«ՍԻՍ-13» առևտրի կետը և «Լայկ-Քեյկ» հրուշակեղենի արտադրամասը չեն գործի. ինչ խախտումներ են հայտնաբերվել

«ՍԻՍ-13» առևտրի կետը և «Լայկ-Քեյկ» հրուշակեղենի արտադրամասը չեն գործի. ինչ խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Վանաձորում գործող «ՍԻՍ-13» առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի գործունեությունը: Պետական վերահսկողության ընթացքում պարզել են, որ հանրային սննդի օբյեկտի խոհանոցը գտնվել է սանիտարահիգիենիկ վատ պայմաններում:

«Լայկ-Քեյկ» ՍՊԸ-ի հրուշակեղենի արտադրամասում ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները. արտադրամասը չի պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, աշխատակիցները չեն կրել համապատասխան մաքուր, պաշտպանիչ հագուստ: Բացի այդ՝ խախտվել է նաև արտադրության տեխնոլոգիական գործընթացի իրականացման կարգը. հումքը և պատրաստի արտադրանքը չեն համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերին:

Նշված տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

Մեկ այլ որոշմամբ՝ չեղարկվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Գևորգյանի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին որոշումը: Անհատ ձեռնարկատերը վերացրել է հացի արտադրամասում հայտնաբերված սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները, հետևաբար կարող է շարունակել աշխատանքը: