Զորակոչի հետքերով. բժիշկը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում որպես վիրաբույժ փորձագետ-բժիշկ ընդգրկված Հայկ Խեչոյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ զորակոչիկ Արման Փայտյանը պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար օրենքով սահմանված կարգով գնացել է ստուգումների, որպեսզի հասկանա՝ առողջական խնդիրներ ունի՞, թե՞ ոչ, որից հետո զորակոչվի բանակ:

Հայկ Խեչոյանը Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում՝ որպես վիրաբույժ փորձագետ-բժիշկ, զննել է զորակոչիկ Արման Փայտյանին Երեւան քաղաքի թիվ 16 պոլիկլինիկայում եւ պարտադիր հետազոտության ընթացքում հայտնաբերել ձախ երիկամի հետ կապված խնդիր: Նման պայմաններում նա պարտավոր էր Փայտյանին ուղարկել հետազոտման քաղաքացիական բժշկական հաստատություններ: Սակայն հիմնվելով սեփական փորձի ու իր կողմից կատարված ոչ լիարժեք զննության տվյալների վրա, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ իր պարտականությունները չի կատարել:

Այսպիսով՝ առողջական խնդիր ունեցող զինվոր Արման Փայտյանի զինվորական փաստաթղթում նշվում է, որ Ա. Փայտյանը պիտանի է զինվորական ծառայության: Ստացվում է, որ ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում Արման Փայտյանը զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության ու 14 ամիս ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ծառայության ընթացքում խնդիրներ են առաջացել, որից հետո պարզվել է, որ նման առողջական խնդիրներ ունեցող երիտասարդին իրավունք չունեին ընդհանրապես բանակ զորակոչել:

Տեղեկացանք, որ Հայկ Խեչոյանի նկատմամբ ոչ միայն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական անփութություն, այլեւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ այսպիսի դեպքեր էլի են եղել: ՀՀ քննչական կոմիտեն այս տարվա սեպտեմբերի 26-ին հայտնել էր, որ բացահայտվել են բժշկական հաստատությունների առանձին աշխատողների կողմից գումարի դիմաց առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից 3-ը բժշկական տարբեր հիմնարկների աշխատակիցներ են: Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Այս գործով նախաքննությունը դեռեւս ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է:

Քնար Մանուկյան




Լրահոս