ՊՆ-ն «քաղում է» այս իշխանությունների վարած քաղաքականության պտուղները. մտահոգիչ նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեցտարի պակասող ՀՀ բնակչության թվի այսպիսի պայմաններում զինվորների պակասը լրացնելու համար ՀՀ ՊՆ ղեկավարությունը տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, որով խիստ սահմանափակվում է տարկետման իրավունքը, նաեւ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում շարքային կազմի համար՝ 2 տարի, իսկ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայողների համար՝ 3 տարի:

Այսինքն՝ շարքային զինծառայություն անցնողների համար ոչինչ չի փոխվելու: Իսկ նրանք, ովքեր կցանկանան օգտվել տարկետման իրավունքից, պետք է ծառայեն 3 տարի: Նախագծով հստակեցվել են շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերից տարկետման հիմքերը, ուսումը շարունակելու կապակցությամբ տարկետման իրավունքը փոխարինվել է նպատակային ուսումնառության համար տարկետումով, որի համաձայն՝ բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող են ստանալ միայն ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած («Պատիվ ունեմ» ծրագիր) կամ հանրակրթական եւ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող քաղաքացիները:

Նախագծի այս հատվածը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել հենց իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորների մոտ: Ինչո՞ւ: Այստեղ այլ խնդիր կա. ՊՆ ներկայացրած օրինագիծը կարող է բացասաբար անդրադառնալ առաջին հերթին երկրի ժողովրդագրական վիճակի վրա՝ խթանելով առանց այն էլ բարձր տեմպերով շարունակվող արտագաղթը:

Ի վերջո, գաղտնիք չէ, որ այսօր երկիրը շատերը լքում են ոչ միայն սոցիալ-տնտեսական պայմաններից դրդված, այլ նաեւ տղա երեխաներին զինծառայության չուղարկելու համար: Ու քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը, քանի դեռ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԼՂՀ-ի սահմաններին հրադադարի ռեժիմի խախտումները պարբերական բնույթ են կրում, մեծ կլինի նաեւ զինծառայությունից խուսափողների թիվը: Սա հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ բացահայտվեց ԶՈՒ անմխիթար վիճակը /հանուն արդարության նկատենք, որ պատերազմից հետո արդեն իրավիճակը փոխվել է, եւ սահմանային զորամասերը հագեցել են նոր սպառազինություններով, համապատասխան սարքավորումներով/:

Այս փաստը ԱԺ հանձնաժողովի նիստում երեկ բարձրաձայնել է անգամ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Ֆելիքս Ցոլակյանը, որ տասնյակ տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ԱԱԾ-ում՝ 2007-2013թթ. լինելով ԱԱԾ պետի տեղակալը: «Վախ կա, որ օրենքը կարող է մի քիչ արտագաղթին նպաստի, ինչո՞ւ, որովհետեւ այսօր արդեն տենդենց կա, որ տղա երեխա ունեցողները երեխաներին սկսելու են արդեն դուրս հանել։

Ես խնդրում եմ՝ ուղղակի դա հարկավոր է հաշվի առնել, պարտադիր ուսումնասիրել այս դաշտը, տեսնել՝ ինչ է կատարվում այս դաշտում, որովհետեւ պրոբլեմ իսկապես կա։ Ես լսում եմ մարդկանցից, ասում են՝ քաղաքացիության հարց ենք լուծում, էս ենք անում, էն ենք անում, այսինքն՝ պրոբլեմը մենք չտեսնել չենք կարող։ Հարկավոր է՝ այս պրոբլեմը խորն ուսումնասիրենք, որ ստեղ սխալ թույլ չտանք»,- ասաց Ցոլակյանը՝ նշելով, որ քիչ չեն դեպքերը, երբ տղա երեխաների համար 14 տարեկան հասակում ՌԴ քաղաքացիություն ստանալու հարց են լուծում:

Թեեւ նախարար Վիգեն Սարգսյանը փորձում էր համոզել, թե օրինագծի ընդունումով նման վտանգ չի առաջանա, քանի որ տարկետման իրավունքից օգտվում է բնակչության քիչ մասը, միեւնույն է, նախարարի արդարացումները համոզիչ չէին: Համոզիչ չէին թեկուզ եւ այն առումով, որ այսօր պաշտոնական վիճակագրությամբ երեւում են արտագաղթի տեմպերը, հատկապես՝ աշակերտների թվի նվազումը:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2007/2008 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորել է 431.2 հազար աշակերտ, արդեն 2008/2009 ուսումնական տարում այդ թիվը կազմել է 414.8 հազար, 2009/10 ուս.տարում այդ թիվը հասել է 329.9 հազարի, 2010/11 ուս.տարում՝ 370.9 հազարի, եւ թիվն այսպես հետեւողականորեն նվազել է. արդեն 2016/2017 ուս.տարվա ավարտին աշակերտների թիվը կազմել է 364.8 հազար: Այլ կերպ ասած՝ միայն աշակերտների թիվն այս տասը տարիների ընթացքում պակասել է 66.4 հազարով:

Բացի այդ՝ եթե 2007թ. Հայաստանում 15-19 տարեկան բնակիչների թիվը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 320 հազար, ապա 2016թ. այն պակասել է գրեթե կիսով չափ՝ կազմելով 179.7 հազար: Ընդ որում, եթե 2007թ. Հայաստանում 15-19 տարեկան տղա բնակիչների թիվը կազմել է ընդհանուր բնակչության 10.1 տոկոսը, ապա արդեն 2016թ. այդ տարիքի տղաները կազմել են ընդհանուր բնակչության 6.6 տոկոսը:

Չնայած, մյուս կողմից՝ ՊՆ այս նախաձեռնության պատճառներն էլ կարելի է հասկանալ. ՊՆ-ն, ըստ էության, «քաղում է» նույն այս իշխանությունների վարած քաղաքականության պտուղները. բնակչության թիվն այնքան է նվազել, որ տարեցտարի խնդիր է դառնում զինված ուժերը բավարար չափով համալրելու հարցը: Ու հիմա փորձ է արվում ամեն գնով լուծել բանակը համալրելու, ըստ այդմ, նաեւ սահմանը պահելու հարցը: Ի վերջո, անկախ նրանից, թե իշխանություններն ի՞նչ քանակի, ի՞նչ արժողության, ի՞նչ հզորության զինատեսակներ ձեռք կբերեն, եթե չկա այդ զենքը գործադրողը, ապա այդ ամենը կմնա որպես մետաղաջարդոն, եւ ոչ ավելին:

Հ.Գ. Ի դեպ, մինչ այդ նկատենք որ երեկ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության» մասին կարեւորագույն օրինագծի քննարկմանը ընդդիմադիր պատգամավորներից որեւէ մեկը որեւէ հարց չհնչեցրեց, էլ ուր մնաց՝ տեսակետ հայտներ: «Ելք»-ի անդամներն ընդհանրապես ներկա չէին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն էլ դահլիճում գլխաքանակ ապահովելու համար էին նստած եւ լուռ լսողի դրում էին:

ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը փորձեց հարց տալ, բայց արդյունքում հայտնվեց անհարմար վիճակում. օրենքից փորձել էր մեջբերում անել, բայց այդ ասածը ընդհանրապես չկար նախագծում: Ու միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Ֆելիքս Ցոլակյանը նախագծի վերաբերյալ հարց տվեց, իր մտահոգությունները հայտնեց: Մի փոքր ակտիվություն ցուցաբերեց նաեւ ՀՀԿ խմբակցությունից Ալիկ Սարգսյանը: Կարճ ասած, ԱԺ գոնե մշտական հանձնաժողովում երեւաց այս խորհրդարանի իրական պատկերը: Մեկ փաստ էլ. քանի որ օրենքի նախագծում կատարվելիք ամեն փոփոխությանը կողմ քվեարկելու համար ներկա իշխանական 3 պատգամավորները պետք է ձեռք բարձրացնեին, իսկ դեմ ու ձեռնպահ էլ չկար, Ֆելիքս Ցոլակյանն ընդվզեց, թե՝ «ձեռքս ցավաց», եւ նա առաջարկեց, որ եթե ձայն չեն հանում, ուրեմն կողմ են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս