«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵՑ ԱՌԱՋԱԴՐԵԼ ԻՄ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ: 

-Պարո՛ն Հայրապետյան, տեւական ժամանակ խոսվում էր, որ մտադիր չեք առաջադրվել Կապան համայնքի ղեկավարի պաշտոնում, բայց հետո մտքափոխվեցիք. ինչ-որ կաշկանդող բա՞ն ունեիք, ի՞նչ էր տեղի ունենում: 

-Նշեմ, որ ես երբեւէ չեմ հայտարարել, թե ցանկություն չունեմ առաջադրվելու կամ չեմ առաջադրվի: Միշտ էլ ասել եմ, որ քաղաքական կուսակցության անդամ եմ, եւ որոշումը կկայացնի այդ կառույցը, եւ ՀՀԿ-ն հայտնեց իր դիրքորոշումը:

-Հիմա ՀՀԿ-ն միայն Ձեզ է առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու, եւ ստացվում է, որ միայնակ եք պայքարելու ինքներդ Ձեզ հետ. դժվար չի՞ լինի պայքարը: 

-Բնական եւ նորմալ է, որ կուսակցությունը մեկ թեկնածու է առաջադրել, իսկ թե ինչու այլ կուսակցություններ թեկնածու չունեցան, կարծում եմ՝ դա ՀՀԿ-ին չէ, որ պիտի մտահոգեր: Բայց հիշեցնեմ նաեւ, որ ես միայնակ չեմ այս ընտրապայքարում, այլ թեկնածու եւս կա, որը նույնպես ՀՀԿ անդամ է, բայց կուսակցության կողմից չի առաջադրվել:

-Ի՞նչ եք կարծում՝ կայի՞ն այլ արժանավորներ եւս, ովքեր կարող էին առաջադրվել, չէ՞ որ Կապանում այլ անուններ էլ էին շրջանառվում:

-Իհարկե, կային արժանավորներ, շատ նորմալ եւ սպասելի էր, որ անուններ էին շրջանառվում, իսկ կուսակցության ներսում քննարկումներ էին ընթանում, դա հենց խոսում է կուսակցության մեջ առկա առողջ քաղաքական մթնոլորտի մասին:

-ՀՀ-ում վարչատարածքային կառավարման կառուցվածքային փոփոխությունների, համայնքների խոշորացման արդյունքում մեծանալու է համայնքի ղեկավարների դերակատարությունը. պատրա՞ստ եք ավելի մեծ բեռի տակ մտնել: 

-Նախ անցած ՏԻՄ ընտրությունից շատ ժամանակ չի անցել. մեկ տարի առաջ էր այն, եւ հենց այդ ընտրություններին մասնակցելով՝ արտահայտվեց պատրաստ լինելը, իսկ այդ ժամանակ արդեն սպասելի էր, որ կարճ ժամանակ հետո խոշորացում կլինի: Բնական է՝ պատկերացնում եմ ե՛ւ եղած հոգսերը, ե՛ւ այն, որ խոշորացումից հետո դրանք ավելին են լինելու. դրանց լուծման մեջ ակնկալում եմ նաեւ ՀՀ կառավարության աջակցությունը, որովհետեւ այս փոփոխությունները պետական քաղաքականության հետեւանք են, եւ որը պետք է նպաստի համայնքների դերակատարության մեծացմանը:

-Նշեցիք կառավարության մասին, իսկ Ձեր հետագա աշխատանքում ակնկալո՞ւմ եք  արդյոք Սյունիքի մարզպետի եւ տարածաշրջանում գործող խոշոր տնտեսվարող ընկերությունների աջակցությունը խոշորացված համայնքում գոյություն ունեցող խնդիրների լուծման գործում: 

-Իհարկե, կա այդ ակնկալիքը, եւ այլ կերպ խոշորացվող համայնքի կայացումը հնարավոր էլ չէ պատկերացնել, ի վերջո, ինչպես նշեցի՝ խոշորացումը ՀՀ կառավարության որդեգրած ուղու արդյունքն է, իսկ կառավարության քաղաքականության տարածողն ու կրողը մարզպետարանն է, հետեւաբար առանց նրա եւ խոշոր տնտեսվարողների աջակցության այդ գործընթացի հաջողությունը դժվար է պատկերացնել:

-Ի՞նչ կիսատ գործեր ունեք համայնքում, որ Ձեզ ստիպեցին կրկին առաջադրվել: 

-Անցած տարի կայացած ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանում շատ ենք խոսել կիսատ մնացածի, անելիքների մասին, ինչպես նաեւ համայնքի խնդիրների, իսկ նման խնդիրներ ու դեռ ավելին կան գյուղական բնակավայրերում: Եվ այնպես չէ, որ գյուղերը քաղաքին միացնելով՝ ընդամենը մեծանում է համայնքի տարածքը, ավելանում բնակչության թիվը. մեծանում են նաեւ համայնքապետարանի հոգսերն ու պատասխանատվության շրջանակը: Բնականաբար, եթե մեկ տարի առաջ ընտրություններին մասնակցել եմ նպատակներով, անելիքներով եւ ծրագրերով, դրանք երկարաժամկետ են եւ չէին կարող մեկ տարում իրականանալ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՁԵՎԱԿԱՆ Է ԵՂԵԼ

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նոյեմբերի 5-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուն մեկն է` գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Ի դեպ, Չարենցավանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են ոչ միայն չարենցավանցիները, այլեւ հինգ` Ալափարս, Արզական, Ֆանտան, Կարենիս, Բջնի գյուղերի բնակիչները: 

Նշենք, որ Շահգալդյանի հետ առաջադրվել էր եւս մեկ թեկնածու` անկուսակցական Արտավազդ Ալեքսանյանը, ով հետ է վերցրել թղթերը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ալեքսանյանը առաջին անգամը չէ, որ «պայքարում է» Շահգալդյանի դեմ: Նա 2014 թվականին եւս առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն կեսից կրկին ինքնաբացարկ է հայտարարել: Դեռ 2014 թվականին Ալեքսանյանը աշխատել է Շահգալդյանին պատկանող գազալցակայանում որպես հերթափոխի պետ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հակոբ Շահգալդյանի հետ:

 -Պարո՛ն Շահգալդյան, ո՞վ է Ձեզ համար Արտավազդ Ալեքսանյանը, ով իր թեկնածությունը առաջադրել է երկու անգամ, բայց չի պայքարել մինչեւ վերջ…   

-Չարենցավանցի երիտասարդ է…

-Բայց 2014 թվականին նա կրկին առաջադրվել էր Ձեր դեմ ու անմիջապես հետ էր վերցրել թղթերը…

-Ինքը համոզվեց, որ չի կարող պայքարել, դրա համար էլ հետ է վերցրել թղթերը:

-Բայց ժամանակին աշխատել է Ձեզ պատկանող գազալցակայանում…

-Ճանաչում եմ իրեն, բայց անձնական շփում չկա: Այդ գազալցակայանը արդեն չկա: Այն ժամանակ, որ աշխատել է ինքը այդտեղ, տնօրենը ես չեմ եղել:

-Ըստ չարենցավանցիների` նրա թեկնածությունը ձեւական է եղել: Նախապես պայմանավորվածություն է եղել Ձեր մեջ…

-Ի՞նչ պետք է պայմանավորվենք: Իրեն հարցրեք: Ինքը չպայքարեց մինչեւ վերջ: Ես կարիք չեմ ունեցել իր հետ պայմանավորվածություն ձեռք բերելու:

-Պարո՛ն Շահգալդյան, կներեք, գուցե կոպիտ հնչի, բայց չարենցավանցիները չե՞ն հոգնել Ձեզանից: 

-Դա չարենցավանցիները կասեն…

-Իսկ Դուք չե՞ք հոգնել քաղաքապետի աշխատանքից:

-Ես ընդամենը 43 տարեկան եմ, եթե լինեի 60 կամ ավելի տարեկան, կարող էիք ասել` ժամանակն է Ձեր տեղը զիջեք երիտասարդներին: Ես չեմ ասում, որ անփոխարինելի եմ:

-Պարոն Շահգալդյան, կան խոշորացված համայնքներ, որտեղ առաջադրվել  են նաեւ խոշորացվող գյուղերի նախկին ղեկավարները: Ձեր դեպքում միակ թեկնածուն եք: Ի՞նչ է` ներքին հրահա՞նգ է իջեցվել, որ չառաջադրվեն:  

-Որեւէ հրահանգ չի եղել, բոլորն էլ իրենց գործողություններում ազատ են: Բոլորն էլ կայացած, նորմալ մարդիկ են: Եթե ես լինեի ավելի փոքր համայնքի ղեկավար, ապա ես ինքս չէի առաջադրվի: Քանի որ չարենցավանցիները կնախընտրեն չարենցավանցուն ձայն տալ:

 -Այսինքն` Դուք Ձեզ լուրջ մրցակից եք համարում եւ անիմաստ եք գտնում Ձեր դեմ պայքարելը…

-Ինձ լուրջ մրցակից չեմ համարում: Այդ գյուղապետերը, որոնք չեն առաջադրվել, հաշվարկել են: Չէ որ խորհրդարանական ընտրություններին Չարենցավանում մասնակցել է 12 հազար 600 մարդ, իսկ այդ գյուղերում իրար հետ վերցրած` 5000 մարդ: Ինչ եք կարծում չարենցավանցին իր ձայնը կտա ինձ, թե այդ գյուղերից առաջադրվածներին: Թե չէ` այլ խնդիր չկա:

 -Պարո՛ն Շահգալդյան, պաշտոնական հայտարարագիր եք ներկայացրել . ունեք երկու տասնյակ հողամաս, բնակարաններ, ավտոտնակներ, երկու ընկերությունում 200 հազար դրամի բաժնեմաս, մեկում` 22 մլն 380 հազար դրամի  բաժնետոմս… այսքանը քաղաքապետ աշխատելու տարիներին եք հաջողացրել կուտակել՝ աշխատավարձո՞վ: 

-Ոչ, մինչեւ քաղաքապետ նշանակվելը ես դրանք ունեցել եմ: Այդ հողամասերի մեծ մասը գտնվում է Ալափարս գյուղում, դրանք անջրդի են:  Այս տարիների ընթացքում իմ ունեցած հողակտորները տվել եմ մարդկանց, անհատույց մշակում են, ես ոչ մի անգամ դրանք չեմ մշակել: Նաեւ` «Արմավտո» ԲԲԸ-ում ունեմ 21 տոկոս բաժնեմաս, որտեղ ես աշխատել եմ երկար տարիներ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

Հոկտեմբերի 13-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Նաիրի Մելքումյանը ներկայացրեց 2017 թվականի ընթացքում աուդիտի ենթարկված դպրոցներում ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ այդմ, մարզում դպրոցներ կան, որոնց տնօրենները տարիներ շարունակ տեղյակ չեն, որ հարկային պարտավորությունները ամբողջությամբ չկատարելու պատճառով դպրոցներն ունեն դեբիտորական պարտքեր, որոնց տոկոսների գումարներ են ավելանում: Դպրոցների ունեցած պարտքերը հայտնաբերվում են ստուգումների արդյունքում: Մարզի դպրոցների մի մասում դեռեւս ներդրված չէ աշխատավարձի վճարման քարտային եղանակը: Չնայած ուսուցիչների աշխատավարձը բարձր չէ, սակայն աշխատավարձի կանխիկ վճարումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Տավուշի հանրակրթական որոշ դպրոցներում դեռեւս պահպանվում են դրամարկղային գրքերը:Մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետն ասաց, որ դպրոցներում խախտվում է «Գնումների մասին օրենքը», տնօրենները շուկայում առկա գների ուսումնասիրություն չկատարելով՝ իրենք են որոշում, թե որ խանութից կամ սուբյեկտից գնումներ կատարեն: Դպրոցներում գնումների գծով մասնագետները չունեն համապատասխան լիցենզիա: Հանրակրթական դպրոցներում խախտվում է ծախսերի նախահաշիվը, ծախսեր են արվում, որոնք ներառված չեն նախահաշվում, կամ նախահաշվի տարբեր հոդվածներում գումարների տեղափոխություն է արվում: Լինում է այնպես, որ նախատեսված է 950 հազար դրամի գնումներ կատարել, սակայն ծախսերի գումարն անցնում է 1 միլիոն դրամի սահմանը, ինչի հետեւանքով խախտվում են գնումների մասին օրենքի պահանջները: Ն. Մելքումյանն ասաց, որ դպրոցներում բյուջետային կամ արտաբյուջետային միջոցներով շինարարություն կատարելու դեպքում պետք է այդ մասին  տեղյակ պահեն մարզպետարանում, կան տնօրեններ, ովքեր իրենց հայեցողությամբ են շինարարություն կատարում: Տավուշի շատ դպրոցներում գույքագրումն արվում է ձեւականորեն, թղթի վրա, տնօրենը գույքագրման ժամանակ չի շրջում դպրոցի տարածքով, որպեսզի տեսնի, թե կրթօջախում իրականում ինչ գույք կա: Պարզվում է՝ Տավուշում հանրակրթական դպրոցներ կան, որոնք գործում են առանց լիցենզիայի: Ն. Մելքումյանի խոսքերով՝  եթե տնօրենին հարցնես, նա  կասի՝ ինձնից առաջ 4  տնօրեն է աշխատել, որոնք աշխատել են առանց լիցենզիայի: Մարզպետ Հովիկ Աբովյանը դպրոցների տնօրեններին հանձնարարեց շտկել նշված խախտումները եւ թերությունները: Մարզպետն ասաց՝ հայտնի են դեպքեր, երբ դպրոցի տնօրենը Իջեւան գալով՝ քարտով ստանում է ուսուցիչների աշխատավարձը եւ հետո բաժանում աշխատողներին: Նա ասաց, որ մինչեւ 2018թ. սկիզբը դպրոցներում դրամական միջոցների կանխիկ շրջանառությունը պետք է վերացվի, մարզպետարանի հանձնաժողովը այդ կապակցությամբ ստուգումներ կկատարի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս