարգ գործում է նաեւ Ֆրանսիայում:
«Ֆրանսիայում մի խախտում կատարելու դեպքում միավորներ են հանվում, երկրորդ խախտման դեպքում ե՛ւ հանվող միավորներն են ավելանում, ե՛ւ տուգանքի չափը: Եթե նույն խախտումը մի տարվա մեջ երրորդ անգամ են թույլ տալիս, ապա վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու քննությունը վերահանձնում են: Կան մի քանի այլ գործոններ, որոնք որ ավելի հետաքրքիր են դարձնում եւ մոտիվացնում են մարդկանց օրենքների փոփոխություններին համընթաց զարգանալ»,- նկատեց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Ս. Ղահրամանյանը:
Արդյունքում` այսօր Հայաստանում ով ասես մեքենա է վարում` վտանգելով մարդկանց կյանքը: Մյուս կողմից՝ նրանք, ովքեր իրենց վկայականները գումարով ձեռք բերելու պարագայում էլ (ըստ օդում կախված լուրերի` այն 150 հազար դրամով կարելի է) այդպես էլ չեն սովորում երթեւեկության կանոնները: Եւ չնայած սրան` պատկան կառույցները չեն վերահսկում ոլորտը, եւ գնված վարորդական վկայականով անբարեխիղճ վարորդներին չեն ուղարկում վերապատրաստման դասընթացների:
Հ.Գ. «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց նաեւ թվային տվյալներ, ըստ որի` անցած տարվա ընթացքում արձանագրվել է ճանապարհային երթեւեկության կանոնների 335 հազար 571 իրավախախտում: Տեսանկարահանող եւ լուսանկարահանող-արագաչափ սարքերի միջոցով հայտնաբերված իրավախախտումներով կայացվել է 1 մլն 446 հազար 275 որոշում: Բացի այս՝ անցած տարվա ընթացքում ՀՀ-ում հաշվառվել է զոհերով եւ վիրավորներով 3203 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 267, մարմնական վնասվածքներ ստացել` 4451 մարդ: Իսկ Երեւանում տեղի է ունեցել 1417 պատահար, զոհվել է 74, վիրավորվել է 1781 մարդ: Հաշվառված 267 զոհերից 93-ը եղել է հետիոտն, 88-ը` վարորդ, 81-ը՝ ուղեւոր, 1-ը` հեծանվորդ եւ 4-ը՝ մոտոցիկլիստ: Իսկ ընդհանուր 4451 վիրավորից 924-ը եղել է հետիոտն, 1513-ը` վարորդ, 1929-ը՝ ուղեւոր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԱՃԵԼ Է, ԲԱՅՑ ԿՊԱՀԵ՞ՆՔ
Մարդկանց արտահոսքը դեպի Հայաստան շարունակվում է: Ըստ պաշտոնական տեղեկության՝ Հայաստան ընդհանուր այցելությունները 2017թ. հունվար-հունիս ամիսներին կազմել են 1.350.791: 2016թ. նույն ամիսների համեմատ գրանցվել է 24.3 տոկոս աճ (2016թ. այդ ցուցանիշը կազմել է 1.086.466):
Իսկ Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել են 622.381: 2016 թվականի նույն ամիսների համեմատ գրանցվել է 24.2 տոկոս աճ: 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 501.118: Սա, իհարկե, լավ ցուցանիշ է, քանի որ տուրիզմը կփրկի Հայաստանը: Բայց այս թվերով ոգեւորվել դեռ պետք չէ, քանի որ զբոսաշրջությունը զարգանում է բացառապես «ոտքերով քվեարկելու» արդյունքում: Ու եթե որեւէ զբոսաշրջիկ Հայաստանի տաքսու «գրդոնչի» վարորդների, խանութների բռի աշխատակիցների ու հասարակական զուգարանների բացակայության եւ խայտառակ ավտոճանապարհների մասին պատմի իր ծանոթ-բարեկամին, դժվար թե որեւէ մեկը ցանկանա Հայաստան գալ: Այդ իսկ պատճառով զբոսաշրջության զարգացման գործընթացը ամենօրյա շարունակական աշխատանք է՝ կոնկրետ ոլորտներ կարգավորելով: Ընդ որում, այդ կարգավորումները պետք է սկսել ներսից:
Իսկ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ամեն անգամ իր հարցազրույցներում հայտարարում է, թե Հայաստանը դրսում ճանաչելի դարձնելու խնդիր ունի, եւ իրենք այդ խնդիրն են լուծում: Միչդեռ այս իրավիճակում Հայաստանին ճանաչելն ամենեւին էլ մեր շահերից չի բխում: Պետք է լրջորեն զբաղվել տուրիզմի ոլորտի սպասարկուներով: Ընդ որում, այդ սպասարկուները հնարավոր է, որ ամենեւին էլ կապ չունենան պետական որեւէ օղակի հետ: Բայց նույնիսկ անհատ ձեռնարկատերերի ու մասնավոր ձեռնարկությունների հետ ամենօրյա քրտնաջան բացատրա-պահանջատիրական աշխատանքը օր առաջ անհրաժեշտ է արդյունավետ հանգրվանի հասցնել:

 

 

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
Հոկտեմբերի 10-ին հյուսիսային շրջաններում, 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 11-12-ը կնվազի 3-4 աստիճանով, 13-14-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երեւանում հոկտեմբերի 10-ին, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-12-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

 




Լրահոս