Գառնու ջուրը հասավ Մասիս. Վեոլիա Ջուրը կտնտեսի 80-90 հազար կՎտժ էներգիա ամսական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հազիվ էր գարունը բացվել, երբ Վեոլիա Ջուր ընկերությունը այլ առաջնահերթությունների թվում ձեռնամուխ եղավ նախորդ Օպերատորից «ժառանգած» եւ «անլուծելի» համարվող՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի ու Այնթապ, Մարմարաշեն, Նոր Կյուրին գյուղերի բնակիչներին բարձորակ ջրով ապահովելու խնդրի լուծմանը:

Բանն այն է, որ այս բնակավայրերը տասնամյակներ շարունակ ջուր են ստացել տեղի արտեզյան հորերից: Ջուրն, իհարկե, խմելու պիտանի է, սակայն հասկանալի է, որ որակական ցուցանիշներով այն զիջում է լեռնային աղբյուրների ջրին: Մինչդեռ հարեւանությամբ ձգվում է «Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարը, որ միշտ էլ դիտարկվել է, թեկուզեւ տեսականորեն, տվյալ ջրատարից մասիսցիների ջրամատակարարման հնարավորություն:

Բայց միայն ընթացիկ տարում, երբ գործն իր ձեռքն առավ Վեոլիա Ջուրը, աշխատանքն այդ ուղղությամբ տեսականից անցավ գործնական փուլ, նախագիծը, ինչպես ասում են, միս ու արյուն ստացավ:

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այստեղ պահանջվում է հետեւողական աշխատանք, անելիքը շատ է ու բազմաբնույթ: Բաղձալի ջրի «ճամփի քարը» հեշտ չի լինի հանել: Սկզբի համար որոշվեց վերագործարկել «Գառնի-Երեւան» խողովակաշարին ամենամոտ Նոր Խարբերդ գյուղի օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դեպի Մասիսի ՕԿՋ գոյություն ունեցող, բայց չշահագործվող ջրագիծը: Վերացվեցին դրա վրա առկա վթարները, փոխարինվեցին փականային հանգույցները ու այլն:

Սա խնդրի տեխնիկական կողմի մասին: Ինչ վերաբերվում է ջրի քանակին, ապա այն վերցվեց Երեւանից, որտեղ վերջին տարիներին Վեոլիա Ջրի նման ֆրանսիական Վեոլիա Գրուպի մաս կազմող Երեւան Ջուր ՓԲԸ կատարած աշխատանքների շնորհիվ հնարավոր էր եղել տնտեսել զգալի կենարար հեղուկ: Մայրաքաղաքի բաշխիչ ցանցում տարբեր աղբյուրներից ստացվող ջրի վերաբաշխման արդյունքում հնարավոր եղավ Գառնու աղբյուրի ջրի մի մասն ուղղել դեպի Մասիս: Այդ անլուծելի համարվող խնդրի լուծմանն ուղղված առաջին իսկ քայլը տվեց դրական արդյունք:

Նշված համայնքներին մատակարարվող ջրի 70 տոկոսը կազմեց Գառնու քաղցրահամ ջուրը, ինչն իսկույն նկատվեց սպառողների կողմից: Միեւնույն ժամանակ պարզ էր, որ դա միայն առաջին քայլն էր, որին պետք է հետեւեն նորերը: Քանի որ կա քաղաքամայր Երեւանի խնդիր, որը Գառնու ջրի հիմնական սպառողն է, կա ջրի կորստի խնդիր ամենուր, կա աղբյուրում արտադրվող ջրի քանակի ավելացման խնդիր… Այս ամենի համար պահանջվում է ժամանակ եւ միջոցներ: Այս պայմաններում բնական պետք է համարել, որ ամռան արտակարգ շոգերն արագորեն «կլանեցին» Գառնու ջրի այն ռեզերվը, որը տնտեսվել էր Երեւանում, եւ Մասիսը նորից անցավ արտեզյան ջրերի:
Եւ այստեղ տեղի ունեցավ մի բան, որը անընդունելի է ու վիրավորական ջրմուղագործների համար:

Տեղական նշանակության որոշ պաշտոնատար անձինք, խնդրի մեջ խորանալու ու պատճառ-հետեւանքային կապին հասու լինելու փոխարեն, անցան ամբոխահաճ հայտարարությունների ու ի տես ամենքի /իմա՝ ընտրողների/ ամենայն լրջությամբ սկսեցին պահանջել Օպերատորից «անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` նշված բնակավայրերին խմելու համար պիտանի ջուր մատակարարելուն», այլապես… Ասես տեղյակ չէին, որ խոսքն ընդամենը այն ջրի մասին էր, որ տարածաշրջանը ստանում էր տասնամյակներ շարունակ:

Ու որ Վեոլիա Ջուրը նոր-նոր է ձեռնամուխ եղել գործին: Զարմանալ պետք չէ, որ այս մթնոլորտում բանից անտեղյակ համաքաղաքացիների շրջանում սկսեցին շրջանառվել տարաբնույթ լուրեր, մասնավորապես այն մասին, որ Գառնու ջուրը տվել էին միայն Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ եւ այլն: Ինչեւիցե: Բայց ահա եկավ աշունը եւ այս ընթացքում Վեոլիա Ջրի կատարած աշխատանքը տվեց նոր պտուղներ. Գառնու ջուրը վայրկյանում մոտ 75 լիտր քանակությամբ նորից հոսեց դեպի Մասիսի տարածաշրջան:

Համոզված կարող ենք ասել, որ մինչեւ հաջորդ մայիս ամիսը տեղի սպառողները կստանան այս բարձրորակ ջուրը: Դե իսկ հետո… Հետոն կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում եղանակային պայմաններից ու ջրի սպառման ծավալների ավելացումից: Այդ գործոնների ազդեցությունը նվազեցնելու համար Վեոլիա ջրի կողմից շարունակվում է Գառնու ջրաղբյուրից օգտվող բնակավայրերի բաշխիչ ցանցի վերակառուցումը, վերանայվում է դրանց ջրամատակարարման սխեման, ընկերության համակարգում նվազեցվում է ջրի կորուստը, իսկ սպառողների շրջանում՝ տարվում է պայքար ապօրինությունների, այդ թվում խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու, դեմ… Անկասկած, այս ամենը դրականորեն կանդրադառնա Գառնու ջրի մատակարարման ժամանակահատվածի երկարաձգման վրա: Կա եւս մեկ կարեւոր հանգամանք. դրանում սպառողներից ոչ պակաս շահագրգիռ է ինքը՝ Օպերատորը:

Որովհետեւ Գառնու ջուրը Մասիս հասցնելու վրա մոտ 2,5 անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախսվում, քան Արարատյան դաշտի խորքային հորերի շահագործման դեպքում: Տնտեսումը կազմում է 80-90 հազար կՎտժ ամսական: Գումար է:Այնպես որ՝ բացե՜ք ձեր ծորակները, հարգելի մասիսցիներ, վայելե՜ք լեռների քաղցրահամ ջուրը, բայցեւ իմացեք դրա գինը: Ու արդյունավետ օգտագործեք այն, որպես սեփական ներդրում Վեոլիա Ջրի հետ համատեղ ձեր իսկ «անլուծելի խնդրի» վերջնական լուծման գործում:

Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս