Հայաստանի և Լեհաստանի արտգործնախարարների հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ այս տարի լրանում են հայ-լեհական հարաբերությունների համար մեծ կարևորություն ունեցող երկու իրադարձություններ՝ հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակը:

Այս համատեքստում զրուցակինցները երկուստեք ընդգծեցին լեհահայ համայնքի կարևոր դերակատարությունը հայ-լեհական հարաբերություններում՝ նշելով, որ այն հաստատուն կամուրջ է հանդիսանում երկու բարեկամ պետությունների միջև:

Նախարար Նալբանդյանը կարևորեց նաև այս օրերին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության՝ Լեհաստան կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումները, ինչպես նաև հայ համայնքի կազմավորման 650 ամյակի կապակցությամբ Լեհաստանի Սենատի կողմից ընդունված բանաձևը՝ ի գնահատանք Լեհաստանի պատմության մեջ և մշակույթում ունեցած ներդրման:

Արտգործնախարարները գոհունակությամբ նշեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր բարձրաստիճան փոխայցելությունների, արդյունավետ քաղաքական երկխոսության և ծավալուն իրավապայմանագրային դաշտի ստեղծման միջոցով երկու երկրների միջև ձևավորվել է կայուն հիմք հայ-լեհական հարաբերությունների համապարփակ և բովանդակալից զարգացման համար թե՛ երկկողմ, թե՛ բազմակող մակարդակներում:

Անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որ հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև միջխորհրդարանական, ապակենտրոնացված, գիտակրթական և մշակութային ուղղություններով երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբադյանն ու Վիտոլդ Վաշչիկովսկին մտքեր փոխանակեցին հաջորդ ամիս Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապտրաստման շուրջ։

Արտգործնախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի, մտքեր փոխանակեցին միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։ Նախարարները համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա:

Հանդիպումից հետո Հայաստանի և Լեհաստանի նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:




Լրահոս