ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՂԵՑ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը երեկ ներկայացրեց 2016-2017 թվականների ընթացքում կատարված հիմնական աշխատանքների հաշվետվությունը: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախարար Դավիթ Լոքյանի հետ:

-Պարո՛ն Լոքյան, «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ հրապարակել էր, որ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գլոդ» ընկերությունը առաջիկայում պատրաստվում է առանց աշխատանքի թողնել 70 վարորդի: Դուք չե՞ք պատրաստվում միջամտել, չէ՞ որ ռուսական ընկերության պատճառով 70 ընտանիք սոված է մնալու:
-Մենք չենք կարող միջամտել մասնավոր ընկերության գործունեությանը: Բայց փորձել ենք հասկանալ պատճառները: Ուղիղ ընկերության հետ կապ չենք հաստատել: Բայց մենք այդ մասով մարզպետարանի հետ ենք կապ հաստատել եւ փորձել ենք հասկանալ` դա ծավալների փոքրացման արդյունքո՞ւմ է, թե՞ այլ պատճառներ կան: Պարզվում է, որ հիմնականում ծավալների նվազեցման պատճառն է: Իրականում բեռնափոխադրումներ իրականացնողների խնդիր է սա:
-Առողջապահական կազմակերպությունների մոտ բողոքի նոր ալիք է հասունանում` կապված էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ: Ինչպե՞ս եք պատրաստվում մեղմացնել նրանց բողոքը:
-Ուրախացնենք Ձեզ. մինչեւ հունվարի 1-ը ՀՀ բոլոր պոլիկլինիկաները եւ առողջապահական այլ կազմակերպությունները վճարումներ չեն անելու: Այսինքն՝ ծառայությունից օգտվելու են անվճար: Բայց առողջապահության նախարարությունը ներկայացրել է շատ հրաշալի տարբերակ` սահմանամերձ համայնքներում գտնվող հաստատությունները ծառայության դիմաց զրո կվճարեն, խնդիրը կբաժանվի մյուսների վրա…
-Այսինքն՝ այդ ֆինանսական լրացուցիչ բեռը, որից դժգոհում էին առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչները, գցեցիք պետության ուսերին…
-Բնական է, մենք վերջին հաշվով բուժհաստատություններին պետական միջոցներ ենք հատկացնում, որպեսզի կատարեն իրենց պարտականությունները: Եթե խորանում ենք, սա հրաշալի բան է: Իրականում մեր հիվանդանոցները պետք է իրենց միջոցներով անեին այս ամբողջը: Բայց պետությունը ձեռք է մեկնում: Ինչո՞ւ պետք է մասնավոր հիվանդանոցը չվճարի այդ ծառայության համար, կամ հիվանդանոցները բնակիչներից գանձում են որոշակի միջոցներ, ինչո՞ւ դրանից չվճարել այդ 300 հազար դրամը եւ ունենալ քաղաքակիրթ առողջապահական համակարգ: Սա կարգ է, որն իրագործելու հարցում պետք է մեր բուժհաստատությունները շահագրգռված լինեն: Բայց մենք կրկին փորձեցինք ձեւ գտնել, որպեսզի հեռու, սահմանամերձ բնակավայրերում չբարդացնենք խնդիրները:
-Պարո՛ն Լոքյան, նախկինում մարզերը համաչափ զարգացնելու նպատակով քննարկվում էր որոշ գերատեսչությունները մարզեր տեղափոխելու հարցը: Այս պահին այս հարցը դեռ քննարկվո՞ւմ է:
-Այդ հարցի շուրջ քննարկումը դեռ շարունակվում է: Բայց քննարկվում է միայն մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունները Գյումրի տեղափոխելու հարցը: Թե երբ կամ ինչպես, չեմ կարող ասել: Բայց այդ հարցը ավելի ճիշտ կլինի հանրապետության նախագահի, վարչապետի մակարդակով քննարկվի:
-Դուք նախարարության գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձաք սահմանամերձ Կոթիին: Ոգեւորված նշեցիք, որ այնտեղ ներդրումային ծրագրեր են իրականացվելու եւ այլն: Բայց չնայած դրան` կոթեցու կյանքը, ապրելակերպը չի բարելավվել, եւ նա թարմ հաց չի կարողանում գնել, այլ մեկ օր սպասում է, որպեսզի կես գնով գնի հին հաց…
-Ես սիրում եմ Կոթին, Կոթիի պատվավոր քաղաքացի եմ… Կոթիում թարմ հաց չե՞ն կարողանում գնել, ես տեղյակ չեմ: Եթե իմանամ, շատ արագ կօգնեմ, եւ իրենք կունենան հացի թխման արտադրություն: Եթե դրանց սպառումը կա, եւ դա կաշխատի: Թող մեկը դիմի Կոթիից… լավ, ես կդիմեմ: Զարմանալի բան է: Բայց Երեւանում էլ այդ երեւույթը կա, աղջի՛կս:
Հ.Գ. Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի` 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանին տեսնում եք Հայաստանի վարչապետի պաշտոնին հարցը Լոքյանն անպատասխան թողեց: Փոխարենը արագ քայլերով մտավ աշխատասենյակ եւ կամաց փակեց դուռը:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ վերջին շրջանում Հայաստանում նկատվող թանկացումներն ունեն ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: Նրա խոսքով՝ Հայաստանում տարիներ շարունակ տնտեսական ազատ մրցակցություն չի եղել. «Այս ազատ մրցակցության բացակայության պայմաններում մոնոպոլ նկրտումները գերակայում են, ինչը բերում է մի շարք բացասական հետեւանքների, մասնավորապես պետության նկատմամբ պարտավորությունների թերակատարում, փոքր եւ միջին գործարարության սահմանափակում, եւ այլն»,-նշել է Վ. Բոստանջյանը: Նրա կարծիքով՝ միշտ տնտեսվարող սուբյեկտները շահ են հետապնդում, շահը կարող է լինել միայն այն պարագայում, երբ կան բարձր գներ, դրանք կարող են լինել այն պարագայում, երբ մրցակից չկա: Հարցին` գոնե ինչ-որ չափով ստվերի վերացում չե՞ք տեսնում, Վ. Բոստանջյանը պատասխանել է. «Իհարկե, տեսնում եմ: Ստվերի կրճատումը բոլոր դեպքերում չի կարող հավերժական գործընթաց լինել: Ակնհայտորեն ստվերը նահանջում է մեր երկրում, որքանով էլ պայմանավորված լինի մեկ անձով, սա պրոցես է, որը ժամանակի ընթացքում չէր կարող մնալ ու մեծանալ, ստվերային տնտեսության որոշակի սահմանափակում կա, բայց դեռեւս այնքան փոքր է, որ նկատելի ազդեցություն չունի մեր երկրի քաղաքացիների վրա»:

 

 

ԱԿՏԻՎԱՑԵԼ Է ԿՐԾՈՂՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, եւ անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու եւ խաղողի այգիները: Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ բարձր վարակվածություն ունեցող տարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ մարզերին հատկացվել են անհրաժեշտ քանակությամբ թունաքիմիկատ եւ օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ: ՀՀ ԳՆ-ը հորդորում է հողօգտագործողներին հետեւել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները: Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաեւ 2018 թվականին` գարնանային պայքարի միջոցառումներ կազմակերպելու համար:

 

 

500 ԾԱՌ Է ՋԱՐԴՎԵԼ
Հոկտեմբերի առաջին օրերին տեղացած ձյան ծանրությունից Գավառում ջարդվել է մոտ 500 դեկորատիվ ծառ՝ արծաթափայլ բարդիներ ու սոճիներ, ակացիաներ, տուաներ, ուռիներ: Տերեւաթափից առաջ տեղացած ձյունը վնասներ է հասցրել քաղաքի ծառապատ ու կանաչապատ տարածքներին: Գավառագետի ափերի բարդիներն էլ են մեծ քանակով ջարդվել: Դրանք մաքրվում են, ծառերի ջարդված մասերը մշակվում են, վառելափայտը տրամադրում բնակիչներին, իսկ անպիտան մասը տեղափոխում աղբավայր:




Լրահոս