Ժնևյան հանդիպումը դրական նշան էր. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը և նրանց՝ Մինսկի խմբի հետ կառուցողական աշխատանքի հանձնառությունը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, դրական նշան էր: Որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները մնում է հավատարիմ Մինսկի խմբի գործընթացին և շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարը և ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները՝ քայլեր ձեռնարկելով ամբողջությամբ ի կատար ածելու նախկին՝ այդ թվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները», – ասել է ամերիկացի դիվանագետը:

«Ուժի չկիրառման, տարածքների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների և տեղահանված անձանց խնդիրները համապարփակ լուծման կարևորագույն բաղադրիչներն են», – հայտարարել է Էնդրյու Շեֆերը, ընդգծելով, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի մասով մնում է հստակ, այն է՝ այս հակամարտության միակ լուծումը բանակցային լուծումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա՝ հետևելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքներին:

Հիշեցնենք, Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ու հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար:




Լրահոս