Ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը հիվանդանոցներին պարտք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստանում Հայաստանում գործող բուժհաստատությունների ղեկավարներից առ այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը իրենց նկատմամբ բյուջետային պարտավորությունները չի կատարում:

Այսինքն՝ պետությունը պարտք է մնում հիվանդանոցներին: Ու հիմա բացատրենք, թե ինչպես է գոյանում այդ պարտքը: ՀՀ քաղաքացին, որ իրավունք ունի օգտվելու պետպատվերով բուժվելու իրավունքից, գնում է իր ցանկալի հիվանդանոց, բուժվում, վիրահատվում, հղիություն տանում, ծննդաբերում կամ քրոնիկ հիվանդության պատճառով ամեն ամիս բուժումներ է ստանում, հիվանդանոցը պարտավոր է քաղաքացուն սպասարկել:

Սպասարկում է՝ ակնկալելով, որ պետբյուջեից իր գումարները կստանա: Սակայն պետությունը չի վճարում ամբողջ գումարը՝ փող չկա պատճառաբանությամբ: Արդյունքում՝ հիվանդանոցները հսկայական պարտքեր են կուտակում եւ տարեցտարի դժվարանում են աշխատանքի շարունակականությունը ապահովել:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:

-Պարո՛ն նախարար, մեր կողմից տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ ամեն տարի առողջապահության ոլորտը բուժհաստատություններին պարտք է մնում: Ինչո՞ւ, ինչքան կարող է շարունակվել:

-Բյուջեն չի կարող պարտք մնալ. այն գիտի իր հնարավորությունները տարվա սկզբին: Մենք նոյեմբերին մշակում ենք մեր բյուջեն եւ բաշխում ենք հաստատությունների մեջ: Այստեղ խոսքը ավելի շատ գնում է բուժհաստատությունների ֆինանսական կարգապահության մասին, եթե մենք ունենք սահմանափակ բյուժե, պետք է ապրենք սահմանափակ պայմաններում եւ հնարավորություն գտնենք, զտենք:

Անապահով խավերի օգնությունը հասցնենք, իսկ մնացածին տրամադրենք վճարովի բուժօգնություն: Այստեղ մենք պարտքեր չենք ունենա: Իսկ մենք վիճակ ունենք, որ պետպատվերը տրամադրվում է ծանոթներին, իշխանավորներին, նրանց, ովքեր զոռով մտնում են նախարարություն, եւ այլընտրանք չի մնում, քան բավարարել այդ պահանջը, քանի որ հիվանդ մարդու աչքերին դժվար է նայել, այդ դեպքում բյուջեն չի հերիքում: Սահմանափակ բյուջեի պայմաններում պետք է խիստ հետեւել: Շատ բուժհաստատություններ բյուջեն տեսնում են որպես անսպառ միջոց, որտեղից կարել է քաշել անվերջ միջոցներ:

-Իսկ ինչպե՞ս է լինում, որ Սերժ Սարգսյանի խնամուն պատկանող հաստատությանը՝ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցին, երբեք նախարարությունը պարտք չի մնում: Սերժ Սարգսյանի գործոնո՞վ է պայմանավորված:

-Ոչ մի խտրականություն այստեղ չկա, այն տեղեկատվությունը, որ հասել է Ձեզ, թերի է: Նույն «Գրիգոր Լուսավորչի» առումով ասեմ, որ անցած տարի՝ 2016 թվականին, նրանք ներկայացրել էին մոտ 800 միլիոն դրամի գերակատարում, այսինքն՝ գերեզանցել էին բյուջեն եւ գերակատարման համար ստացել էին 300 միլիոն դրամ: Այսինքն՝ 500 միլիոն չէին ստացել:

-Իշխանավորների ծանոթ-բարեկամների դեմ ո՞նց եք պայքարելու, խիստ հետեւելու, որ անտեղի պետպատվերից չօգտվեն:

-Եթե քաղաքացին եկել է հիվանդանոց, որտեղ գիտի՝ բուժումը լավ է, եւ այնտեղ պետպատվերը ավարտվել է, նա ունի ուղի, առաջին՝ սպասել այն ժամանակահատվածին, երբ կվիրահատեն իրեն:

-Բայց մարդու վիճակը գնալով կարող է բարդանալ, սպասի՞, ե՞րբ կգա իր հերթը, որ մահանա՞:

-Մեռնել պետք չէ: Մեռնելու հարցով կա անհետաձգելի բուժօգնության պետական պատվերը, որը վճարվում է ըստ պահանջի: Այլ հարց է՝ երբ քաղաքացին ուզում է բուժվի այդ հիվանդանոցում, այդ ժամանակահատվածում, սահմանափակ բյուջեի պայմաններում դա հնարավոր չէ:

Քնար Մանուկյան




Լրահոս