ԿՐԿԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔ ՈՒ ԿՐԿԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից 100 մլն դոլար վարկ վերցնել` ժամանակակից սպառազինություն եւ զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով: Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց վարկային նախագիծը: Ըստ այդմ, 100 մլն դոլարը Հայաստանն օգտագործելու է 2018-2022 թվականների ընթացքում: Իսկ վարկը սկսելու է մարել 2023 թվականից, 15 տարվա ընթացքում, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:

Սա, իհարկե, Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերելու նպատակով առաջին վարկային համաձայնագիրը չէ: Հիշում եք՝ դեռ 2015թ. հունիսի 26-ին Հայաստանը ՌԴ-ի հետ ստորագրել էր 200 մլն դոլար արժողության վարկային համաձայնագիր: Միայն թե նախատեսված սպառազինությունները մինչեւ հիմա ամբողջությամբ ձեռք չեն բերվել, թեեւ նախատեսված էր գործընթացն ավարտին հասցնել դեռ 2016թ. ամռանը:
Ավելին՝ այդ 200 մլն դոլարի տրամադրման գործընթացն ուղեկցվեց զանազան խոչընդոտներով, չնայած երկու երկրներն էլ արագ վավերացրին փաստաթղթերը, սակայն ՌԴ-ն, մեղմ ասած, դանդաղում էր ե՛ւ գումարի տրամադրման, ե՛ւ զենքի մատակարարման հարցում:
2016թ. փետրվարին ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարել էր, թե Ռուսաստանից վարկերի ստացման հարցում խնդիրներ կան: Ավելի ուշ այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին խնդրել էր հանգիստ թողնել այդ թեման՝ այդպես անուղղակի խոստովանելով խոչընդոտների առկայությունը:
2016թ. սեպտեմբերին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն հրապարակեց իրենց հարցմանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանի պատասխանը, ըստ որի՝ 13.09.2016թ. դրությամբ 200 միլիոն դոլարից դեռ չէին օգտագործել: Ու քանի որ վերոնշյալ պայամանագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ վարկի օգտագործումը սկսվում է զենքը մատակարարելու օրվանից, պարզ էր՝ 2016թ. սեպտեմբերի դրությամբ դեռ Հայաստան չէին ուղարկվել անհրաժեշտ զինատեսակները (չնայած, մինչ այդ, իշխանությունները պնդում էին, թե զինատեսակներն ուր որ է՝ կգան Հայաստան):
Միայն այս տարվա սկզբին պարզ դարձավ, որ վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսված զինատեսակների մի մասը Հայաստանում է ու դրված է ծառայության: Այդ մասին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հունվարի 27-ի ասուլիսի ժամանակ հավելելով. «Մնացածն ընթանում է ըստ կնքված ժամանակացույցի, ու մենք հետամուտ ենք լինելու սպառազինությունն արագ ստանալու, որովհետեւ դա ուղղակիորեն կապված է մեր մարտունակության հետ»:
Այսօր, սակայն, պետք է արձանագրենք, որ գործընթացը դեռ ավարտված չէ: Այս տարվա հուլիսին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, թե այդ վարկից 30 մլն դոլարը դեռ չի ծախսվել, այսինքն՝ 30 միլիոնի զենքը ՌԴ-ն դեռ չի տվել: Ըստ նրա՝ այդ կապակցությամբ քննարկումներ են ընթանում ՌԴ-ի հետ: Իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ հայտարարել էր, թե նախատեսված զինտեխնիկայի մոտ 85 տոկոսն արդեն Հայաստանում է, թեեւ դրա կատարման վերջնաժամկետը դեռեւս 2016թ. ամռանն էր: Հոկտեմբերի 2-ի ասուլիսում Վիգեն Սարգսյանը, կրկին խոսելով այդ թեմայից, նշել էր. «Ընթացքը նորմալ է: Գտնվում ենք ակտիվ փուլում»:
Երեկ էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, թե զինատեսակների զգալի մասն արդեն ձեռք է բերվել: Ասել է, թե շուտով կավարտվի 2017 թվականը, սակայն սպառազինություններն այդպես էլ Հայաստան չեն բերվել:
Այսքանից հետո, թերեւս, դժվար չէ ենթադրել՝ ի՞նչ ճակատագրի կարժանանան նոր 100 մլն դոլարանոց վարկը եւ դրա շրջանակներում ձեռք բերվելիք սպառազինությունները: Դժվար է միայն ենթադրել, թե որքա՞ն ժամանակ կխլի այդ գործընթացը:
Հ.Գ.Ըստ մեր տեղեկությունների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին՝ մինչեւ 1998թ. պալատական հեղաշրջումը, Հայաստանը ՌԴ-ից համապատասխան սպառազինություններ ստացել է բոլորովին անհատույց, եւ միայն Քոչարյանի պաշտոնավարման տարիներից ռազմավարական գործընկեր երկիրը սկսեց զենքը վաճառել ՀՀ-ին, նաեւ Ադրբեջանին: Այդ տենդենցը պահպանվում է նաեւ այսօր: Սա՝ իմիջիայլոց:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ԿՊԱՏԺԻ՞
Այսօր պարզ կդառնա՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այդքան համարձակություն կունենա՞ պատժել Մեղրու թիվ 2 դպրոցի տնօրենին, ով դպրոցում ՀՀԿ սկզբնական կառույցի նիստ էր անցկացրել, անդամատոմսեր բաժանել: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հստակ հայտարարել էր, որ անկախ ամեն ինչից՝ դպրոցը չպետք է օգտագործվի կուսակցական նպատակներով: Արդեն տեւական ժամանակ է՝ ինչ Մկրտչյանի հանձնարարականից հետո Սյունիքի մարզպետարանի կրթության վարչությունն ուսումնասիրություններ է անում. թե այդքան երկար ինչ են ուսումնասիրում, պարզ չէ: Սակայն չպետք է սպասել, թե այսքանից հետո խիստ եւ համարժեք արձագանք կլինի. թերեւս Վահե Հակոբյանը կբավարարվի միայն թեթեւ նկատողություններով, եւ սա այն դեպքում, երբ ամեն կերպ փորձում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ավելի գործունյա լինել: Բայց առայժմ Լիսկայից տարբերվող ոչնչով աչքի չի ընկել՝ բացի աչքի տեսողությունը հրապարակավ ստուգել տալուց:

 

 

 

ԱՎՏԱՐԻՏԵՏԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀԿ-ական Մանվել Ջավադյանը, ով 8 տարի է, ինչ Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավարն է, պարզվում է՝ այդքան էլ քիչ միջոցներ չունի: Նա պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի` ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ եւ Mercedes-Benz S 500 մակնիշի ավտոմեքենա: 40-ամյա Ջավադյանի դրամական միջոցները կազմում են 14 մլն դրամ, 28 հազար դոլար եւ 21 հազար եվրո: Եւ այս եվրոների ու դոլարների ֆոնին նկատենք, որ Ջավադյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր ամսական խղճուկ աշխատավարձը` 140 ազար դրամի չափով: Նշենք, որ Ավան վարչական շրջանը համարվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդվայրը, այս պատճառով էլ նա «այլ» աչքով է նայում այդ թաղամասին: Իսկ ինչպես հայտնի է` Մանվել Ջավադյանը Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերն է: Ի դեպ, Ջավադյանը տարիներ առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն է Ավանի թաղային հեղինակությունը՝ ավտարիտետը:

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունը ընկել է դատարանի դռները՝ քաղաքացիներից գումարներ պահանջելով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականին պատգամավորին պատկանող ընկերությունը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ քաղաքացի Արմեն Սիմոնյանից գումար է պահանջում, իսկ ահա գումարի չափը կազմում է մոտ 1 միլիոն 730 հազար 500 դրամ: Նկատենք, որ պատգամավորին պատկանող ընկերությունը այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել դատարան, որ քաղաքացու գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը դատավոր Տիգրան Գրիգորյանը բավարարել է մասնակի:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաջորդ շաբաթվա ընթացքում Ժնեւում հանդիպում կունենան: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Նիստի ընթացքում հպանցիկ անդրադարձանք նաեւ գալիք շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Ժնեւում կայանալիք հանդիպմանը, որը նախաձեռնել են Մինսկի խմբի համանախագահները»,- նշեց Աշոտյանը: «Հավատարիմ լինելով բանակցային ձեւաչափին եւ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետության նախագահը կմասնակցի հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը՝ չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին»,- եզրափակեց Աշոտյանը:

 

 

 

ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵԼ Է
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը մանրամասնել է, թե ինչ է կատարվել հոկտեմբերի 11-ի ԵԺԿ խմբի նիստում, որն էլ հանգեցրել է Ֆիշերի հրաժարականին. վերջինս պայմանավորված է նրանով, որ խմբում նրա առաջարկը սատարում չի ստացել: «Երեկ առավոտյան քվեարկության էր դրվել մի շատ հետաքրքիր ձեւակերպմամբ հարցադրում: Մասնավորապես, որ քաղաքական մյուս խմբերը, քվեարկելով Ստելլա Կիրյակիդիսի օգտին, խախտել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գոյություն ունեցող այն պայմանավորվածությունը, որի համաձայն՝ խմբերը միմյանց թեկնածուների օգտին են քվեարկում: Ըստ էության, դրա շնորհիվ է ընտրված նախագահ դառնում այն թեկնածուն, ում առաջադրում է այս կամ այն խումբը»,-ասել է ԱԺ փոխնախագահը: ԵԺԿ խմբի մի խումբ լոբբիստական ուղղություններ` խմբի ղեկավար Աքսել Ֆիշերի գլխավորությամբ, համարել են, որ Ստելլա Կիրյակիդիսը ԵԺԿ խմբի թեկնածուն չէ: Շատ թեժ քննարկումներ եղավ, եւ որոշվեց, որ կանոններ չեն խախտվել»,-եզրափակել է Արփինե Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին 132 քվեով ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Ստելլա Կիրյակիդիսը:

 

 

 

ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն Է
Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ 2018-ի պետբյուջեի հարցը մեծ հետաքրքրություն ու ոգեւորություն է առաջացրել շատերի մոտ: Նրա խոսքով՝ 2018-ի բյուջեի նախագիծը բավականին իրատեսական է, սակայն ակնկալվում է եկամուտների շատ ագրեսիվ քաղաքականություն: «Մասնավորապես հարկային ոլորտի եկամուտների շրջանում: Եվ, ամենայն հավանականությամբ, կառավարությունը կշարունակի նույն տնտեսական քաղաքականությունը, որն իրականացվել է այս տարի»,-պարզաբանել է Մարգարյանը:

 

 

 

ՉԻ ԴԻՄԵԼ
Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ Ադրբեջանը չի դիմել ԵՏՄ անդամակցության համար, երբ դիմի, մեր դիրքորոշումը հստակ եւ պարզ է: Անդրադառնալով ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազեւի հայտարարությանը, թե Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցությունը կախված է Հայաստանի ցանկությունից, որը կարող է վետո դնել այդ գործընթացի վրա, Շավարշ Քոչարյանն ասել է. «Նա հայտարարել է, որ ցանկացած պետության ԵՏՄ անդամ դառնալը պայմանավորված է բոլոր անդամ երկրների համաձայնությամբ: Ադրբեջանը չի դիմել ԵՏՄ անդամակցության համար, երբ դիմի, մեր դիրքորոշումը հստակ եւ պարզ է: Նույնիսկ դիտորդ դառնալու համար կա դրույթ, որ չի կարող դառնալ այն պետությունը, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որեւէ անդամ պետության եւ ամբողջ կառույցին: Այսինքն՝ խոսք չկա անգամ դիտորդ դառնալու մասին, ուր մնաց անդամակցության»:

 

 

 

ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ
Ըստ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ կառավարությունն առաջարկում է մրցակցության նոր կանոններ սահմանել առեւտրի կենտրոնների համար: Նա նշել է, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ներկայացրել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ շուկայում գերիշխող դիրք գրավող կարող է համարվել սուբյեկտը, որին բաժին է հասնում շուկայի մասնաբաժնի առնվազն 5 տոկոսը: Այլ կերպ ասած՝ եթե որեւէ ընկերություն զբաղեցնում է շուկայի 46 տոկոսը, իսկ երկրորդը՝ միայն 4 տոկոսը, ապա սուբյեկտը գերիշխող դիրք գրավող չի կարող համարվել»:

 




Լրահոս