Տարածքների հանձնում՝ ստատուսի դիմաց. ինչ ելք է տեսնում Մինսկի խմբի նախկին համանախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ռուս դիվանագետ, 1992-1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ՄԽ ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
-Պարո՛ն Կազիմիրով, օրեր առաջ Ժնեւում տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որից հետո հայտարարություն հնչեց, ըստ որի բանակցությունները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Դուք հիմա տեսնո՞ւմ եք կոնֆլիկտի լուծման որեւէ հավանականություն: Ո՞ր դեպքում այն կարող է լուծվել:
-Իհարկե, բանակցություններն ու նման հանդիպումները կարեւոր են, եւ բնական է, որ բանակցությունները շարունակելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Սակայն հարցի վերջնական կարգավորումը պահանջում է նոր քաղաքական գործիչների ծնունդ: Ունա՞կ են նրանք աշխարհ գալ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ ռեալ պատկերացումներով, ինձ դժվար է ասել: Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ռեալիստական մոտեցում, և Դուք հասկանում եք, թե որ կողմից:
– Դուք նշեցիք, թե նման պայմանավորվածությունները կարեւոր են, սակայն Ադրբեջանը մինչ այժմ չի կատարում այն պարտավորությունները, որոնք նա տվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում: Որպես Մինսկի խմբի նախկին համանախագահ՝ ի՞նչ կարող եք ասել, Մինսկի խումբը չունի՞ այնպիսի լծակներ, որոնցով կարող է պարտադրել Ադրբեջանին կատարել դրանք:
-Դուք հասկանում եք՝ հարցը գնում է կողմերի՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ կատարելու կարողության մասին: Այսպիսի կոնֆլիկտներում կան կողմեր, որոնք ունակ չեն պայմանավորվածություններ կատարելու: Նրանք ունակ չեն ոչ միայն պայմանագրել ստորագրելու, այլեւ դրանք կատարելու հարցում. չէ՞ որ պայմանագրերի ստորագրումը ենթադրում է կատարել դրանք: Հենց դա էլ հաճախ պակասում է. փաստաթուղթը ստորագրվում է, սակայն կողմերից մեկը չի կատարում պարտականությունները եւ սկսում է նոր պայմաններ առաջ քաշել, որոնք նախկինում չեն եղել: Իսկ ինչ վերաբերում է Մինսկի խմբի կողմից պարտադրանքին, ապա պետք է հասկանալ, որ նրանք համանախագահներ են եւ պարզապես բանակցությունների անցկացման համար հարթակ: Այնպես որ համանախագահները չեն կարող կողմերի փոխարեն որոշումներ կայացնել, նրանք միայն անում են ամեն ինչ, որպեսզի կողմերի տեսակետները մոտենան միմյանց՝ տարաձայնությունների վերացման համար: Սակայն վերջնական որոշում պետք է կայացնեն անձամբ կոնֆլիկտի կողմերը եւ ոչ թե միայն կայացնեն, այլեւ կատարեն:
-Կոնֆլիկտը ձգվում է ավելի քան 20 տարի: Ի՞նչն է խանգարում հակամարտության վերջնական կարգավորմանը:
-Այն, ինչ ես հիմա կասեմ, ոչ թե ՌԴ-ի, այլ հենց իմ տեսակետն է, քանի որ ես վաղուց պետական համակարգում չեմ աշխատում: Ես անձամբ կարծում եմ, որ կարգավորման գլխավոր հարցը կոնֆլիկտի կողմերի կողմից հարցի ուժային լուծման ցանկացած փորձի մերժումն է: Պետք է կողմերն իրենց վրա պարտավորություն վերցնեն հարցը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծելու: Տեսեք, դրան ընդդիմանում է Ադրբեջանը, քանի որ փաստացի պարտվել է 90-ականների պատերազմում եւ կորցրել է մի քանի տարածքների հանդեպ վերահսկողություն: Եվ նա մշտապես սպառնում է կոնֆլիկտը լուծել ուժային տարբերակով՝ հասկանալով, որ ընդհանուր միջազգային մոտեցումը դժվար թե դրան նպաստի: Եվ ուժի դիմելու ցանկությունից չհրաժարվելն էլ հաջողության հասնելու միակ խոչընդոտն է: Հիպոթետիկ կերպով պատկերացրեք, որ Ադրբեջանն իր վրա պատասխանատվություն է վերցնում այդ հարցը լուծել միայն քաղաքական միջոցներով, այդ դեպքում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կհայտնվեն այնպիսի իրավիճակում, երբ արդեն անհարմար կլինի շարունակել պահպանել վերահսկողությունն ադրբեջանական տարածքների հանդեպ: Խոսքը ոչ թե այն տարածքների մասին է, որոնք հանդիսանում են բանակցությունների առարկա, այլ այն մյուս տարածքների, որոնք պատկանել եւ պատկանում են Ադրբեջանին: Եթե Արբեջանի կողմից իսկապես այդպիսի որոշում լինի, որ հարցը պետք է կարգավորել քաղաքական ճանապարհով, ապա հայերն իսկապես պետք է ազատեն այն տարածքները, որոնք 90-ականների պատերազմի ժամանակ ձեռք են բերել:
-Տարածքների վերադարձ ինչի՞ դիմաց՝ Լեռնային Ղարաբաղի ստատուսի՞:
– Նախ նկատենք, որ ադրբեջանական կողմը չի անում այդպիսի հայտարարություն եւ պարտավորություն, հենց դա էլ հանդիսանում է ներկայիս փակուղու պատճառը, որը ձգվում է արդեն տասնամյակներ: Եվ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում պետք է հասկանան, որ այդ տարածքները զբաղեցվել են ռազմական գործողությունների ժամանակ, դա չի նշանակում, որ դրանք պատկանում են Հայաստանին: Դրանք բանակցությունների հստակ առարկա են, շատ լուրջ բանակցությունների առարկա: Այն, ինչ քեզ չի պատկանում, պետք է վերադարձնել, այլ հարց է Լաչինի միջանցքի, Քելբաջարի ճանապարհի հարցը, որոնք այլ բանակցությունների առարկա են: Իհարկե, իմ նշած տարբերակի դեպքում հարցական կմնար Լեռնային Ղարաբաղի ստատուսի հարցը, բայց դա ավելի նեղ խնդիր կլինի: Իհարկե, Լեռնային Ղարաբաղի ստատուսի հարցը պետք է որոշվի այնտեղի բնակչության ցանկությամբ միայն: Դա արդեն մյուս փուլը կլիներ, սակայն դրանից առաջ տարածքների վերադարձի հարց կլիներ: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցին, դա հենց վկայում է Ադրբեջանի կողմից պայմանավորվածություններ ձեռք բերելու պատրաստ չլինելու մասին: Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ցանկացած պետության իրավունքն է. Լեռնային Ղարաբաղը պետք է քաղաքական կարգավիճակ ստանա:
-Այդ դեպքում՝ ինչ հեռանկարներ կան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
-Շատերի կողմից հավանության է արժանանում այն գաղափարը, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշի նրա բնակչությունը: Եթե հանրաքվե անցկացնեն, ապա դրա արդյունքն ակնհայտ կլինի: Նույնիսկ , եթե այդ հանրաքվեի ընթացքում քվեարկեն այն ադրբեջանցիները, որոնք այնտեղ ապրել են, չնայած նրանք վաղուց ինչ-որ այլ տեղում են, մեծամասնությունն անկախության կողմնակից կլինի: Այդ պատճառով Ալիեւն ընդհանրապես չի ցանկանում հանրաքվե անցկացնել: Դրա արդյունքն ակնհայտ է եւ հենց դրանում է թաքնված հակամարտության էությունը:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս